Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.

Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին

54
Այսօր, 16:30
Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի Ջ.Խ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աննա Աշոտի Պողոսյանը խաբեությամբ տիրացել է իր բնակարանին։

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2014 թվականին Աննա Պողոսյանը, նախնական համաձայնության գալով իր մոր հետ, նպատակադրվել է Ջ.Խ.-ից կատարել հափշտակություն: Մասնավորապես՝ Աննա Պողոսյանի մայրը, օգտագործելով իր և Ջ.Խ.-ի, ինչպես նաև Աննա Պողոսյանի և Ջ.Խ.-ի միջև ձևավորված միջանձնային հարաբերությունները, Ջ.Խ.-ին ներկայացրել է Աննա Պողոսյանի ֆինանսական խնդիրները՝ առաջարկելով 25.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց գրավադրել Ջ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլբեկյան փողոցում գտնվող բնակարանը: Աննա Պողոսյանի մայրը Ջ.Խ.-ին խոստացել է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գտնվող բնակարանը և մարել Ջ.Խ.-ի պարտքը: Այնուհետև, Աննա Պողոսյանը Ջ.Խ.-ի հետ գնացել է նոտարական գրասենյակ, որտեղ 2014 թվականի հուլիսի 8-ին կնքել է փոխառության պայմանագիր՝ գույքի գրավադրմամբ՝ 25.000 ԱՄՆ դոլարի դիմաց: Գրավադրման արդյունքում Աննա Պողոսյանը ստացել է 25.000 ԱՄՆ դոլարը, իսկ հետո չի մարել նախապես խոստացված՝ փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ այդ կերպ Ջ.Խ.-ից հափշտակելով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 10.175.000 դրամ:

Դատախազը 2026 թվականի հունվարի 12-ին Աննա Պողոսյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

2026 թվականի հունվարի 23-ին Աննա Պողոսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ին, ստացվել է մեկ այլ քաղաքացու՝ Ս.Կ.-ի դիմումն այն մասին, որ շուրջ 5 տարի առաջ Աննա Պողոսյանին օգնելու նպատակով, առձեռն փոխանցել է 20.000 ԱՄՆ դոլար՝ բանավոր պայմանավորվածություն ունենալով, որ գումարը կվերադարձնի. առ այսօր գումարը չի վերադարձվել:

Հաղորդման հիման վրա՝ 2025 թվականի նոյեմբերի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Հաշվի առնելով նույն անձի վերաբերյալ նույնանման եղանակով գրեթե նույն ժամանակահատվածում կատարված առերևույթ խարդախության կրկնվող դեպքի առկայությունը՝ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին»: