Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.

«Վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ նաև միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է»․ Արման Բաբաջանյան

65
Երեկ, 23:24
«Վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ նաև միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է»․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն առաջիկայում սահմանված կարգով դիմելու է Սահմանադրական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արման բաբաջանյանը։

«Մենք վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է։
Ընտրությունը հանրային իշխանության ձևավորման սահմանադրական գործընթաց է, որի իրական արժեքը պայմանավորված է ընտրողի կամքի ազատությամբ, քաղաքական ուժերի հավասար մրցակցությամբ, գործընթացի օրինականությամբ և դրա նկատմամբ հանրային վստահությամբ։
Երբ ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումները և օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։
Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի, ժողովրդավարության, քաղաքական մրցակցության և հանրային իշխանության ձևավորման սահմանադրական հիմքերի պաշտպանությունն է։
Հայաստանի քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր ձայնը ձևավորվում է ազատ միջավայրում, քաղաքական ուժերը մրցակցում են օրենքի, ոչ թե ուժի, փողի, վարչական առավելության կամ օտար ազդեցությունների անհավասար պայմաններում։
Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանում ընտրությունները չլինեն թվերի ձևական արձանագրում, այլ լինեն ազատ կամքի, հավասար մրցակցության և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմության իրական երաշխիք։
Հանուն Հանրապետության
16 հունիսի, 2026թ. »,- նշված է գրառման մեջ։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան