Երևան`   +25 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հունիսի, 2026 թ.

«Որտե՞ղ է սխալվում Ռուսաստանը»․ Արմեն Պետրոսյան

84
Այսօր, 17:42
«Որտե՞ղ է սխալվում Ռուսաստանը»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որտե՞ղ է սխալվում Ռուսաստանը.
Այն հանգամանքը, որ հայաստանյան ընտրություններն ունենալու էին աշխարհաքաղաքական խորքային շերտեր, կասկածից վեր էր։ Դա աշխարհակարգի փոփոխման գործընթացին բնորոշ երևույթ է, և առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում նույն պատկերն է արձանագրվել գրեթե բոլոր ընտրական գործընթացների դեպքում, եթե դրանք տեղի են ունեցել ոչ բացարձակ ավտորիտար համակարգերի պարագայում (Թուրքիա, Վրաստան, Մոլդովա, Հունգարիա, անգամ ԱՄՆ և այլն)։
Բայցևայնպես, արտաքին ուժերի միջամտության ձևաչափերն էլ բավականաչափ ուշագրավ են և բնորոշ ուժի, փափուկ ուժի կիրառման հիմնական դերակատարների մշակույթին/գործելաոճին։
Հայաստանյան գործընթացներում Ռուսաստանի և նրա «էխոն» համարվող Բելառուսի առաջնորդների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թեմատիկ հայտարարությունները նշվածի հրապարակային օրինակներ են։ Մոսկվան խոսում և գործում է շանտաժի, սպառնալինքերի տրամաբանության մեջ, նրա հակառակորդները՝ հակառակը՝ նոր համագործակցությունների և հնարավորությունների։
Գործողությունների շրջանակի նման տարբերությունը որոշակի օբյեկտիվ իրողությամբ է պայմանավորված. նման դեպքերում յուրաքանչյուր դերակատար փորձում է կիրառել իր ձեռքի տակ ունեցած գործիքակազմը։ Որպես օրինակ՝ Ռուսաստանը Հայաստանի դեմ ռազմավարական նշանակության մատակարարումները, առևտրային, սփյուռքի գործիքները և այլն, ԵՄ-ն Վրաստանի դեմ՝ անդամակցության գործընթացով պայմանավորված իրավական, քաղաքական, տնտեսական առավելությունները և այլն։
Բայցևայնպես, հետխորհրդային տարածքում, Արևելյան Եվրոպայում վերջին ընտրական գործընթացներին արտաքին միջամտությունները ցույց են տվել մի շատ կարևոր և յուրօրինակ իրողություն. անկախացած հասարակություններն ավելի համախմբվում են արտաքին միջամտության, սպառնալիքի, շանտաժի դեմ։ Գուցե սխալվում եմ, բայց տվյալ պնդումը բացառություններ չունի։
Հիմա Հայաստանի դեպքում, երբ Պուտինը և նրա «արձագանք» Լուկաշենկոն հայ ժողովրդին սպառնում են «ուկրաինական սցենարով», դա ի՞նչ է նշանակում։ Կա՛մ խելոք՝ գլուխներդ կախ ընտրեք այն ուժերին, որոնք հակված են Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացներին, կա՛մ ակնկալեք Ռուսաստանի ագրեսիա՞ն Հայաստանի դեմ։ Մինչդեռ հաջողելու համար պետք է տրամագծորեն հակառակ մոտեցումը դրսևորել. մի քիչ ավելի ստեղծագործ լինել, մի քիչ էլ ավելի անկեղծ՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը նոր ձևաչափերում, եթե նման ցանկություններ կան...
Իսկ որպես այլընտրանք՝ Արևմուտքի ուղերձներում համատեղ նոր ծրագրերն ու հնարավորություններն են։ Ասենք՝ նման պարագայում ռուսական քաղաքականության մշակողներն ի՞նչ ակնկալիք ունեն, որ Ռուսաստանի տարբեր հակահայ քայլերից վախեցած ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն իր ընտրությունը կատարելու է պատմական վախերի՞, թե՞ այդ վախերից մեկընդմիշտ ձերբազատվելու մղումով։
Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, ինչպես նախորդ դեպքերում...»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան