«Պետությունը պատասխանատվություն է, ոչ թե ադրբեջանամետ ծառայություն»․ Արման Աբովյան
48
Երեկ, 18:18
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտե՞ք, թե ինչ է իրական պետությունը։ Դա ղժղժան նախընտրական լոզունգներ չեն։ Դա պատասխանատվություն է՝ ծանր, անխուսափելի, մինչև վերջ կրելու պատասխանատվություն։ Դա կամք է՝ պայքարելու յուրաքանչյուր քաղաքացու համար՝ մինչև վերջին շունչը։ Դա այն է, երբ ԱՄՆ-ը գործի է դնում իր ողջ հզորությունը՝ իր օդաչուին գերությունից դուրս բերելու համար։ Ոչ թե երբ սեփական իշխանությունը ցեխ է շպրտում իր իսկ քաղաքացիների վրա, ովքեր գերի են ընկել և այսօր նվաստացվում են Բաքվի բանտերում։ Դա այն է, երբ Իրանը ռմբակոծությունների տակ չի ծնկում, այլ համախմբում է ժողովրդին և կռիվ է տալիս՝ պաշտպանելու իր քաղաքացիներին։ Ոչ թե երբ մարդկանց մեջ սերմանում են վախ, վախկոտություն և պարտվողականություն՝ շինծու «խաղաղության օրակարգ» կեղծ ու խաբուսիկ անվան տակ։ Դա այն է, երբ պետությունը գործում է՝ կոշտ, արագ, վճռական։ Երբ վերադարձնում է իր քաղաքացիներին՝ առանց արդարացումների, առանց խղճուկ բացատրությունների։ Ոչ թե թաքնվում է «էսկալացիայի վտանգի», հետևում, մինչ իր մարդիկ մնում են գերության մեջ։ Դա այն է, երբ պատիվը արժեք է, ոչ թե դատարկ բառ կամ իբր խոչընդոտ «չաղ ու բախտավոր» ապրելու համար ։ Ոչ թե երբ իշխանությունը լկտիորեն ստում է ժողովրդին՝ «խաղաղություն» անվան տակ վաճառելով նվաստացում։ Եվ այո՛, մենք ունեցել ենք այդպիսի պետություն։ 2014 թվականին հայկական հատուկջոկատայինները, վտանգելով իրենց կյանքը, թշնամու կրակի տակ վերադարձրել էին մեր զոհված օդաչուների մարմինները՝ Արցախից։ Այն ժամանակ դեռ հասկանում էին՝ պետությունը պատասխանատվություն է, ոչ թե «թավշյա» անկապ դատարկաբանություն և ադրբեջանամետ ծառայություն։ Իսկ այսօր ի՞նչ ունենք։ Այսօր մեզ վաճառում են վախ։ Մեզ վաճառում են պարտություն։ Մեզ վաճառում են արժանապատվությունից հրաժարում ՝ փաթեթավորված «խաղաղություն» բառով։ Մեզ վաճառում են ամոթ, նվաստացում և պատմական ինքնասպանություն։ Պետությունները, որոնք դավաճանում են իրենց զինվորներին, նվաստացնում են զոհվածների մայրերին, վախեցնում են սեփական ժողովրդին պատերազմով և թաքնվում «խաղաղության» կեղծ խոսքերի հետևում՝ դատապարտված են։ Պետությունները, որոնք քաղաքացու կյանքի առաջնային գործոն դիտարկում են նույն քաղաքացու լոկ ֆիզիկական կարիքների բավարարումը քաղաքացու արժանապատվության և պատվի հաշվին անխուսափելի վերանում են։ Նրանք չեն գոյատևում։ Նրանք փլվում են։ Նրանք վերածվում են պատմության փոշու։ Եվ այսօր մեզ հենց այդ ճանապարհով են տանում՝ շանտաժով, վախով, պատերազմի սպառնալիքով՝ Հայաստանի քանդումը ներկայացնելով որպես «խաղաղության քաղաքականություն»։ Ու հիմա ազնվորեն պատասխանեք ինքներդ ձեզ՝ ո՞վ է իրականում խաղաղության կողմնակից։ Մենք, թե նրանք, ովքեր իրենց գործողություններով ամեն օր մոտեցնում են նոր պատերազմներ և նոր աղետներ հայ ժողովրդի գլխին»։