«Միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է»․ ԱԺԲ
118
Երեկ, 21:24
Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հունիսի 7-ի ընտրական ֆարսի և ինքնահռչակ վարչապետի ապօրինի վերարտադրության մասին Սիրելի հայրենակիցներ, Սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանշանակորեն և կտրականապես չի ընդունում և ճանաչում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շինծու արդյունքները։ Այսպես կոչված «ընտրությունները» անցել են տոտալ ընտրակեղծիքների, համատարած զեղծարարությունների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ ուղղակի ճնշումների, սպառնալիքների և բռնությունների մթնոլորտում։ Արձանագրված բազմաթիվ ու բացահայտ խախտումները, ընտրատեղամասերում իրականացված ապօրինությունները զրկել են Հայաստանի քաղաքացուն ազատ կամարտահայտման հնարավորությունից։ Հայ ժողովուրդը գործող վարչախմբին երկիրը կառավարելու մանդատ չի տվել։ Ուստի, Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։ Ինչ վերաբերում է Բևեռի կողմից արդյունքների բողոքարկմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ գործընթացը համարում ենք անիմաստ, քանի որ չենք ճանաչում այս խայտառակ ընտրության արդյունքները։ Բևեռը անիմաստ է համարում նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունները: Սահմանադրական դատարանը, ինչպես և ամբողջ դատաիրավական համակարգը, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար և ենթակա մարմին, որից արդարադատություն ակնկալելը միամտություն է։ Ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը շարունակում է իր անզիջում պայքարը հանուն իսկապես ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կերտման։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ 9 հունիսի, 2026 թ., Երևան»։