Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«ՀՀ վարքագծի մասին եզրակացություններն արդեն արված են»․ Նաիրի Հոխիկյան

70
Այսօր, 10:06
«ՀՀ վարքագծի մասին եզրակացություններն արդեն արված են»․ Նաիրի Հոխիկյան

«Ես շատ ցավում եմ, որ Հայաստանի իշխանական, ինչու չէ, նաև ընդդիմադիր քաղաքական, տեղեկատվական ու հանրային դաշտում աշխարհաքաղաքական վերլուծությունները հիմնականում մակերեսային են և ավելի շատ հենվում են արտաքին քարոզչական աղբյուրների վրա։
2025-ի դեկտեմբերի 30-ից ամենօրյա ռեժիմով հայտնում էի, որ ինքս Իրանում եմ և այնտեղ զանգվածային բողոքի ցույցերի ու իշխանությունը ուր որ է տապալելու մասին լուրերը չափազանցված են։ Ցույցեր, իհարկե, լինում էին, բայց 15 մլն բնակչություն ունեցող Թեհրանում 3000 հոգու փողոց դուրս գալը հեղափոխություն անվանելը անլուրջ էր։
Ցավոք, այդ օրերին հայկական մեդիադաշտը և շատ քաղաքական ուժեր տուրք տվեցին ամերիկյան, իսրայելական ու նաև ադրբեջանական քարոզչական աղբյուրների հայտնած կեղծ ու միակողմանի լուրերին և օրեր շարունակ գուժեցին Իրանի կառավարության վերահաս տապալման, Իրանի առաջիկա մասնատման, թուրքամետ Ռեզա Փեհլեվիի անկասելի վերադարձի մասին։ Իհարկե, կային որոշ ադեկվատ գործիչներ, բայց բազմաթիվ հանրային դեմքեր ու քաղաքական կառույցներ քննարկում էին Իրանի նոր կառավարության հետ աշխատելու հարցերը և ստեղծում էին տեղեկատվական աղմուկ։
Երբ ես ասում էի, գոնե կապ հաստատեք Իրանի հայկական համայնքի հետ, ճշտեք իրականությունը և զերծ մնացեք Իրանի վերահաս անկման մասին կեղծ լուրեր տարածելուց, որովհետև ես ինքս Իրանում այդպիսի բան չեմ տեսնում, որոշները ասածներս համեմատում էին Արծրուն Հովհաննիսյանի հետ, թե ինքն էլ պատերազմի ժամանակ Հադրութում ոչ մի թուրք չէր տեսնում, երբ Հադրութը հանձնված էր։ Դե ինչ ասեի դրանից հետո, երբ մարդիկ գերադասում են միմյանց տրորելով ու սեփական պետության շահը անտեսելով' ինքնահաստատվել։
Ակնհայտ էր, որ Իրանի ներքին լարվածության մասին ամերիկյան ու իսրայելական, ադրբեջանական կեղծ լուրեր տարածելով՝ Հայաստանի տեղեկատվական ու քաղաքական դաշտը մտածելու և եզրակացություններ անելու տեղիք էր տալու հարևան Իրանի կառավարության համար, ինչն էլ արտահայտվեց Իրանի դեսպանի հայտարարության մեջ։
Ցավում եմ, որ Հայաստանի իշխանական, քաղաքական, տեղեկատվական ու հանրային դաշտում աշխարհաքաղաքական վերլուծությունները հիմնականում մակերեսային են և առանձնապես չեն հենվում Հայաստանի շահի գիտակցման վրա, այլ ավելի շուտ սկանդալների ու լայք հավաքելու նպատակ ունեն։
Հիմա էլ համատարած գրում ու հայտարարում են, թե բա չեք ասում՝ Իրանի հակակառավարական ցույցերը այնքան էլ մեծ չէին և հեշտ մարվեցին։ Բայց գնացքը գնացել է, Իրանի կառավարության համար Հայաստանի վարքագծի մասին եզրակացություններն արված են»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան