«Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը». Ռուբեն Մելիքյան
164
Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 21:36
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ-շատերիդ պես՝ ես ևս լցվեցի մեծ բարկությամբ՝ դիտելով «նիկոլադավան» աղանդ հիմնելու մասին չարափառ հռչակագրի ստորագրման տեսանյութը։ Այդ զազրելի տեսարանը ինձ նույնպես զրկեց խաղաղ քնից, ու մանավանդ այս օրով՝ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության լուսավոր տոնի նախաշեմին։ Բայց հետո հիշեցի Վեհափառ Հայրապետի ահա այս հորդորը, վերստին դիտեցի այն, և խռովքը հաղթահարվեց։ Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը. (1) Ամուր ու աներեր պահենք հավատը։ Չէ՞ որ մեր Եկեղեցին պատկանում է Քրիստոսին, ուստի պետք է հավատալ, որ Աստվածային անտես «հովանին» կշարունակի պաշտպանել մեր Մայր Եկեղեցին ուրացողների ու չարափառների բոլոր դավերից։ (2) Դժվարություններին դիմակայենք արիաբար։ Հավատը շատ-շատ կարևոր է, բայց այն թերևս բավարար չէ, որովհետև մենք էլ մե՛ր բաժին անելիքն ունենք մեր Մայր Եկեղեցին պաշտպանելու գործում. կլինի դա ճշմարտություն խոսելով՝ չարափառների մոլորեցնող փաստարկները ջախջախելը, թե սեփական մարմնով նրանց խոտոր ճանապարհը փակելը։ Ըստ հանգամանքների և ըստ կարողությունների և ըստ անհրաժեշտության։ Բայց բոլոր դեպքերում՝ ջանասիտաբար ու արիաբար։ (3) Թույլ չտանք, որ այս մեծ փորձությունը կարծրացնի մեր սրտերը։ Այս հորդորը հատկապես կարևոր է, որովհետև բարկությամբ լցվելով, թեկուզ արդա՛ր բարկությամբ (եթե այդպիսին գոյություն ունի), ինքներս մեզ ենք վնասում։ Չչարանանք, այլ արիանանք - կարծում եմ, սա՛ է Վեհափառ Հայրապետի հորդորը։ Մեր ներքին ուժերն օգտագործենք ոչ թե չարափառներին անիծելու, այլ մեր վճռականությունն ու կամքն ամրացնելու նպատակով։ (4) Չտրվենք հարմարվողականության ու անտարբերության գայթակղությանը։ «Ես ո՞վ եմ որ. ինձնից ի՞նչ ա կախված», «Մեկ ա՝ վերևներում սած որոշած ա. խի՞ եմ անդարդ գլուխս դարդի տակ դնում», - ծանոթ մտքեր են չէ՞: Երևի հենց դրա՛նց դիմակայելու մասին է Վեհափառ Հայրապետի այս հորդորը։ Հենց նմա՛ն մտքերն են, որ մեզ հաղթելով՝ վերածում են հուսալքված ու ապազգային էակների։ Բա մեզ դա պե՞տք է։ Ոչ։ Ուստի լինե՛նք հավատարիմ ու քաջասիրտ ու բարեսիրտ ու չհարմարվող, - կարծում եմ, հենց սա՛ է Լուսավորչի գահի 132-րդ գահակալի՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ սրբազնացույն կաթողիկոսի հորդորն ուղղված մեզ բոլորիս»: