«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան
93
Այսօր, 20:06
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կա տարածված համոզմունք, որ Քոչարյանի դերը՝ որպես Փաշինյանի հիմնական ընդդիմադիր, որոշվել է Մոսկվայում: Այս պնդումը ճիշտ է մասնակի: Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում և այդ գործում անմասն չեն եղել Կրեմլյան որոշ շրջանակներ, սակայն նույն Կրեմլում եղել են ու կան օղակներ, որոնք կտրականապես դեմ են եղել դրան: Ուշագրավն այն փաստն է, որ Փաշինյան-Քոչարյան զույգի հյուրախաղերը միշտ սատարում են ստացել Կրեմլի այն շրջանակներից, որոնք հայտնի են Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ: ՖՍԲ-ն ու ԳՌՈւ-ն միշտ (միշտ ասելով՝ ես նկատի ունեմ 1999-ից սկսած) դեմ էին էս կոմբինացիաներին, ՍՎՌ-ը ու ՌԴ ԱԳՆ-ն՝ միշտ կողմ: Քչերն են հիմա հիշում, որ 44-օրյա պատերազմի նախերգանքն այն դրվագն էր, երբ պաշտոնական Երևանը հրապարակավ հայտարարեց, որ երաշխավորում է Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքի անվտանգությունը: Սա էր այն կանաչ լույսը, առանց որի Ալիևը չէր համարձակվի հարձակվել: Ընդ որում, էս կանաչ լույսը երկու անգամ է վառվել Ադրբեջանի համար՝ Փաշինյանը դա արել է 2020-ի օգոստոսին, իսկ Քոչարյանը՝ 1999-ի հոկտեմբերին: Դեռ առիթ կլինի խոսել այն մասին, թե ինչպես է Քոչարյանը նախապատրաստել 2018-ի հեղաշրջումը և ինչպես է նախապատրաստվել հետ-«հեղափոխական» իր դերին: Սակայն այս ամենի առանցքը նավթամուղն է, որի գոյության, կառուցման ու շահագործման մեջ իր ուրույն դերն ուներ Քոչարյանը: Տեսեք՝ Քոչարյանին 8 տարի ա՝ դատում են: Նույնիսկ նստեցրել էին: Հետո Փաշինյանի ՍԴ-ն Մարտի 1-ի հոդվածը հակասահմանադրական ճանաչեց: Հետո Քոչարյանը մասնակցեց ընտրություններին ու Փաշինյանին ևս 5 տարի պահեց իշխանության: Հետո նորից Մարտի 1-ի հոդված բացին: Ապօրինի գույք, հոկտեմբերի 27, պոպլովոկ, բան... Հիմա էլ ասում են ընդդիմությունը եռագլուխ հրեշ ա, որի ղեկավարը Քոչարյանն ա, բայց արի ու տես, որ Քոչարյանի բիզնեսները որևէ խնդիր չունեն ոչ Հայաստանում, ոչ էլ Հայաստանից դուրս՝ Աֆրիկայից մինչև Շվեդիա: Էս տարիներին ինչ ասես էս «խեղճ» մարդու գլխին չշինին, բայց կա մի թեմա, որը երբևիցե չի շոշափվել ու, թույլ տվեք ենթադրել, որ չի էլ շոշափվելու: Մեր՝ էս ինքնիշխան, ինքնազոհ, հայրենասեր ու արցախատյաց իշխանությունները երբեք չեն փորձել պարզել, թե խի՞ էր Քոչարյանը բերանը ջուր առած, նստած, երբ սկսվեց կառուցվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Պրոյեկտ, որի արդյունքում Ադրբեջանի ֆինանսական և աշխարհաքաղաքական կշիռը անհասանելի դարձավ Հայաստանի համար: Ավելին, էդ նավթամուղի շինարարին՝ Թորոյան Գևորգին, Քոչարյանը նշանակել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի տնօրենների խորհուրդի անդամ... Սա ասեկոսե չէ, բամբասանք չէ... սա փաստ է: Ադրբեջան պետության հենասյունը կառուցած մարդուն Քոչարյանը բերել էր, պաշտոն տվել Հայաստանում: Նույն հաջողությամբ Փաշինյանը հիմա կարա փոխվարչապետ նշանակի ՍՈԿԱՐ-ի տնօրենին: Հասկանո՞ւմ եք, Քոչարյանն ուներ կապավոր անմիջապես այն կապալառուի հետ, որ ադրբեջանական նավթամուղը կառուցելու փողն էր ստացել: Էդ նավթամուղի հիման վրա Ադրբեջանը դարձավ մի հատ հրեշ, որ կուլ տվեց Արցախն էլ, Հայաստանն էլ մեծ առումով: Փաշինյանն էլ էս թեմայով կարող էր սաղ մեղքերն իր վրայից քցեր Քոչարյանի վրա, բայց նախընտրում է մետրոյում, մանկահասակ երեխայի հետ նստած, կնոջ վրա գոռգոռալ ու երբեք սրան չանդրադառնալ: Որովհետև նա շատ լավ գիտի, որ կծիկը, եթե քանդվի, բացահայտվելու է, թե 2018 թվականի դավադրությունը, թե դրանից առաջ և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների տրամաբանությունը, և Քոչարյան-Փաշինյան զույգի դերն այդ ամենում... Հ.Գ. Իմիջիայլոց, Մոսկվայում ինչ-որ պահից հասկացել են՝ ինչ երկակի խաղ են խաղում էս երկուսը և սկսել են ձեռնարկել համապատասխան միջոցները, որոնք արդեն ակներև են, և Վիկտոր Սողոմոնյանի հետ կապված դրվագը ընդամենը դրա մի փոքր դրսևորումն է»: