«Խաղաղությունը պետք է լինի ուժեղ պետության ձեռքում, ոչ թե վախեցած իշխանության»․ Լևոն Բաղդասարյան
59
Այսօր, 16:00
ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը պատասխանել է 6 հարցի, որոնք ուղղվում են քարոզարշավի ընթացքում
1. Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին Նոյեմբերի 9-ը ոչ թե խաղաղության փաստաթուղթ էր, այլ պարտության, անպատասխանատվության և պետական ողնաշարի կոտրման փաստաթուղթ։ Այն ստորագրվեց այն ժամանակ, երբ ժողովուրդը ճշմարտությունը չէր իմացել, իսկ պետությունը բերվել էր ծնկի։ Այդ փաստաթղթի քաղաքական, իրավական և ռազմական հետևանքների համար պատասխան պետք է տան բոլոր նրանք, ովքեր երկիրը հասցրեցին այդ օրվան։ 2. Վաշինգթոնյան հայտարարության մասին Ցանկացած փաստաթուղթ, որը կարող է բերել իրական խաղաղության, պետք է ուսումնասիրել սառը գլխով, ոչ թե ծափերով կամ հայհոյանքով։ Բայց խաղաղությունը չի կարող լինել Հայաստանի հաշվին, Սյունիքի հաշվին, Արցախի մոռացության հաշվին կամ ժողովրդի թիկունքում։ Եթե Վաշինգթոնյան գործընթացը ամրացնում է Հայաստանի ինքնիշխանությունը՝ այո, պետք է աշխատել։ Եթե այն բացում է նոր զիջումների դուռ՝ դա անընդունելի է։ 3. Խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման մասին Մենք խաղաղության դեմ չենք։ Մենք կապիտուլյացիոն խաղաղության դեմ ենք։ Պայմանագիրը կարելի է ստորագրել միայն այն դեպքում, երբ հստակ երաշխավորվում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անվտանգությունը, գերիների և պահվող անձանց վերադարձը, Արցախի հայերի իրավունքների հարցը և ուժի սպառնալիքի բացառումը։ Առանց սրանց ստորագրությունը դառնում է ոչ թե խաղաղություն, այլ հերթական պարտավորություն՝ Հայաստանի վզին։ 4. Խաղաղության գործընթացի մասին Խաղաղությունը պետք է լինի ուժեղ պետության ձեռքում, ոչ թե վախեցած իշխանության։ Նախ՝ ամուր բանակ, փակված սահմանային ռիսկեր, միջազգային երաշխիքներ, դիվանագիտական հավասարակշռություն, հետո միայն փաստաթուղթ։ Խաղաղությունը խնդրում չեն, խաղաղությունը պարտադրում են պետական արժանապատվությամբ, օրենքով և ուժեղ բանակցային դիրքով։ 5. Արցախի էջը փակվա՞ծ է Ոչ։ Արցախի էջը ոչ ոք իրավունք չունի փակել։ Կարող են քարտեզի վրա գիծ քաշել, կարող են փաստաթղթում անուն չտալ, բայց ժողովրդի հիշողությունը, տեղահանված արցախցու իրավունքը, գերեզմանները, եկեղեցիները, տունը, հայրենիքը չեն ջնջվում։ Արցախի հարցը փակված չէ, այն տեղափոխվել է իրավական, պատմական և ազգային պայքարի նոր փուլ։ 6. Սահմանադրական փոփոխությունների մասին Եթե Սահմանադրությունը փոխում են հանուն պետության ամրացման՝ քննարկելի է։ Բայց եթե փոխում են, որ արտաքին պահանջ կատարեն, պատմական հիշողությունը ջնջեն կամ իշխանության համար նոր խաղի կանոններ գրեն՝ մենք դեմ ենք։ Սահմանադրությունը իշխանության նոթատետր չէ, որ ամեն եկածը իր ուզածով խմբագրի։ Սահմանադրությունը պետության ողնաշարն է։ Իսկ ողնաշարը չեն ծռում՝ ոչ Բաքվի, ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգթոնի, ոչ Բրյուսելի պատվերով։ Ահավասիկ, այս կարևորագույն հարցերի պատասխանները, որոնց խուսափում են պատասխանել շատ քաղաքական միավորներ։ Սա մեր ծրագրային դրույթների կարևորագույն և բաղկացուցիչ մաս է, որն իրագործելու է ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ՝ օրենքի դիկտատուրայի ուժով։