Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ.

«Խնդիրը փաստաբանները չեն, ցավալի իրավիճակի պատճառներն առավել խորքային են»․ Գևորգ Դանիելյան

39
Այսօր, 01:06
«Խնդիրը փաստաբանները չեն, ցավալի իրավիճակի պատճառներն առավել խորքային են»․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատական իշխանության անկախության հարցում առավել շահագրգռված են հենց փաստաբանները, քանզի դա իրենց գործունեության առանցքային երաշխիքն է։ Երբ փաստաբանի որևէ խոսք ընդհանուր եզրեր չունի դատավորի գործունեությանը միջամտելու կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ, ապա հարկ է զերծ մնալ որակումներից և ելակետ ընդունել այն, որ դատավորի նկատմամբ երբեմն քննադատական խոսք բարձրաձայնելը նույնիսկ ողջունելի է, այն հաճախ օգնում է նույն դատավորին, որպեսզի ընդհանուր առմամբ բացառվի, առնվազն մեղմվի վերջինիս նկատմամբ հնարավոր ճնշումները իշխանության մյուս ճյուղերի կողմից։ Կոնկրետ ինձ համար նաև անձնական հարթությամբ է մտահոգիչ դատավորների հեղինակությունը, վերջին հաշվով, իրենց գերակշիռ մասը եղել են իմ ուսանողները, ասպիրանտները, գործընկերները։
Կարծում եմ, հարկ է դատարանների նկատմամբ հանրության վստահության աստիճանը բացահայտելուն և շտկելուն ուղղված առավել գործնական քայլերի դիմել, մասնավորապես՝ նախաձեռնել հիրավի անկախ փորձագետների կողմից համալիր հետազոտություններ անելու և արդյունքները հրապարակելու գործընթաց՝ զերծ մնալով դրա մասին ենթադրություններ անելու մենաշնորհը պաշտոնյաներին վերապահելուց։
Այսպիսով, խնդիրը բնավ փաստաբանները չեն, ցավալի իրավիճակի իրական պատճառներն առավել խորքային են։ Եթե անհրաժեշտություն է ծագել արձագանքելու դատարանների նկատմամբ որպես անհարգալից վերաբերմունք ընկալված որևէ խոսքի, ապա առավել ողջամիտ կլինի այդ սկզբունքին դիմել բոլոր դեպքերում՝ անկախ դրա հեղինակի դիրքից ու կարգավիճակից։
Ինչ վերաբերում է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքով կարգավորվող հարաբերությունները իբրև դատական պաշտպանության առարկա դիտարկելուն, մասնավորապես՝ մարդու իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական հիմնադրույթները հիշատակելուն, ապա հնարավորինս հստակ ու սպառիչ պարզաբանվել է, որ նշված հարաբերություններում ուղղակի բացակայում են դատական պաշտպանության ենթակա իրավունքները, ինչը բազմիցս աներկբա արձանագրել է նաև ՄԻԵԴ֊ն իր նախադեպային դատական ակտերով։ Յուրաքանչյուր հավատացյալ, առավել ևս հոգևոր սպասավոր քաջատեղյակ է, որ եկեղեցականը ոչ թե իրականացնում է դասական իմաստով աշխատանքային գործունեություն, այլ հոգևոր ծառայություն՝ դավաբանության և կանոնական հենքով։ Սա խիստ մտահոգիչ իրավիճակ է, և այս խնդրին առավել հանգամանորեն արժե գոնե անդրադառնալ իրավագետների որևէ ընդլայնված գիտաժողովում»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան