«Աշխարհում երեխաների և դեռահասների ավելի քան մեկ երրորդը տառապում է կարճատեսությամբ»․ Արմեն Մուրադյան
48
Այսօր, 17:36
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարճատեսության լուռ համաճարակ․․․
Երկարատև համակարգիչ օգտագործող երեխաների շրջանում կարճատեսության տարածվածությունը կազմում է 28,8%, սմարթֆոնների դեպքում՝ 31,4%, հեռուստադիտման պարագայում՝ 35,4%։ Ընդ որում, սմարթֆոնների կիրառումը համարվում է առավել ռիսկային՝ աչքերին մոտ դիրքի պատճառով՝ 20 սմ-ից պակաս հեռավորությունը դիտարկվում է որպես հիվանդության պրոգրեսիայի նշանակալի գործոն։ Վերջին տասնամյակներին միջազգային համաճարակաբանական դիտարկումները արձանագրում են երեխաների և դեռահասների շրջանում միոպիայի (կարճատեսության) տարածվածության աննախադեպ աճ, որի ինտենսիվությունն ու աշխարհագրական ընդգրկումը թույլ են տալիս այն գնահատել ոչ միայն որպես ակնաբուժական խնդիր, այլ որպես հանրային առողջապահության համաշխարհային նշանակության մարտահրավեր։ Միոպիան աչքի ռեֆրակցիոն համակարգի խանգարում է, որի դեպքում զուգահեռ լուսային ճառագայթների ֆոկուսավորումը տեղի է ունենում ցանցաթաղանթից առաջ, ինչի հետևանքով խաթարվում է հեռավոր առարկաների հստակ պատկերի ձևավորումը։ Միոպիան չպետք է դիտարկվի բացառապես որպես օպտիկական շտկման ենթակա ֆունկցիոնալ շեղում։ Այն բազմագործոնային պաթոլոգիական վիճակ է, որն իր զարգացման ընթացքում կարող է պայմանավորել ակնագնդի կառուցվածքային և բիոմեխանիկական խորը փոփոխություններ։ Ակնագնդի առանցքային պաթոլոգիական երկարացումը, որը բնորոշ է հատկապես բարձր աստիճանի միոպիային, էականորեն մեծացնում է տեսողությանը սպառնացող բարդությունների զարգացման ռիսկը, ներառյալ՝ ցանցաթաղանթի շերտազատումը, մակուլյար (դեղին բծի) դեգեներացիան, գլաուկոման և կատարակտը։ Նշված բարդություններից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել տեսողության ծանր և անդառնալի կորստի՝ մինչև ամբողջական կուրություն, ինչով միոպիան ձեռք է բերում ոչ միայն կլինիկական, այլև էական սոցիալ-տնտեսական նշանակություն։ Վերջին համաճարակաբանական տվյալները փաստում են, որ աշխարհում երեխաների և դեռահասների ավելի քան մեկ երրորդը տառապում է կարճատեսությամբ, և ցուցանիշը շարունակում է կայուն աճ գրանցել։ 276 հետազոտություն և ավելի քան 5,4 միլիոն մասնակից ընդգրկած խոշոր մետավերլուծության համաձայն՝ միոպիայի տարածվածությունը 1990–2000 թթ. կազմել է 24,3%, իսկ 2023 թվականին՝ արդեն 35,8%։ Կանխատեսումները առավել մտահոգիչ են․ սպասվում է, որ մինչև 2030 թվականը դեպքերի թիվը երիտասարդների շրջանում կհասնի շուրջ 600 միլիոնի, իսկ մինչև 2050 թվականը կգերազանցի 740 միլիոնը՝ ընդգրկելով 5–19 տարեկանների մոտ 39,8%-ը։ Ընդհանուր բնակչության մակարդակով, դարի կեսերին միոպիայի տարածվածությունը կարող է հասնել 49,8%-ի, որոնցից շուրջ 9,8%-ը՝ ծանր ձևերով։ Ներկայիս իրավիճակի ձևավորման մեջ առանցքային դեր ունեն արագընթաց ուրբանիզացիան, կրթական բեռի աճը և թվային տեխնոլոգիաների համատարած ներթափանցումը։ Թվային սարքերը վաղ տարիքից դարձել են երեխաների առօրյայի անբաժանելի մաս։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ էկրանային ազդեցությունը կարող է սկսվել արդեն 6 ամսականից, երկու տարեկանում հասնելով միջինում օրական 3 ժամի, իսկ 12–13 տարեկանում՝ շուրջ 6 ժամի։ Մետավերլուծությունների տվյալներով՝ երկարատև համակարգիչ օգտագործող երեխաների շրջանում միոպիայի տարածվածությունը կազմում է 28,8%, սմարթֆոնների դեպքում՝ 31,4%, հեռուստադիտման պարագայում՝ 35,4%։ Ընդ որում, սմարթֆոնների կիրառումը համարվում է առավել ռիսկային՝ աչքերին մոտ դիրքի պատճառով․ 20 սմ-ից պակաս հեռավորությունը դիտարկվում է որպես հիվանդության