«Պետք է ընդունել, որ Հայաստանը և ռեգիոնը որոշակի կարևորություն ներկայացնում են ԱՄՆ-ի համար». Ռոբերտ Անանյան
69
Այսօր, 03:06
Լրագրող Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես հիշում եմ, թե մոտ 3-4 տարի առաջ ինչքան շատ էին դեպրեսիվ և վատատեսական գնահատականները Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերության հանդեպ։ Ասում էին, որ ԱՄՆ-ն շատ հեռու է մեզնից և այստեղ չունի ռազմավարական շահեր։ 2022-2023-ին Հայաստանը ուշացած ձևով, բայց նոր էր սկսել դիվերսիֆիկացնել «Ռուսաստանին հույս դնելու» ռազմավարության վրա հենված արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Աղետն ու հիասթափությունն այնքան ուժգին էր, որ այլ տարբերակ չկար, քան դիվերսիֆիկացիան է։ Ռուսական համակարգը ձախողվել է կատարելապես, և միայն սեփական պետության հանդեպ հանցագործ վարքագիծը կդրդեր չգնալ գործընկերության ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ, ինչպես նաև՝ անվտանգային գործակցության Հնդկաստանի հետ։ 30 տարի մենք տեսել ենք Ռուսաստանին կցված Հայաստան։ Սա է մեր աղետների հիմքը, քանի որ մենք չենք ունեցել սուվերեն գործիքակազմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու։ Հետևաբար, չենք ունեցել սուվերեն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն, այդ թվում՝ մեր կոնֆլիկտի ուղղությամբ։ Դա ենթադրել է, որ Հայաստանը չի էլ փորձել օգտագործել Արևմուտքի երկրների հետ գործընկերության պոտենցիալը, որն իրականում գոյություն ունեցել է, սակայն մենք ենք վախեցել ռազմավարական բնույթի գործընկերություն հաստատել։ Բա Ռուսաստանն ի՞նչ կասի, չի՞ պատժի, չի՞ բարկանա։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես են ռուս պաշտոնյաներն ամեն օր ահազանգում, որ Հայաստանը հեռանում է իրենցից։ Լավ է, որ գիտակցում են մեր իրական կարևորությունն իրենց համար։ Բայց կարծում եմ՝ ուշ է։ Մեր քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները Հայաստանի և Արևմուտքի հնարավոր գործընկերության մասին խոսելիս անհրաժեշտ էին համարում շեշտել, որ այդ խորացումը չպետք է հակասի Ռուսաստանի հետ մեր դաշինքին։ Եվ թերևս դա է պատճառը, որը տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ քաղաքական և անվտանգային գործընկերությունը հավասարացվել էր վտանգավոր մի բանի։ Այսօր Հայաստան է ժամանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այցի օրակարգի կենտրոնում լինելու է «Թրամփի ուղի» նախագիծը, էներգետիկ և արհեստական բանականության ոլորտում գործընկերությունը։ Սրանք կոնկրետ նախագծեր են, որոնք հաջողությամբ իրագործելու դեպքում՝ Հայաստանը կարող է դուրս գալ տասնամյակներ շարունակվող կիսաշրջափակումից։ Այն կարող է բերել Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացում, երկաթուղային հաղորդակցություն մեր բոլոր հարևանների հետ։ Ի վերջո սա կբերի Հայաստանի դերի փոփոխություն․ ռեգիոնալ փակուղուց մենք կարող ենք դառնալ կոմունիկացիոն կենտրոն՝ Արևելքը Արևմուտքին կապող գլոբալ առևտրի ցամաքային ճանապարհների շղթայի մի մաս։ Այս աշխարհում ինչ-որ փոքրիկ բան կախված կլինի նաև մեզնից։ Դեպրես և վատատեսություն տարածողներն այդ գործն անում են նաև այսօր՝ փորձելով ստվերել հայ-ամերիկյան գործընկերության այսօրվա ձեռքբերումները։ Նրանց տրամաբանությամբ՝ այնտեղ, որտեղ չկա Ռուսաստանը, կան թուրքերը։ Հետևաբար՝ «Թրամփի ուղին» մեզ «թրքացնելու» և «Ադրբեջանին ու Թուրքիային միակողմանի զիջում անելու» մասին է։ Ասում են, թե ԱՄՆ-ի ներակացուցիչն այստեղ Թուրքիան