«Դեկտեմբերյան զարգացումներից մեկը մեզանում որևէ ուշադրության չարժանացավ»․ Վարդան Ոսկանյան
89
Այսօր, 14:24
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումներից մեկը ևս մեզանում որևէ ուշադրության չարժանացավ։ Խոսքը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Հորդանան և Օման այցի մասին է։ Դրա մեզ առավել հետաքրքրող հատվածը, բնականաբար, առնչվում է այցի հակաթուրքական բաղադրիչին, որը շաղկապված է Հնդկաստանի ավելի խոշոր և հեռագնա շահերի հետ։ Հորդանանը «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք» հնդկական տրանսպորտային հանգույցի կարևոր խաղացող է, իսկ այդ հանգույցն ուղղակի մրցակցության մեջ է լինելու թուրքական «Միջին Միջանցքի» հետ։ Ծրագիրը, սակայն, շրջանցում է Իրանը և նաև ներառում Իսրայելը, ուստի ունենք բավական բարդ տարածաշրջանային շահերի համընկնման և բախման համակարգ, որն առնչվում է Հայաստանին։ Օմանի հետ առևտրային համաձայնագիրը Հնդկաստանին հնարավորություն է տալիս հատկապես տարեկան միլիոնավոր դոլարների հասնող ծավալների մարմարի երկկողմ առևտրում աստիճանաբար թուլացնել Թուրքիայի դիրքերը՝ այն փոխարինելով Օմանից ներկրվող քարով։ Սա տեղավորվում է դեռևս այս տարվա գարնանը Հնդկաստանում թուրքական ապրանքների և ծառայությունների բոյկոտի քաղաքականության մեջ, որը պայմանավորված է Հնդկաստանի դեմ Պակիստանին թուրքական աջակցությամբ։ Այս բոյկոտի շրջանակներում հենց հնդիկ գործարարների նախաձեռնությամբ արդեն իսկ նկատելիորեն կրճատվել էին թուրքական մարմարի ներկրումները, իսկ եկող տարվանից գործընթացը կստանա փաստացի համակարգային բնույթ՝ զգալիորեն փոխարինելով թուրքական մարմարն օմանականով, ինչի արդյունքում էրդողանական վարչախումբը կզրկվի միլիոնավոր դոլարների եկամտից։ Այնպես որ, մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, որի ամբողջական պատկերը և դրա արագ կորպոփոխումները պետք է վերլուծել ու հասկանալ և դրանից բխող քայլեր ձեռնարկել հենց կառուցակարգային մակարդակով, այլ ոչ թե պարփակվել Բաքվի և Անկարայի վարչախմբերի, իբր, «հավերժական անսասանության» մասին կարծրատիպի շրջանակներում»։