«Որոշ «գաստրոլյորներ» հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ»․ Էդուարդ Շարմազանով
102
Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 16:54
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ողորմելիներ, դեռևս 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ, որ ընդունի Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։ «Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ «գաստրոլյորներ» հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։ Հիմա էլ հայտնի կենտրոնի պատվերով մի նոր անբարոյական սուտ են տարածում, թե 44-oրյա պատերազմի ժամանակ իբր մենք չենք թույլ տվել Նիկոլին ընդունել Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։ Դե հիմա ուշադիր լսեք, այ ողորմելիներ… ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը եղել է հոկտեմբերի 19-20-ին։ Դրա մասին խոսել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին Պավել Զարուբինին տված հարցազրուցում։ Հիմա ուշադրություն. դրանից 7 օր առաջ, 2020-ի հոկտեմբերի 12-ին ես՝ ՀՀԿ-ի անունից կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի առաջին հանդիպմանը Նիկոլի հետ։ Հանդիպմանը ընթերցել եմ ՀՀԿ տեսակետը, որը հրապարակվել է հետո նաև մամուլում։ Նշել եմ, որ 2018-2020թթ. Նիկոլի խայտառակ քայլերը հանգեցրել են այս ողբերգական իրավիճակին։ Ավելին, պնդել եմ, որ սպասվող աղետալի հետևանքների ողջ պատասխանատուն նիկոլական վարչակարգն է։ Ելույթիս վերջում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի անունից հորդորել եմ Նիկոլին դիմել մեր ռազմավարական դաշնակցին ու խնդրել կանգնեցնել պատերազմը, լսել ու համաձանություն տալ ՌԴ իշխանությունների՝ պատերազմը դադարեցնելու առաջարկներին։ Դա արվել է հրապարակային շուրջ 20 հոգու ներկայությամբ։ Այսինքն, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի՝ ՌԴ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։ Ոչ միայն հորդորել ենք ընդունել ՌԴ միջնորդությունը, այլ նաև ասել ենք, որ հենց Նիկոլը դիմի ՌԴ-ին՝ պատերազմը դադարեցնելու առաջարկով։ Հերիք է անբարոյական ստեր պատվիրեք, զզվելի է ուղղակի։ Նամուս, ամոթ չունե՞ք… նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը… Մանր եք, «30 արծաթից» էլ՝ մանր։ Ի՞նչ վերաբերում է ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությանը։ Այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ պատվիրատուին։ Այն ոչ միայն ամուր է, այլ նաև զարգանում է։ Դրա հերթական վկայությունը շուտով կտեսնեք, երբ ՀՀԿ պատվիրակությունը մասնակցի Մոսկվայում «Единая Россия»-ի միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձին։ Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլևս չի աշխատում ոչ Մոսկվայում ու ոչ էլ առավել ևս Երևանում»։