«Ի՞նչ է լինելու, եթե այս չարիքը հաջողի». Վահե Սարգսյան
89
Այսօր, 21:48
«Սպիդով հիվանդ» պետություն հիմնադրողը Գերեզմանային խաղաղության պայմանագրի կնքահայր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ Հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Ասուլիսին նաև ուղիղ հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ինքն է խնդրել (!!!) դիմում գրել, քանի որ Արցախի մասին գիրք նվիրելն ԱՄՆ փոխնախագահին սադրիչ քայլ է դիտվել։ Սույն հակահայի, հակաճշմարտության ու հակատրամաբանության մարմնացմանը լսողներին ու ինչ-որ տեղ հավատացողներին հուշենք՝ ի՞նչ է լինելու, եթե այս չարիքը հաջողի։ 1․ Հայ ժողովրդի վերջին հազարամյակի պատմությունը, որը թուրքական բռնակալության դեմ ազգային ազատագրական պայքարի պատմություն է նաև, «շուռ է գալու» հայ ժողովրդի դեմ․ վերջինս աշխարհին ներկայացվելու է տարածաշրջանում մշտապես կոնֆլիկտ հրահրած զավթիչ։ 2․ Դպրոցական դասագրքերը պետք է մաքրվեն թյուրքական բռնակալության դեմ ազգային-ազատագրական պայքարի բոլոր դրվագներից։ Օրինակ, ֆիդայական շարժումը կամ Մայիսյան հերոսամարտերը կընկալվեն ոչ թե որպես սխրանք, այլ որպես «կոնֆլիկտ հրահրող» գործողություններ։ Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի և Արցախյան ազատամարտի հերոսների կերպարները պաշտոնական մակարդակով կվերածվեն «խաղաղությանը խանգարող արկածախնդիրների»։ 3․ Առաջարկվող Սահմանադրությամբ Հայաստանը զրկվում է դիմադրողականությունից՝ դառնալով «սպիդով հիվանդ» պետություն։ Եթե պայքարը համարվում է «կոնֆլիկտածին», ապա ցանկացած ինքնապաշտպանություն հետագայում կարող է որակվել՝ որպես հակասահմանադրական։ Մենք պետությունը վերածում ենք անպաշտպան մի միավորի, որի գոյությունը կախված է լինելու բացառապես հարևանների (իմա՝ ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի ! ) բարի կամքից։ 4․ Ստեղծվելու է մի համակարգ, որտեղ վախը դառնում է պետական կառավարման հիմնական գործիք։ Երբ ժողովրդին ստիպում են ամաչել իր հաղթանակներից կամ ազատագրական ձգտումներից, այդ ժողովուրդը դադարում է գործոն լինելուց և վերածվում է բիոզանգվածի։ 5․ Եթե իշխանությունը չի կարողանում պաշտպանել իր հիմնադիր փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը, նա ի զորու չէ պաշտպանել նաև իր սահմանները և քաղաքացուն։ Եթե Սահմանադրությունը փոխվում է, որովհետև դա հարևանին «դուր չի գալիս» կամ «կոնֆլիկտային է», նշանակում է՝ մենք թշնամուն տալիս ենք մեր ներքին կյանքի վրա անժամկետ վետոյի իրավունք․ այսօր նրանց դուր չի գալիս Հռչակագիրը, վաղը դուր չի գա մեր բանակի առկայությունը, մյուս օրը՝ մեր լեզուն կամ եկեղեցին։ Սա անվերջանալի նահանջի ճանապարհ է, պետության կամավոր «ինքնալուծարում»։ 6․ «Կոնֆլիկտի տրամաբանությունից» հրաժարվելը նշանակում է հայտարարել, որ մինչև այսօր Հայաստանը եղել է «սխալ» պետություն։ Սա ջնջում է մի քանի սերունդների կյանքի իմաստը, զոհողությունները և ձեռքբերումները։ Եվ այս ամենը՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը և Թուրքիան ոչ թե վերանայել են Հայաստանին և հայ ժողովրդին բնաջնջելու իրենց քաղաքականությունը, այլ ճիշտ հակառակը՝ ավելի են սեղմում հայ ժողովրդին խեղդամահ անող պարկի բերանը»։