«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
77
Երեկ, 23:12
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռևս 2021 թ. հստակ և հրապարակավ հայտարարել էի, որ Փաշինյանի «փրկությունը» Հայաստանի ամբողջական կործանման մեջ է․ մի կետ, որից հետո «շունը տիրոջը չի ճանաչելու»՝ բոլորը բոլորին են մեղադրելու, բայց այլևս չի լինելու արդարադատություն իրականացնող որևէ պետական մարմին, որն անգամ տեսական հնարավորություն ունենա հետաքննելու, պատասխանատվության կանչելու և պատժելու իրական մեղավորներին։ Ի դեպ, այդ սցենարի համար հողն արդեն իսկ ակտիվորեն նախապատրաստվում է՝ այն բազմաթիվ թե՛ պատվիրովի, թե՛ անմեղսունակ ելույթներով ու գրառումներով, որոնք ընթացիկ հակահայկական գործընթացների մեղքը բարդում են ամբողջ հայ ժողովրդի, այլ ոչ թե, ինչպես ճիշտն ու արդար է, թշնամի արտաքին ուժերի և նրանց տեղական մանկլավիկների վրա։ Սա մեղքի տարրալուծման դասական մեխանիզմ է, որը կիրառվում է պետական ղեկավարության ձախողումները ծածկելու և պատասխանատուներին պաշտպանելու համար։ Իշխանությունը և նրան ուղղորդող արտաքին ուժերը նախապես վերացնում են մեղքի հասցեատիրոջ գաղափարը՝ հասարակությունը ներքաշելով փոխադարձ մեղադրանքների և ընդհանուր կոլեկտիվ մեղավորության կեղծ խոսույթի մեջ։ Այսօր, սակայն, Հայաստանի բնակչության մեծամասնության համար արդեն պարզ է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն որևէ առնչություն չունեն Հայաստանի և հայության կենսական շահերի հետ․ նրանք սպասարկում են բոլորովին այլ՝ օտար շահեր։ Հետևաբար, Փաշինյանն ու ՔՊ-ն կա՛մ արագ և հանկարծակի հեռանալու են, կա՛մ շարունակելու են իշխել որպես բացահայտ բռնատիրական ու օկուպացիոն ռեժիմ։ Երկրորդ դեպքում անխուսափելի է դառնալու սուր քաղաքացիական հակամարտությունը, Փաշինյանի և ՔՊ-ի անփառունակ անկումն ու փախուստը, բայց միաժամանակ՝ նաև Հայաստանի վերջնական ոչնչացման և կատարյալ հայաթափման վտանգը։ Իշխանությունը, որը գործում է սեփական ժողովրդի կենսական շահերի դեմ, երկարաժամկետ հեռանկարում չի կարող խաղաղ ավարտ ունենալ։ Նման ռեժիմները կամ հեռանում են արագ և առանց մեծ աղմուկի, կամ էլ երկիրը թողնում են ավերակների մեջ՝ իրենց փախուստը ծածկելով արյունով ու քաոսով։ Խուսափելու համար այդ աղետալի և, ցավոք, արդեն միանգամայն հավանական դարձած սցենարից՝ անհրաժեշտ է հենց այսօրվանից նախապատրաստվել ամենավտանգավոր պահին, երբ փաշինյանական կառավարման համակարգը կարող է մեկ օրում ամբողջապես փլուզվել՝ կառավարությունն իր նախարարություններով, քաղաքապետարաններն ու մարզպետարաններն իրենց աշխատակազմերով, ԱԱԾ-ն՝ իր բարոյալքված ստորաբաժանումներով, ոստիկանությունն ու նրա գվարդիան՝ իրենց բազմատեսակ ծառայություններով և այլն։ Պետությունները սովորաբար չեն փլվում փուլ առ փուլ․ դրանք փլվում են մեկ-երկու օրում, երբ պարզվում է, որ «իշխանություն» կոչվածը պարզապես դատարկ շենքերի, շքեղ ավտոմեքենաների ու անիմաստ թղթերի հավաքածու էր։ Թե կոնկրետ ինչպես պետք է պատրաստ լինել այդ գալիք փորձություններին՝ այստեղ մանրամասնելու տեղը չէ։ Նշեմ միայն, որ նման դեպքերում (ինքնա)կազմալուծված իշխանությունը, որպես կանոն, ավտոմատ կերպով ստանձնում են կա՛մ քաղաքականապես լավ կազմակերպված ընդդիմադիր ուժերը, կա՛մ՝ դրանց բացակայության դեպքում, տվյալ պետության զինված ուժերը։ Թե որ սցենարն է գործելու Հայաստանում՝ այժմ անհնար է ասել։ Բայց որ Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն՝ ակնհայտ է։ Ամեն դեպքում՝ այդ գալիք հնարավոր իրավիճակներին էլ պետք է պատրաստ լինենք և գլուխներս չկորցնենք։ Ճգնաժամերը հաճախ ծնում են հնարավորություններ և կարող են բերել հաջող ելքերի, եթե միայն դրանք ընդունենք բաց ճակատով»։