«Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը». ԱՆ
67
Այսօր, 02:06
Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը. Էթանոլը (ալկոհոլը) հոգեակտիվ նյութ է, որն ունի տոքսիկ և կախվածություն առաջացնող հատկություններ: Դրա պարբերաբար օգտագործումը կտրուկ մեծացնում է առողջական և սոցիալական բազմաբնույթ ռիսկերը: Ալկոհոլը կենտրոնական նյարդային համակարգն ընկճող նյութ է, որն ազդում է նյարդային ազդակների փոխանցման վրա՝ առաջացնելով հետևյալ խանգարումները. * Դանդաղում է ռեակցիան, թուլանում է կենտրոնացումը և ինքնակառավարումը * Խաթարվում է կոորդինացիան, խոսքի հստակությունը և տարածական կողմնորոշումը * Նեղանում է տեսադաշտը և նվազում է տեսողական ինֆորմացիայի մշակման արդյունավետությունը: Ալկոհոլային խմիչքները թեև ունեն բարձր էներգետիկ արժեք, սակայն զուրկ են էական սննդարար նյութերից (վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ): Սա որակվում է որպես «դատարկ կալորիաների» աղբյուր, ինչը նպաստում է նյութափոխանակության խանգարումներին, մասնավորապես՝ ճարպակալմանը: Ալկոհոլի չարաշահումը և պարբերաբար օգտագործումը (ալկոհոլային կախվածությունը) մի շարք պաթոլոգիաների հիմնական պատճառ են. * Լյարդի ճարպային ախտահարում, ալկոհոլային հեպատիտ և լյարդի ցիռոզ * Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի էրոզիվ-խոցային ախտահարումներ * Զարկերակային հիպերտենզիա, կարդիոմիոպաթիա և ռիթմի խանգարումներ * Տագնապային խանգարումներ, դեպրեսիա և սոցիալական մեկուսացում: Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում խստիվ հակացուցված է. այն թափանցում է ընկերքով՝ առաջացնելով պտղի ալկոհոլային սպեկտրի խանգարումներ (FASD), վիժման ռիսկ և պտղի զարգացման արատներ: Ելնելով օրգանիզմի ձևավորման փուլից և նյարդային համակարգի խոցելիությունից՝ ալկոհոլի օգտագործումը երեխաների և դեռահասների կողմից անթույլատրելի է: Կախվածության խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագիտացված բժշկական օգնության: