Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«Կան քաղաքական գործընթացներ, որոնք ընթանում են լայն թափով, բայց անտեսանելի են»․ Դավիթ Անանյան

106
Երեկ, 17:42
«Կան քաղաքական գործընթացներ, որոնք ընթանում են լայն թափով, բայց անտեսանելի են»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին շրջանում սոցիալական հարթակներում և տարբեր հարցազրույցներում կրկնվում է միևնույն անհանգիստ միտքը․ «Ընտրություններին մնացել է հինգ ամսից մի փոքր ավելի, բայց քաղաքական նոր դերակատարները կարծես թե չեն երևում, չեն դիրքավորվում, չեն համախմբվում»։
Այս մտահոգությունն արտահայտում են քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, երբեմն էլ՝ քաղաքական գործիչներ՝ ենթադրելով, որ եթե գործընթացը տեսանելի չէ էկրանին, ապա այն կամ գոյություն չունի, կամ արդյունքներ չի տալիս։
Բայց այստեղ կա մի հիմնարար սխալ ընկալում։
Քաղաքական իրական կյանքը չի ապրում միայն սոցիալական ցանցերում, հարցազրույցներում կամ մեկնաբանությունների հոսքում։ Այն ապրում է Հայաստանի քաղաքներում ու գյուղերում, մարդկանց հետ իրական հանդիպումներում, երկար ու ոչ միշտ հարմար զրույցներում, լսելու, ականջալուր լինելու, վստահություն ձևավորելու գործընթացում։ Այնտեղ, որտեղ տեսախցիկ չկա, բայց կա իրական ցավ, իրական սպասում և իրական պատասխանատվություն։
Կան գործընթացներ, որոնք ընթանում են լայն թափով, բայց անտեսանելի են նրանց համար, ովքեր քաղաքական կյանքը չափում են լայքերի քանակով կամ եթերում հայտնվելու հաճախականությամբ։ Կան նաև խորքային քննարկումներ, դիրքորոշումների մերձեցում, հնարավոր համախմբումների շուրջ լուրջ աշխատանք, որոնք պարզապես չեն տեղավորվում օրվա աղմուկի տրամաբանության մեջ։
Հարցազրույցների թվով կամ հրապարակային աղմուկով չափել քաղաքական կայացվածությունը՝ նույնքան վտանգավոր է, որքան լռությունը շփոթել անգործության հետ։
Այո, հստակ պետք է գիտակցել, որ մենք ապրում ենք էքստրաօրդինար պայմաններում և պատմական այնպիսի պատասխանատու ժամանակահատվածում, երբ շտապողականությունը հաճախ ավելի վնասակար է, քան թվացյալ դանդաղ ընթացքը։ Այստեղ ամեն քայլը պետք է կշռադատված լինի, ոչ թե ցուցադրական։
Այն, որ ինչ–որ բան ձեզ տեսանելի չէ, դեռ չի նշանակում, որ այն չի ընթանում։
Հանգիստ եղեք, սիրելի՜ հայրենակիցներ։ Գործընթացները կան։ Աշխատանքն ընթանում է։ Եվ մենք առաջ ենք շարժվում»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան