Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.

«ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը»․ Արսեն Թավադյան

87
Այսօր, 01:06
«ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը»․ Արսեն Թավադյան

ԵՊՀ իրավաբանական գիտությունների դոցենտ Արսեն Թավադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ գրել էի, որ ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում։
Այսօր ուզում եմ անդրադառնալ այն փաստարկին, որով ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը՝ հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովին։ Խոսքը մասնավորապես 2005թ.-ի CDL-AD(2025)003 հրատապ զեկույցի մասին է։
Նախ նշեմ, որ չկա Վենետիկի հանձնաժողովի, ՄԻԵԴ-ի կամ այլ մարմնի որևէ որոշում, որ տակտիկանան քվեարկությունն ինքնին անթույլատրելի է։
Հղում տալով Վենետիկի հանձնաժողովի մեկ պարբերությանը՝ ԿԸՀ-ն ուզում է ասել՝ եթե մի քանի տեղամասում նշանակվի վերաքվեարկություն, այդ տեղամասերի ընտրողները արդեն կիմանան ընդհանուր արդյունքը և կարող են քվեարկել տակտիկական հաշվարկով։ Հետևաբար՝ վերաքվեարկությունը պատշաճ միջոց չէ։
Առաջին հայացքից սա կարող է հնչել որպես իրավական պնդում։ Իրականում սա իրավական մանիպուլյացիա է։
Վենետիկի հանձնաժողովը 2025 թվականի հրատապ զեկույցում իսկապես նշել է, որ եթե խախտումները վերաբերում են միայն առանձին տեղամասերի, ապա, որպես կանոն, պետք է չեղարկվեն հենց այդ տեղամասերի արդյունքները և այնտեղ անցկացվի նոր քվեարկություն։ Միաժամանակ հանձնաժողովը նշել է, որ այդ մոտեցումը կարող է կիրառելի չլինել, եթե մասնակի վերաքվեարկությունը չի երաշխավորի արդար արդյունք՝ տակտիկական քվեարկության հնարավորության պատճառով։
Բայց այստեղ ամենակարևորն այն է, ինչ ԿԸՀ-ն չի ասում։
Վենետիկի հանձնաժողովը չի ասել, որ եթե մասնակի վերաքվեարկությունը խնդրահարույց է, ապա խախտումը մնում է անհետևանք։ Հակառակը՝ ամբողջ զեկույցի տրամաբանությունն այն է, որ եթե խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա պետք է լինի արդյունավետ իրավական հետևանք։
Այլ կերպ ասած՝ տակտիկական քվեարկության փաստարկը կարող է լինել փաստարկ մասնակի վերաքվեարկության դեմ, բայց այն չի կարող լինել փաստարկ ընդհանրապես որևէ հետևանք չկիրառելու օգտին։
Սա սկզբունքային տարբերություն է։
Եթե ԿԸՀ-ն ասում է՝ «մասնակի վերաքվեարկությունը պատշաճ միջոց չէ», ապա հաջորդ իրավական հարցը պետք է լինի՝ «իսկ ո՞րն է պատշաճ միջոցը»։ Ոչ թե՝ «ուրեմն ոչինչ չենք անում»։
Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ին տվել է երկու ճանապարհ՝ առանձին տեղամասում վերաքվեարկություն կամ Ազգային ժողովի նոր ընտրություններ։ Եթե ԿԸՀ-ի իսկ պնդմամբ առաջին ճանապարհը կիրառելի չէ, ապա մնում է երկրորդը։ ԿԸՀ-ն իրավունք չունի ստեղծելու երրորդ ճանապարհ՝ խախտումը տեսնել, դրա ազդեցությունը անտեսել և ընտրությունների արդյունքները վերջնականացնել։
Իրավունքի մեջ սա անընդունելի է։
Իրավական միջոցի անարդյունավետությունը չի վերացնում խախտումը։ Այն ընդամենը նշանակում է, որ պետք է ընտրվի այլ՝ ավելի լայն և արդյունավետ միջոց։
