«Չի բացառվում՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը գնում են Իրանի զգոնությունը բթացնելու ուղղությամբ»․ Արմեն Պետրոսյան
73
Այսօր, 16:36
Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում ու նրա շուրջ ձևավորված իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. Հաշվի առնելով Իրանում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական վակուումը՝ այս պահի դրությամբ կարելի է առանձնացնել հետևյալ ընդհանրական գնահատականները։ 1․ Հնարավոր է՝ Իրանի իշխանություններին հիմնականում հաջողվել կառավարելիության հուն վերադարձնել ներքին իրավիճակը։ Գործողություններն իրականացվել են և շարունակվում են ինչպես ուժային կոշտ միջոցների կիրառմամբ, այնպես էլ տեղեկատվական-քարոզչական լայնամասշտաբ արշավով՝ թիրախավորելով խաղաղ ցուցարարների շարքերում սադրիչ խմբերի գործունեությունը և ընդգծելով դրանց կապն Իրանում մեծամասամբ թշնամական ընկալումներ ունեցող Իսրայելի և ոչ միանշանակ վերաբերմունք ունեցող ԱՄՆ-ի հանդեպ։ 2․ Իրավիճակին ուղիղ արտաքին՝ ԱՄՆ-ի միջամտության հարցում դեռևս պահպանվում է հետագա քայլերի անկանխատեսելիությունը, անորոշությունը։ Նման իրավիճակի վրա էականորեն ազդում է նախ կանխատեսվող վերջնանպատակի՝ Իրանում վարչակարգի փոփոխության հնարավորության իրատեսականությունը, ցանկալի արդյունքի հասնելուց հետո Իրանում հետագա իրավիճակի կառավարելիության մակարդակի չափելիությունը, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական գործընկերների՝ Իսրայելի, Թուրքիայի մի շարք կարևոր արաբական երկրների դիրքորոշումները։ 3․ Չի բացառվում նաև՝ ԱՄՆ-ն և Իսրայելն այս պահին գնում են Իրանի զգոնությունը բթացնելու ուղղությամբ՝ անակնկալ հարձակման սցենարով շարժվելու նպատակով, ինչպես 12-օրյա պատերազմի դեպքում էր։ 4․ Իսրայելի դիրքորոշման հետ կապված․ ներկա զարգացումներում Իսրայելի ուղիղ ներգրավվածությունն այնքան էլ տեսանելի չէ, որը պայմանավորված է հիմնականում նման կերպ Իրանի ներքին քարոզչությանը և իրանական հասարակության իշխանամետ հատվածի միավորմանը չնպաստելու մարտավարությամբ։ 5․ Ներիրանական գործընթացներին արտաքին միջամտության զսպման կարևոր գործոն է նաև տարածաշրջանում Թուրքիայի, առանցքային արաբական երկրների դիրքորոշումներն ու ռազմավարական դիրքավորումը։ Իսկ դրա հիմքում ոչ շատ ազդեցիկ, կանխատեսելի Իրանի դերակատարումն է՝ որպես կարևոր հավասարակշռող գործոն տարածաշրջանային աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական մի շարք բանաձևերում»։