է և մենք կարևոր չենք ԱՄՆ-ի համար, հետևաբար՝ ԱՄՆ-ն ռեսուրս չի տրամադրի՝ մեզ հետ իր դեմքով շփվելու, գործընկերություն իրականացնելու համար։ Այսօրվա իրականությունը լրիվ հակառակն է։ Ես չեմ էլ ուզում խոսել նրանց մասին, ովքեր պատվեր ունեն այս նարատիվները տարածելու և վախ ու սարսափ գեներացնելու։ Միշտ և բոլոր հարցերում կան պրոբլեմներ, որոնք պետք է լուծվեն, օրինակ՝ Թուրքիայի սահմանի բացման դեպքում թույլ չտալ հայկական տնտեսության վրա թուրքական ազդեցության շեշտակի աճ, որպեսզի հիմա էլ միակողմանի կախվածություն չլինի Թուրքիայից։ Բայց ազնիվ անձինք պետք է ընդունեն, որ իրենք սխալվել են։ Նրանք պետք է ընդունեն, որ Հայաստանը և ռեգիոնը որոշակի կարևորություն ներկայացնում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար։ Նրանք պետք է ընդունեն, որ Հայաստանը դատապարտված չէ լինել Ռուսաստանից միակողմանիորեն կախված և խամաճիկ պետություն։ Ազնիվ լինելու դեպքում՝ նրանք պետք է դադարեցնեն մեզ վախեցնել «Հայաստան լցվող թուրքերով, ադրբեջանցիներով, Իրանին լրտեսելու համար Հայաստան եկող Իսրայելով» և այլն։ ԵՄ-ն հարյուրավոր եվրոների գումար է ներդնում Հայաստանի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի Սյունիքի հատվածը կառուցելու վրա։ ԵՄ-ն հավակնում է նաև Նախիջևանում երկաթուղու կառուցմանը մասնակցել։ ԱՄՆ-ն ցանկանում է Ադրբեջանի, Հայաստանի տարածքներով Կենտրոնական Ասիայի օգտակար հանածոները, էներգակիրները խողովակաշարերով, երկաթուղային համակարգերով տեղափոխել Արևմուտք։ Եվ «Թրամփի ուղին» այդ մեծ ամերիկյան ռազմավարության մի մասն է ընդամենը։ Սա մեկ-երկու տարում չի իրագործվելու, բայց սա երկարաժամկետ պրոցես է, որը կարող է տնտեսական, քաղաքական, անվտանգային օգուտներ բերել Հայաստանին։ Մեր ունեցած անվտանգային մարտահրավերները չեն վերանալու։ Սակայն մենք շանս ունենք դառնալու գլոբալ կոմունիկացիաների մաս, ինչը թույլ կտա դրականորեն փոխել մեր երկրի նշանակությունը և դերը։ Այն դեպքերում, երբ որոշում ես չտրվել «ճակատագրին» և հավատում ես, որ «հայի բախտը» ինքդ ես ստեղծում, և որ այն պարտադիր չէ, որ դեպրեսիվության և մեկուսացվածության մասին լինել, կարող ես հաջողություններ ունենալ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, վստահաբար, կարևոր քաղաքական ուղերձներ կփոխանցի մեզ և ռեգիոնի բոլոր երկրներին։ Չէի ուզենա, որ մի օր Հայաստանը հայտնվի այսօրվա Վրաստանի կարգավիճակում, որի նախագահն ու ԱԳ նախարարը Վենսի հետ կարճատև շփումը և բարի ժպիտ ստանալը քաղաքական հաջողություն են ներկայացնում։ Այսօրվա աշխարհում գլոբալ զարգացումներից մեկուսացվելը մեզ մղելու է հետամնացության, աղքատության և կոնֆլիկտների դաշտ։ Մենք ԱՄՆ-ի հետ ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք տնտեսական և քաղաքական շահ կբերեն մեզ։ Այս նախագծերը երկարաժամկետ են։ Թրամփի ադմինիստրացիան եթե նույնիսկ փոխվի, ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերը մեր ռեգիոնի վերաբերյալ չեն փոխվելու։ ԱՄՆ-ի ցանկացած ադմինիստրացիա խնդիր է դնելու հակակշռել Չինաստանի, Ռուսաստանի ազդեցությունը և մեր ռեգիոնը այդտեղ միշտ նշանակություն ունենալու է, այս դեպքում՝ այլընտրանքային առևտրային ճանապարհներ անցկացնելու առումով։ Այս ամենը սկսվել է դեռ Բայդենի վարչակազմի օրոք, պարզապես՝ մարմնավորում է ստանում Թրամփի ժամանակ։ Այո, միշտ է պետք լինել իրատես։ Բայց առաջարկում եմ իրատես բառը հոմանիշ չդարձնել դեպրես և վատատես բառերին, հատկապես՝ այս անկանխատեսելի և արագ փոփոխվող աշխարհում»։