Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.

«Հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել». Արթուր Խաչատրյան

70
Այսօր, 20:18
«Հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մյունխեն 2026․ միջանցք, միջամտություն Հայաստանի ներքին գործերին, անցած օրերի «փառքը» և ․․․․ երիտասարդ Սծյոպա Սաֆարյանը
Այս տարի Փաշինյանը Մյունխենի խաղաղության կոնֆերանսին չէր մասնակցում։ Ի դեպ, չէր մասնակցում նաև Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Մի քանի ժամով Դավոս թռնելը և այնտեղ Թրամփի ստեղծած խաղաղության խորհրդի ստեղծման թուղթը ստորագրելու արարողությանը մասնակցելը միայն այնքանով տնտեսական ֆորումի հետ կապ ուներ, որ նույն քաղաքում նույն ժամանակ էր կազմակերպվել։ Փաշինյանը Դավոսի ֆորումին չէր մասնակցել։ Չգիտեմ, միգուցե չէին հրավիրել, կամ հրավիրել էին, բայց հետո որևէ մեկը ցանկություն չէր հայտնել հանդիպել, ինքն էլ Խաչատուրյանին էր ուղարկել։ Իրոք չգիտեմ, գիտեմ, որ չէր մասնակցել։
Սակայն վերադառնանք Մյունխեն։ Փաշինյանը չկար։ Մարկո Ռուբիոյի՝ ազգային պետության ազգային շահի շուրջ ձևավորվող արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումներին չէր մասնակցել։ Դե, դա էլ է հասկանալի։ Իր համար ազգային շահն ապահովելու միակ տարբերակը լեգիտիմությունն է։ Իրեն մանր-մունր ազգային բան ման չի հետաքրքրում, իրանը լեգիտիմությունն է։ Բայց այսօր լեգիտիմությունը ոչ ոքի չի հետաքրքրում։
Փաշինյանը չկար, Ալիևը կար, գնացել էր կնոջ ու աղջկա հետ։ Մյունխենում նա մի քանի հետաքրքիր հայտարարություն արեց։ Երևի Փաշինյանը գիտեր, թե իր քարդաշն ինչ էր ասելու ու երևի դրա համար էլ չկար, թե չէ ինչպե՞ս պիտի արձագանքեր։ Ալիևը Մյունխենում հույս էր հայտնել, որ «խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այս տարի»։ Սակայն, դրա համար պայման էր դրել՝ բառացիորեն ասելելով, որ «խաղաղության համաձայնագիրը կստորագրվի Հայաստանի սահմանադրության փոփոխության հաջորդ օրը»՝ դարձյալ պնդելով, որ մեր սահմանադրությունն իրենց նկատմամբ տարածքային հավակնություններ ունի (Փաշինյանը, Ալիևի ականջը խուլ, այդ միտքը հերքում է)։
Ալիևը մեկ այլ հայտարարություն էլ էր արել։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին արյունալի բախման և Վաշինգթոնում կայացած գագաթնաժողովի միջև ընկած ժամանակահատվածը երկու տարուց էլ պակաս էր»,- ասել էր Ալիևը։ Վաշինգթոնի «գագաթնաժողովից» երկու տարի առաջ Ադրբեջանը, 9 ամսվա պաշարումից հետո, Հայաստանի դավադիր անգործության պայմաններում, հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա, արցախահայերի էթնիկ զտման ենթարկել ու բռնազավթել Արցախի Հանրապետությունը։ Փաստորեն, որքան էլ պաշտոնական Երևանը փորձեր ձեռքերը լվալ 2023 թվականի պատերազմից, Ալիևը հայտարարում է, որ պատերազմել է Հայաստանի դեմ, որի ղեկավարը Փաշինյանն է։ Եթե սրան էլ գումարենք մի քանի օր առաջ Բաքվի դատարանի վճիռները, պարզ է դառնում, թե ինչու Փաշինյանը ռիսկ չի անում իր քարդաշ Ալիևին հակաճառել, այլ կրկնում է նրա թեզերը, թե մեր տարածաշրջանում արդեն խաղաղություն է։ Ի դեպ, այս սին թեզը ձեռնատու է նաև Փաշինյանին։ Նա այդ սուտ հեքիաթով կգնա ընտրությունների՝ հայտարարելով, որ բերել է իր խոստացած խաղաղությունը։ Երկու եղբոր շահերը լրիվ համընկնում են։
Ու վերջապես միջանցքի թեման։ Ալիևը կրկին շեշտել է, որ լինելու է միջանցք։ Ավելին, ըստ նրա «միջանցքն անցնելու է Ադրբեջան-Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան)-Թուրքիա և հետո Եվրոպա» երթուղով։ Այսինքն՝ Ալիևը բացառում է, որ երկաթուղին Նախիջևանից մտնելու է Երասխ, այնտեղից հասնելու է Ախուրիկ (Գյումրի) և հետո Կարս։ Փաշինյանը հայտարարում է, թե երկաթուղին Երասխ չի մտնելու, քանի որ երկաթուղին կառավարում են ռուսները։ Ալիևը նման հայտարարություն չի անում և չի դիտարկում Նախիջևան-Երասխ-Ախուրիկ-Կարս տարբերակն անկախ նրանից, թե ով է կառավարում հայկական երկաթուղին։
Մի հետաքրքիր նկատառում ևս։ «Երիտասարդ առաջնորդ» ներկայացող 53-ամյա Սծյոպա Սաֆարյանը փորձեց հասկանալ Ալիևի վերաբերմունքը Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկին»։ Ալիևի պատասխանը․ «Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկին», ինչպես գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա գործարկեց TRIPP-ը, ուստի երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերսկսի ձեր «Խաղաղության խաչմերուկը»։
Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ։ 2020-ի կոնֆերանսին նա խոսել էր Տիգրան Մեծի մասին, իսկ Երևան վերադառնալուց հետո հռչակել էր իր «Մյունխենյան սկզբունքները»՝ դրանք հակադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների առաջարկած «Մադրիդյան սկզբունքներին»։ Մյունխենյան սկզբունքներով Փաշինյանը փորձել էր մատ հայտարարել Ալիևին։ Վերհիշեք դրանք ու կհասկանանք, թե ինչու Փաշինյանի արտաքին քաղաքականություը մեզ հասցրեց այս վիճակին․․․
Մյունխենյան սկզբունքներ
1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:
6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։
Որտեղից որտեղ հասավ․․․․ Բա էլ ի՞նչ սրտով Մյունխեն գնար»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան