«Զելենսկին վերածվում է Դոնալդ Թրամփի անզորության «խորհրդանիշի»»․ Հակոբ Բադալյան
85
Երեկ, 23:42
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ուկրաինայի նախագահ Զելենսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ, եթե ԱՄՆ ու Եվրոպան ապահովեն անվտանգությունը, ապա Ուկրաինան պատրաստ է առաջիկա 60-90 օրվա ընթացքում անցկացնել նախագահի ընտրություն: Սա հետաքրքիր հայտարարություն է, թեև իհարկե պետք է հասկանալ, թե նա ինչ նկատի ունի անվտանգություն ապահովել ասելով: Անվտանգություն՝ քվեարկությա՞ն, ընտրական պրոցեսի՞, թե՞ անվտանգություն՝ հրադադարի տեսքով: Որովհետև դրանք տարբեր ռեժիմներ են: Առաջին տարբերակը ապահովելու ձևեր գուցե գտնվեն, բայց հրադադարի տարբերակը՝ գործնականում անհնարին է, որովհետև ռուսները դա գուցե համարեն բրելֆ և հազիվ թե համաձայնեն դադարեցնել պատերազմը, որպեսզի Զելենսկին անցկացնի ընտրություն: Ավելին, կարող են անգամ կասկածել, որ դա հնարք է, որով Կիևը փորձում է այսպես ասած գցել պատերազմի տեմպը, որն այսօր ռուսների օգտին է: Բայց համենայն դեպս ուշագրավ է, որ նա չի օգտագործում հրադադար բառը, այլ՝ ապահովել անվտանգությունը: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ Զելենսկու հեռանալու հարցը դրված է ու վաղուց: Ես առիթ ունեցել եմ տեսակետս ներկայացնել շատ ավելի վաղ, որ կարծես թե կա ձևավորված ընդհանուր մոտեցում՝ նրա հեռանալու հարցում, և գուցե ԱՄՆ ու Եվրոպայի միջև ընդհանուր մոտեցում չկա նրա տեղն եկողի հարցում: Մի բան հստակ է, որ ԱՄՆ համար նախագահի փոփոխությունը արժեք ունի, եթե նոր նախագահը ընդունելու է կարգավորման ամերիկյան պլանը: Եթե չի ընդունելու, ապա ի՞նչ տարբերություն՝ նա՞, թե՞ Զելենսկին: Եվրոպայի համար հարցը գուցե այլ է՝ Զելենսկու հեռանալու միջոցով գտնել պատերազմի շարունակության հարցում դիվանագիտական մանևրի հնարավորություն, քանի դեռ չի ստացվել պատերազմը դադարեցնելու՝ իրենց համար շահեկան պլան կամ համաձայնություն: Սակայն, նաև նկատելի է, որ վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Թրամպը իսկապես շատ ուժեղ է սեղմում օղակը Զելենսկու շուրջ, ու եվրոպացիներն այստեղ կարող են այլևս պարզապես չունենալ նրան պահելու և Թրամպի հանդեպ Զելենսկու դիմադրությունը ապահովելու հնարավորություն: Վերջին հաշվով, ներկայումս ստացվում է մի իրավիճակ, երբ Զելենսկին վերածվում է Դոնալդ Թրամփի անզորության «խորհրդանիշի»: Թրամպը հազիվ թե երկար հանդուրժի այդ իրավիճակը: Չի բացառվում, որ հենց նա է տվել այսպես ասած 60-90 օր ժամանակը»։