Հակառակ դեպքում ստացվում է աբսուրդային իրավիճակ․ որքան ավելի լուրջ է խախտումը և որքան ավելի բարդ է դրա վերականգնումը, այնքան ավելի հեշտ է իշխանության համար խուսափել հետևանքից։ Այսինքն՝ խախտման ծանրությունը դառնում է ոչ թե պատասխանատվության հիմք, այլ անպատժելիության երաշխիք։
Հենց սա է ԿԸՀ-ի մոտեցման ամենավտանգավոր կողմը։
Վենետիկի հանձնաժողովի զեկույցը չի պաշտպանում ԿԸՀ-ի դիրքորոշումը։ ԿԸՀ-ն պարզապես վերցրել է զեկույցի մի հատվածը և կտրել այն ընդհանուր իրավական տրամաբանությունից։
Վենետիկի հանձնաժողովի ասածը հետևյալն է․ ընտրությունների չեղարկումը պետք է լինի բացառիկ միջոց, բայց եթե խախտումները կարող էին ազդել արդյունքի վրա, իրավական համակարգը պետք է ունենա արդյունավետ արձագանք։ Իսկ եթե նեղ միջոցը՝ մասնակի վերաքվեարկությունը, չի ապահովում արդար արդյունք, ապա դա ոչ թե բացառում է հետևանքը, այլ պահանջում է քննարկել ավելի լայն հետևանք։
ԿԸՀ-ն արել է ճիշտ հակառակը։ Այն ասում է՝ մասնակի վերաքվեարկությունը խնդրահարույց է, իսկ նոր ընտրություններ չենք նշանակում։ Այսինքն՝ խախտում կա, ազդեցության հնարավորություն կա, բայց հետևանք չկա։
Սա արդեն իրավական գնահատականի հարց չէ միայն։ Սա պետական ինստիտուտների կենսունակության հարց է։
Եթե ընտրական մարմինը կարող է խախտում արձանագրել կամ առնվազն դրա ազդեցության ակնհայտ հնարավորություն ունենալ, բայց ասել՝ «վերաքվեարկությունը մեզ հարմար չէ, իսկ նոր ընտրություն չենք ուզում», ապա ընտրական իրավունքի պաշտպանությունը վերածվում է դատարկ ձևականության։
Այդ դեպքում ընտրողին փաստացի ասվում է՝ քո ձայնը կարևոր է այնքան ժամանակ, քանի դեռ դրա պաշտպանությունը քաղաքականապես հարմար է։
Սա ժողովրդավարության տրամաբանությունը չէ։ Սա իշխանության պահպանման տեխնոլոգիա է։
Սահմանադրական դատարանի առջև այժմ դրված է շատ պարզ հարց․ արդյո՞ք Հայաստանում ընտրական իրավունքի խախտումն ունի իրավական հետևանք, թե՞ այն կարող է պարզապես մարսվել վարչական մեկնաբանությամբ։
Եթե Սահմանադրական դատարանը ընդունի ԿԸՀ-ի այս մոտեցումը, ապա այն ոչ միայն կլեգիտիմացնի կոնկրետ ընտրության արդյունքը։ Այն կստեղծի կանոն ապագայի համար․ ընտրական խախտումը կարող է մնալ անհետևանք, եթե դրա վերականգնումը քաղաքականապես անհարմար է։
Իսկ սա արդեն ոչ թե ընտրական վեճ է, այլ սահմանադրական կարգի խնդիր։
Հ.Գ. Ի դեպ, ԿԸՀ-ի վկայակոչած Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ զեկույցը կազմվել է Ռումինիայի 2024 թվականի նախագահական ընտրությունների համատեքստում, որոնց առաջին փուլի արդյունքները Ռումինիայի Սահմանադրական դատարանը ճանաչել էր անվավեր։ Այսինքն՝ այն փաստաթուղթը, որով ԿԸՀ-ն փորձում է արդարացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելը, իրականում վերաբերում է մի դեպքի, որտեղ սահմանադրական դատարանը գնացել է ընտրության անվավեր ճանաչման ճանապարհով։ Ուստի շարունակում եմ պնդել՝ այս հղումով ԿԸՀ-ն պարզապես կրակել է իր ոտքին։

Աղբյուրը`   Արսեն Թավադյան