Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ պատարագի ընթացքում հնարավոր և թույլատրելի է բողոք արտահայտել, իսկ Կտրիճ Ներսիսյանի անունը չպետք է հնչի, վաղուց դուրս է եկել անձնական կարծիքի կամ հավատացյալի դիրքորոշման շրջանակից։ Այն վերածվել է քաղաքական ուղերձի՝ ուղղված Եկեղեցու ներս, և այդ հանգամանքն է խնդրի առանցքը։ Խնդիրը նախ և առաջ իրավական է։ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը։ Երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կերպով գնահատական է տալիս, թե ինչն է թույլատրելի կամ անթույլատրելի պատարագի ընթացքում, նա փաստացի մտնում է այն տիրույթ, որը Սահմանադրությամբ իրեն չի վերապահված։ Այստեղ արդեն խոսքը հավատացյալի կարծիքի մասին չէ, այլ պետական իշխանության կողմից եկեղեցական ծեսի բովանդակության քաղաքականացման և վերահսկման փորձի։ Վերջին ամիսներին Փաշինյանը բազմիցս միջամտել է եկեղեցու ներքին գործերին՝ առաջարկելով եկեղեցու կանոնադրության բարեփոխումներ, մասնակցելով այլընտրանքային պատարագների կազմակերպմանը և նույնիսկ պետական օրհներգի կատարում պարտադրելու գաղափարներ հնչեցնելով: Սա օբյեկտիվորեն խախտում է չեզոքության սկզբունքը: Սակայն առավել մտահոգիչ է հայտարարության քաղաքական ենթատեքստը։ «Պատարագի ընթացքում բողոք արտահայտելու» գաղափարը ոչ միայն լեգիտիմացվում է, այլ ներկայացվում որպես ընդունելի և նույնիսկ նպատակահարմար վարքագիծ՝ «գործնական արդյունքների հասնելու» ակնարկով։ Այս ձևակերպումները չեն կարող ընկալվել որպես պատահական։ Հանրային խոր բևեռացվածության պայմաններում դրանք օբյեկտիվորեն հնչում են որպես ազդակ՝ կազմակերպված սադրանքների համար։ Ձևավորվում է վտանգավոր և արդեն ծանոթ շղթա․ նախ՝ խոսքային լեգիտիմացում, ապա՝ «ինքնաբուխ» միջադեպեր եկեղեցիներում, վերջում՝ դրանց քաղաքական արդարացում՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության լեզվով։ Այս տրամաբանությունը ոչ միայն խաթարում է Եկեղեցու ներքին կարգն ու կանոնական իրավունքը, այլ նաև սրբավայրերը վերածում է քաղաքական բախումների հնարավոր հարթակի։ Իշխանությունը հետևողականորեն փորձում է եկեղեցական տարածքը ներքաշել քաղաքական պայքարի դաշտ, ընդլայնելով հակամարտությունը այն ոլորտ, որտեղ պետությունը պարտավոր է պահպանել բացարձակ չեզոքություն։ Եկեղեցին, անկախ իշխանության կամ հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքից, շարունակում է մնալ ինքնավար ինստիտուտ՝ սեփական կանոնական իրավունքով և ներքին կարգով։ Այդ սահմանների խախտումը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքական քայլ։ Դա արդեն կարմիր գծի հերթական հատում է, որը հղի է լուրջ և անկանխատեսելի հետևանքներով՝ թե՛ իրավական պետության, թե՛ հասարակական խաղաղության համար»։