Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.

«Զարմանում եմ Արցախի բանակի հանդեպ անտրամաբանական ատելությունից». Հայկ Խանումյան

89
Այսօր, 00:00
«Զարմանում եմ Արցախի բանակի հանդեպ անտրամաբանական ատելությունից». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ծառայել եմ Երևանի ծայրամասերից մեկում տեղակայված զորամասում։ Մոտակայքում Արարատի մարզի գյուղերն էին՝ ծիրանի այգիներով։ Ես ու իմ ծառայակիցներն այդ այգիներից ծիրան չենք կերել, որովհետև, նախ զորամասից դուրս կարող էիր գալ ազատ արձակման ու արձակուրդի դեպքում, հետո էլ այգին ուրիշի սեփականություն էր և ժամկետային զինծառայող լինելը չէր նշանակում, որ կարող ես ոտնահարել ուրիշի սեփականությունը։ Զինծառայության ընթացքում ամեն կիսամյակ մենք մի ամսով գնում էինք Լոռու մարզի գյուղերից մեկում գտնվող ուսումնական կենտրոն ու պրակտիկ դասերի ընթացքում լինում էր նաև, որ գյուղացիների այգիներից գողություն էինք անում՝ արժանանալով գյուղացիների հանդիմանանքին, բողոքներին և որպես հետևանք՝ սպաների կողմից պատժվելուն։ Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում ես երբեք չեմ մտածել, որ իմ զինծառայության համար այգետերը կամ որևէ այլ ոք ինձ պարտք է։ Ես ունեի պարտավորություն մասնակցելու պետության պաշտպանությանը և իրականացնում էի իմ պարտքը։
Հիմա տեսնում եմ մարդկանց, որոնք «Ֆեյսբուք»-ի պատերը լցրել են լաց ու կոծով, որ իրենց՝ Արցախում ծառայության ժամանակ թույլ չէին տալիս նռան կամ խաղողի այգիներից գողություն անել։ Հնարավոր է։ Իմ պատգամավոր եղած ժամանակ ես հաճախ էի լինում Արցախի ՊԲ տարբեր զորամասերում, դիրքերում։ Տարբեր եղանակների զինվորների մոտ թե խաղողի, թե նռան արկղեր եմ տեսել, որ բերում էին ֆերմերները։ Իմ ընկերոջ՝ Աղդամում գտնվող տնտեսության մոտ էր գտնվում մի փոքրիկ ՀՕՊ ստորաբաժանում և այդ ամբողջ ստորաբաժանումն օգտվում էր ընկերոջս տնտեսության բարիքներից՝ ձմերուկ, բանջարեղեն, նուռ ու արքայախնձոր (կորոլյոկ)։ Ընկերս դա անում էր սիրով, մեկ այլ ֆերմեր, հնարավոր է, չէր անում։ Ես 90֊ականներին ծառայած տասնյակ տղաներ գիտեմ, որոնք 2010֊ականներին տարբեր երկրներից հաճախ էին գալիս Արցախ՝ իրենց հրամանատարներին տեսության, ես այսօր էլ ամեն օր հանդիպում եմ մարդկանց, որոնք ծառայել են Արցախում և սիրով են հիշում իրենց ծառայությունը՝ չնայած դժվարություններին։ Ես չեմ ուզում անդրադառնալ տարբեր օգտատերերի՝ Արցախի բանակի մասին ատելությամբ լեցուն գրառումներին, որոնց մեծ մասը նույնիսկ Պաշտպանության բանակին չեն վերաբերում, քանզի իրենց կողմից նշվող զորամասերը տարբեր կորպուսների էին պատկանում, ուղղակի զարմանում եմ անտրամաբանական ատելությունից։ Երանի նրանց, ում հոգիները ջերմանում են Արցախը հիշելիս։ Նրանք են մեր հասարակության առողջացման առաջ մղողները»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան