«Սա քաղաքական որոշում է, որի հետևում երևում են կոռուպցիոն ռիսկեր»․ Սուրեն Սուրենյանց
254
Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ., 16:00
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Երևանը սպասում է Ջենիֆեր Լոպեսի համերգին. իշխանության PR՝ կոռուպցիոն ռիսկերով Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ խոսում է մի երկրի մասին, որտեղ կլինի արդարություն, թափանցիկություն, և պետական փողերը կծախսվեն մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար։ Փաստացի մենք ստանում ենք այլ պատկեր․ պետությունը պետական բյուջեից հատկացրել է մոտ 6 միլիոն դոլար՝ Լոպեսի համերգի համար։ Խնդիրը Լոպեսը չէ։ Նա համաշխարհային աստղ է, և եթե մասնավոր բիզնեսը, նրան բերեր Հայաստան, ես խնդիր չէի ունենա՝ անկախ Լոպեսի մշակույթի վերաբերյալ իմ վերաբերմունքից: Խնդիրը քաղաքական որոշման էությունը և դրա հետևանքներն են: Մի քանի փաստ․ 37.000 դոլար միայն սննդի առաքման համար, 185.000 դոլար հյուրանոցների համար, հարյուր հազարավոր դոլարներ՝ «հատուկ ծառայությունների» և անհայտ ծախսերի համար։ Այս ամենը՝ Հայաստանի հարկատուների հաշվին, այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կոռուպցիայի բացառում և հաշվետվողականություն։ Իսկ ինչ կարելի էր անել նույն գումարով՝ թվերով ✔ Վերանորոգել առնվազն 15 գյուղական դպրոց ✔ Ապահովել բնակարանով 150 զինծառայողի ընտանիք ✔ Կամ հոգալ մոտ 10.000 մանկապարտեզի սաների մեկ տարվա սնունդը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման համերգները երբեք չեն ֆինանսավորվում պետական բյուջեից։ ԱՄՆ-ում, Եվրոպայում, նույնիսկ Դուբայում և Կատարում, դրանք կազմակերպում են մասնավոր ընկերությունները, բիզնես ռիսկի հաշվին։ Հայաստանում՝ հակառակ պատկերն է․ պետությունը դառնում է շոու-բիզնեսի հովանավոր՝ քաղաքական շահերի և ընտրական հաշվարկների համար։ Իշխանությունն իր քաղաքացիների սոցիալական խնդիրները թողած, միլիոններ է ծախսում շքեղ շոուների վրա՝ սեփական PR-ի նպատակով: Սա այլևս մշակութային միջոցառում չէ։ Սա քաղաքական որոշում է, որի հետևում երևում են կոռուպցիոն ռիսկեր և իշխանության մտահոգությունը ոչ թե մարդկանց, այլ սեփական վարկանիշի մասին»։