«Դուք սկսում եք ծառայել մի մարդու, որի օրոք Հայաստանը դժբախտացել է»․ Լիլիթ Բլեյան
97
Այսօր, 00:00
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գուցե ձեզ վախեցրել են, ճնշել, գուցե շահագրգռել են։ Գուցե վաղուց պահված ոխ ունեք ձեր սրտում՝ ձեր հոգևոր հոր դեմ։ Գուցե ինչ-որ հանգամանքներ կան, որոնք ձեզ կարևոր են թվում։ Ամեն ինչ մարդկային է։ Վախն էլ է մարդկային, շահն էլ։ Ոխն էլ, երևի։ Բայց Ձեր ծառայությունը հենց այն մեկն է ու ՄԻԱԿԸ մեզ հայտնի բոլոր ծառայություններից, որը մի կողմ է դնում ամենայն մարդկայինը, երկրայինը, մարմնայինը։ Ձեր ծառայությունը, սիրելի հոգևոր հայրեր, վեր է էդ ամենից։ Հակառակ պարագայում ի՞նչ իմաստ ունի այսքան տարվա ձեր նվիրումը։ Դուք, ձեր այս քայլով, մի կողմ եք դնում էն ծառայությունը, որին կոչված եք է՜ն, մեզ անհասանելի վերևներից, ու իջնում-հասնում եք հողեղեն մեկին ծառայելուն։ Դուք սկսում եք ծառայել մարդուն։ Մի կոնկրետ մարդու կամ մարդկանց մի փոքր խմբի, որի օրոք Հայաստանը դժբախտացել է։ Որի օրոք մեր փոքրիկ երկիրը ստացել է չորս պատերազմ, հազարավոր զոհեր, որի օրոք հայաթափվել է Արցախը։ Որը պառակտում ու ցավ է մտցրել մեր երկրի բոլոր անկյուններում, թունավորել է մարդկային կյանքի բոլոր ոլորտները՝ ընտանիքները դարձնելով միմյանց թշնամի, բաժանելով, որ տիրի։ Հիմա դուք, սիրելի հոգևոր հայրեր, օգնում եք, որ նա բաժանի մեզ։ Մեզ ձեզնից բաժանի, մեզ եկեղեցուց բաժանի, մեզ մեզնից բաժանի։ Ձեզ ձեզնից բաժանի։ Ձեր հոգևոր եղբայրներին բանտարկելով՝ բանտարկեցին նաև ձեզ, ու նրանց ցավը պիտի լիներ նաև ձե'ր ցավը։ Գիտե՞ք, թե ինչքան ավելի սուր է հիմա ցավը՝ ձեր այս քայլից հետո։ Մտածե՞լ եք, որ ամեն մեկդ մի դաշույն եք՝ մեր միասնական սրտին։ Սիրելի հոգևոր հայրեր։ Ես ձեզնից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում։ Ես ազատ եմ ձեզ հետ խոսելու։ Ես խոսում եմ էն մեծ ցավի անունից, որը հիմա զգում են մեր ընդհանուր մարմնի մասերը։ Դուք դաշույն եք մեր՝ առանց այդ էլ արնահոսող սրտին։ Դուք թիկունքից հարվածող դաշույն եք, քանի որ ձեզնից մենք դա չէինք սպասում, չէ՞ որ ձեզնից պիտի միայն ու միայն մեր վերքի ամոքումը ստանայինք»։