Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.

«Էս ժողովուրդը մի՞շտ է էսպիսին եղել». Էդուարդ Մանվելյան

72
Երեկ, 22:24
«Էս ժողովուրդը մի՞շտ է էսպիսին եղել». Էդուարդ Մանվելյան

Գրող Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկեղծ, հազար տարով հետ ու առաջ եմ արել մեր պատմությունը, հինգ գրքեր եմ հավաքել, մի տասն էդքան էլ կհավաքվի դեռ, բայց չեմ կարողանում հասկանալ, գտնել, փաստել․ էս ժողովուրդը մի՞շտ է էսպիսին եղել.
Ախր էսքան մարազմատիկ՝ հստակ շեշտված զանգվածն ինպե՞ս աճեց քթներիս տակ, որ ուշադիր չեղանք։ Որտեղի՞ց, ե՞րբ, ինչի՞ արդյունքում «գոյացավ» այդ շերտը, որի մետաստազներն արդեն ախտահարում են նույնիսկ առողջներին․․․
Ուրեմն, սպորտային ինչ-որ հոլովակ աչիքս ընկավ՝ հայը «ծեծում ա» ադրբեջանցուն․ սպորտ, ընդամենը։ Լայքերը նայեցի, նորմալ էր, բայց մեկնաբանությունները կարդալուց հետո, կասեր Ուստա Ալիկը գյումրեցի, «կորցրեցի իմ հյուսիսն ու հարավը»․ մի հազար հոգի բոռում էին․ «խփի արաաա, սատկացրու դրան, ուխխխխխ, սիրտս հովացավ»։
Ցնդելու բան, Աստված իմ, ո՞ր հանցանքի համար պատժվեց էս շինարար ու մեծահոգի ժողովուրդը, որն աշխարհին տվել է ամեն ինչ, իրեն պահել է ընդամենը այն, ինչ ունենք այսօր։
Ինը ամիս 120 հազար մարդու՝ հղի կին ու երեխա, պապիկ ու տատիկ, հաշմանդամ ու հիվանդ, ահել ու ջահել, պահեցին սովի մեջ, զինաթափեցին, ստորացրեցին, մորթեցին կին ու երեխա, Երկիրն ավետյաց տարան ձեռքներից, բայց Երևանում հարսանիքն ու ռաբիզը մի օր չլռեցին։ Հետո կիսավեր ժողովուրդը մի կերպ փրկվեց՝ մնալով անտեր ու անտուն, եկավ Հայաստան, պաթոսամեռները տան գները հանեցին երկինք, (հավաքական կերպարի մասին է խոսքը՝ այս տեսակի) հետո հեռախոսն առան ձեռքերն ու սկսեցին գրել՝ սատկացրու թըըըրիքին։ Բայց այս ամենի մարազմն այն էր, որ դա ընդամենը սպորտ էր, ու վերջում երկուսն էլ գրկախառնվեցին։ Իսկ բոռացողներն հետո կթերթեն իրենց ֆեյսբուքյան էջերն ու արդեն իրար կասեն՝ «սատկացրեք դրան»։
Ահավասիկ, ուզենք թե ոչ, մանկապարտեզն ու դպրոցն են դաստիարակել ու կրթել վերը նշված շերտը։ Եվ հերիք է խուսափեք հայելուց, ճչալով՝ «դրանք հայեր չեն»։ Հայեր են, սիրելի ժողովուրդ, հայեր են ինչպես Բերիայի աջ ու ձախ ձեռքերը՝ Բոգդան և Հմայակ Քաբուլյանները, որոնք կազմակերպեցին հայերի աքսորը։ Հայ են՝ ինչպես Բերիայի զինված թիկնազորի պետ Ռաֆայել Սարկիսովը, որը մատնեց Արմենակ Խանփերյանցին։ Հայ են՝ ինչպես շատ հայեր, որոնց մեր պատմությունը երբեք ցիցը չհանեց։ Ցիցը չբարձրացածներից շատերը հետո հասան իշխանության, ու հայերը բոռացին՝ «Ո՞ւր էիր Աստված»։
Անպատժելիությունը ծնեց տգիտությանը, որովհետև հարմարվելու արդյունքում էլ «կազմավորվեց» այն մեխանիզմը, որն այս հրաշք ժողովրդի ինտելեկտը իջեցրեց միմոսության և ռաբիզության աստիճանի՝ պետական հովանավորչությամբ։ Այս ամենի գերագույն գլխավոր պատասխանատուները մեդալի երկու երեսներն են՝ մի երեսին նրանք են, ովքեր ինտելեկտը դարձրեցին ռաբիզ, մյուս երեսին նրանք են, ովքեր հարմարվեցին դրան, ովքեր հարմարվեցին միմյանց դեմ թշնամությանը, բայց պաթոսի վրա հույս դրած՝ բոռացին․ «սատկացրու թուրքին․․․»։
Ընդամենը մեկ նախադասություն եմ ուզում հիշեցնել Սուրբ գրքից․ «Մարդու հիմարությունն է ավերում իր ճանապարհը, բայց նրա սիրտը Աստծո դեմ է տրտնջում»։
Ինչ ափսոս էր համամարդկային հսկա ժառանգության տեր մեր ժողովուրդը, որից մնաց ընդամենը մի մասնիկ հիշողություն․․․
Հավաքական կերպար, դու էս ազգի քաղցկեղն ես՝ մետաստազներդ խրած մինչև երկինք ու հետ հասցեով»: