«Սա իշխանության հոգեվարքի ակնառու նշան է»․ «Հայրենիք» կուսակցության
81
Այսօր, 12:24
«Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հայաստանում տիրող իրավական ամենաթողությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը։ Վերջին օրերին «Հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող հետապնդումները, մասնավորապես՝ կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի և Վաղարշապատում կուսակցության պատասխանատու, ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանի ձերբակալությունն ու ապօրինի կալանավորումը, դրա հերթական և բացահայտ դրսևորումն են։ Իշխանությունների կիրառած գործիքակազմը, ընտրված թիրախներն ու գործողությունների հաջորդականությունը հստակ ցույց են տալիս, որ տեղի ունեցողը մի կողմից արտաքին քաղաքական թելադրանքի արդյունք է՝ ուղղված ազգային ու պետական մտածողության դեմ, մյուս կողմից՝ լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ հայտնված իշխանության վախերի արտահայտություն։ Սա իշխանության հոգեվարքի ակնառու նշան է։ Ակնհայտ է նաև, որ բռնաճնշումների այս ալիքը հետևել է «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամների, հատկապես կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր լրատվամիջոցներով իշխանության հասցեին հնչեցված խիստ քննադատական խոսքին։ Հիվանդագին սրացում ստացած այս բռնապետական գործելաոճը ուղղակիորեն կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Հանրային վստահությունը կորցրած իշխանությունը փորձում է այն փոխարինել վախի մթնոլորտով՝ այլախոհությանը լռեցնելու միջոցով։ Սակայն նման քայլերը ոչ թե ուժ են ցուցադրում, այլ բացահայտում են ռեժիմի ներքին տագնապն ու քաղաքական սնանկությունը։ Մեր զորակցությունն ենք հայտնում Խաչիկ Գալստյանին, Արամ Քոչարյանին, մյուս քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքի անդամներին՝ հանձնառություն ունենալով անխոնջ պայքարի միջոցով հասնել Հայաստանում իշխանության գերության մեջ գտնվող մեր գաղափարակից ընկերների ազատմանը։ Մենք վստահեցնում ենք՝ այս գործընթացների բոլոր պատասխանատուները՝ պատվիրատուներից մինչև իրականացնող օղակները, պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ՝ ապագայում նման երևույթների կրկնությունը բացառելու համար»։