Երևան`   -10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ.

«ԱՄՆ-ին Գրենլանդիան պետք չէ, ԵՄ-ն փլուզելու միջոց է պետք». Արա Արայան

66
Այսօր, 03:12
«ԱՄՆ-ին Գրենլանդիան պետք չէ, ԵՄ-ն փլուզելու միջոց է պետք». Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ին Գրենլանդիան պետք չէ, ԱՄՆ-ին Եվրոմիությունը ցնցելու և փլուզելու միջոց է պետք։ Ուկրաինայի միջոցով դա անել չի ստացվում։ Թրամփը մանկական անկեղծությամբ ասում է, երբ ռուսներն են համաձայնվում՝ ուկրաինացիներն են դեմ, երբ ուկրաինացիներն են համաձայնվում կարգավորման որևէ ծրագրի՝ ռուսներն են դեմ։
Եվրոպան ֆորմալ առումով Ուկրաինայի հետ է, բայց խորքային առումով կենսական դաշնակից է Ռուսաստանի հետ։ Երբ Ռուսաստանն ու Եվրոպան լուրջ խաղերի մեջ էին, տակավին ջահել ԱՄՆ-ն դեռ չէր կայացել, ոսկու տենդի մեջ էր։ Ռուսների նպատակը ողջ Ուկրաինայի զավթումն է և դա ձեռնտու է Եվրոպային, քանզի Ուկրաինան ամերիկացիները պայթեցրեցին, որպեսզի հետո պայթի Եվրոմիությունը։ Կոլոմոյսկիներին Ուկրաինան թողնել չի կարելի, նրանք այդ մեծ երկիրն այսօրվան հասցրեցին։ Բրեքզիթի միջոցով Մեծ Բրիտանիան Եվրոմիությունից դուրս բերելուց հետո ԵՄ-ն չփլուզվեց, այժմ խաղից դուրս մնալու ահից անգլիացիները հանդես են գալիս Եվրոպայի հետ։ Այս կապակցությամբ տեղին էր Լավրովի վերջին թրոլինգը։ Ասում է, պետք է Բրիտանիան կոչվի Բրիտանիա, ոչ թե Մեծ Բրիտանիա, և հետո նրանք կարծեմ ԵՄ-ից դուրս են եկել, այժմ ինչո՞ւ են ԵՄ-ի անունից հանդես գալիս։)
Ռուսաստանն ու Եվրոպան արդեն մեկ անգամ դարձել են Երկրորդ աշխարհամարտի զոհը, նույն սխալը դժվար թե կրկնեն։ Հատկապես, երբ ի տարբերություն 1930-1950 թվականների, այսօրվա աշխարհում կան Չինաստանի ու Հնդկաստանի պես պետություններ, Իրանի պես դիմադրություն ցույց տվող երկրներ...
Բացի ԵՄ-Չինաստան խորքային դաշինքից, ակնկալվում է ԵՄ-Հնդկաստան ամուր դաշինքի ձևավորում, ԵՄ-ն հայտարարեց Հնդկաստանի հետ աննախադեպ առևտրային ծրագրի գործարկման մասին։
Առայժմ, Թրամփի միջոցով աշխարհը ցնցելու ամերիկյան բոլոր նախաձեռնություններն անօգուտ և միայն ավելի են հեղինակազրկում ԱՄՆ-ին։ Իսկ այսօրվա դրությամբ, լրացավ Թրամփի նախագահության ընդհամենը մեկ տարին, առջևում դեռ երեք տարի կա։ Տարևերջին կայանալիք՝ Քոնգրեսի ընտրություններում ամերիկացիները տալու են Թրամփի գնահատականը։ Եվրոմիությունն է միջազգային իրավունքի վերջին հենասյունը, եթե այն փլուզվեց, անարխիան կլանելու է ողջ աշխարհը։ Ազգային սուվերենություն ու պահպանողականություն երազող բթացված մասսաները չեն զգում այդ վտանգը։ Այդպես եղավ նաև Սովետի փլուզումից հետո։ 15 հանրապետություններից և ոչ մեկը մինչ օրս չի կայանում, ներառյալ Ռուսաստանը։ Ապագան մեծ միություններն են, այլընտրանք չկա»։

Աղբյուրը`   Արա Արայան