պրոգրեսիայի նշանակալի գործոն։ Բացի այդ, էկրաններից արտազատվող կարճալիքային կապույտ լույսը կարող է նպաստել ռեֆրակցիոն խանգարումների խորացմանը։ Արտահայտված են նաև աշխարհագրական և ժողովրդագրական տարբերությունները։ Ամենաբարձր ցուցանիշները արձանագրվում են Արևելյան Ասիայում (47,7%–62%), իսկ ամենացածրերը՝ Աֆրիկայում։ Քաղաքային բնակչության շրջանում միոպիան հանդիպում է ավելի հաճախ (28,5%), քան գյուղական։ Առկա է նաև սեռային տարբերություն․ կարճատեսությունն առավել տարածված է աղջիկների շրջանում (33,6%), քան տղաների։ Նշված տարբերությունը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ աղջիկների մոտ սեռական հասունացումն սկսվում է համեմատաբար ավելի վաղ, նրանք սովորաբար ավելի քիչ ժամանակ են անցկացնում բացօթյա միջավայրում և առավել հաճախ ներգրավված են մոտ տարածության վրա իրականացվող տեսողական ծանրաբեռնվածությամբ գործունեություններում (օրինակ, ընթերցանության)։ Տարիքը ևս նշանակալի գործոն է․ 13–19 տարեկանների շրջանում միոպիայի տարածվածությունը հասնում է 47%-ի՝ ի համեմատ 6–12 տարեկանների 13–19%-ի։ COVID-19 համավարակը և դրա հետ կապված ինքնամեկուսացման շրջանները զգալիորեն խթանեցին երիտասարդների շրջանում տեսողության վատթարացումը՝ պայմանավորված առցանց ուսուցման լայն կիրառմամբ և ֆիզիկական ակտիվության սահմանափակմամբ։ Ըստ հետազոտության տվյալների՝ 2020–2023 թթ-ի ընթացքում 5–19 տարեկան երեխաների խմբում միոպիայի տարածվածությունը բարձրացավ մինչև 36%։ Գիտական տվյալների համաձայն՝ 6–8 տարեկանը հանդիսանում է ակնագնդի զարգացման կրիտիկական փուլ։ Հետհամավարակային հետազոտությունները ցույց են տվել, որ տնային մեկուսացումը առավել արտահայտված բացասական ազդեցություն է ունեցել հատկապես այս տարիքային խմբի երեխաների տեսողական ցուցանիշների վրա, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է տվյալ տարիքային խմբի կենսաբանական խոցելիությունը։ Չափազանց ծանր են միոպիայի տարածվածության աճի տնտեսական հետևանքները: Միայն Ասիայում մեծահասակների տեսողության շտկման տարեկան ուղղակի ծախսերը գնահատվում են շուրջ 328 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ բարձր աստիճանի միոպիայի բարդությունների բուժման համար տարեկան պահանջվում է հավելյալ մոտ 250 միլիարդ դոլար։ Չնայած մտահոգիչ միտումներին՝ առկա են արդյունավետ կանխարգելման ռազմավարություններ։ Ամենապարզ և միաժամանակ արդյունավետ միջոցառումներից է էկրանային ժամանակի սահմանափակումը։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երեխաների և դեռահասների համար էկրանի առջև անցկացվող ժամանակը սահմանափակել առավելագույնը օրական 2 ժամով։ Ապացուցված է, որ օրական լրացուցիչ առնվազն 40 րոպե բացօթյա ակտիվությունը կարող է առաջիկա երեք տարիների ընթացքում էապես նվազեցնել միոպիայի առաջացման ռիսկը։ Արեգակնային լույսի ազդեցությունը և հեռու նայելու հնարավորությունը նպաստում են ակնագնդի պաթոլոգիական երկարացման դանդաղեցմանը։ Մասնագետները ընդգծում են, որ հիվանդության զարգացման և դրա բարդությունների կանխարգելման առանցքային գործոնը վաղ ախտորոշումն է։ Դպրոցներում իրականացվող կանոնավոր սկրինինգային զննումները և ծնողների բավարար իրազեկվածությունը հիվանդության ռիսկի գործոնների վերաբերյալ-մասնավորապես՝ օրական ավելի քան 5 ժամ մոտ տարածության վրա ընթերցանությունը կամ 2 ժամից ավելի գաջեթների օգտագործումը-հնարավորություն են տալիս ժամանակին միջամտել և կանխել տեսողության հետագա վատթարացումը։ Ժամանակին սկրինինգի, վաղ ախտորոշման և ընտանիքների կրթման համակցված, համակարգային մոտեցումը ունի վճռորոշ նշանակություն աճող սերնդի տեսողության պահպանման և նրա ապագա կյանքի որակի բարելավման տեսանկյունից»։