Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ.

«Կկազմակերպվի ստորագրահավաք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին անցանկալի անձ ճանաչելու նպատակով»․ Հայկ Նահապետյան

154
Շաբաթ, 22 մարտի, 2025 թ., 13:30
«Կկազմակերպվի ստորագրահավաք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին անցանկալի անձ ճանաչելու նպատակով»․ Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը հրապարակել է ընդդեմ ԱՄՆ դեսպանի կազմակերպված հավաքի մասնակիցների հայտարարությունը․ «2024 թ. հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում և Ազգային ժողովի հարակից տարածքում ցուցարար քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում, որի հետևանքով շուրջ 100 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ ներառյալ՝ լրագրողներ և օպերատորներ:
Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառել է առնվազն 20 «Զարյա» (Заря) տեսակի լուսաձայնային ձեռքի նռնակներ, որոնց կիրառումը թույլատրելի միայն զինված հանցագործների նկատմամբ, այն էլ միայն բաց տեղանքում։ Մինչդեռ ոստիկանները փաստացի դրանք նետել են ցուցարարների վրա եւ նույնիսկ՝ արդեն նահանջող, փախչող, կամ վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների ուղղությամբ:
Արձանագրվել են դեպքեր, երբ կիրառված նռնակից արդեն իսկ վիրավոր ու գետին ընկած քաղաքացիների եւ այդ վիրավորներին օգնության հասած անձանց նկատմամբ դարձյալ կիրառվել է լուսաձայնային նռնակ:
Փաստենք նաեւ, որ ոստիկանները լուսաձայնային նռնակ են նետել նաեւ լրագրողների եւ օպերատորների խմբի ուղղությամբ, որի հետեւանքով վնասվածքներ են ստացել 10 լրագրող եւ օպերատոր:
Առկա է տեսագրություն, որը փաստում է, որ ոստիկանները նռնակը նետել են ցուցարարի ուղիղ ոտքին, եւ երբ նա կռացել ու վերցրել է այն, նռնակը պայթել է վերջինս ձեռքի մեջ: Պայթյունից ցուցարարի աջ դաստակը ծանր վնասվել է, ինչի հետեանքով անձը կորցրել էր երեք մատ:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի թիվ 90-Ն հրամանի, լուսաձայնային նռնակների կիրառումը նախատեսում է դրանց օգտագործումը մարդկանցից նվազագույն 2,5 մետր հեռավորություն վրա՝մարմնական վնասվածքները կանխելու նպատակով:
Ուստի, նշենք՝ ցուցարարների նման խտության պարագայում, որպես հատուկ միջոց, ձեռքի բեկորային լուսաձայնային նռնակի ընտրությունը, ի սկզբանե լուրջ ռիսկեր է պարունակել հավաքի մասնակիցների առողջության եւ կյանքի համար:
Եւ այդուհանդերձ, նշված վայրում եղել է ընդամենը մեկ շտապօգնության հաշվարկ։
Տեսագրությամբ արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրել, որ նռնակների կիրառումը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղիղ հրամանով։
Թեպետ ոստիկանության սպառազինության զինապահեստում առկա են նվազ վտանգավոր հատուկ միջոցներ, այն է՝ փշալար, ջրցան մեքենա, այնուամենայնիվ կիրառվել է առավել վտանգավոր միջոցը։
Ըստ գործող օրենքի, մինչ հատուկ միջոցների կիրառումը, պետք է լինի ցուցարարների պատշաճ զգուշացում, սակայն դա չի արվել, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է։
Արձանագրվել են դեպքեր, ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ կիրառելու մասին: Բռնություն եւ ահաբեկիչ խոսք տեղի է ունեցել նաեւ ոստիկանական մեքենաների մեջ, ընդ որում, դիմադրություն ցույց չտված քաղաքացիների նկատմամբ: Նշված դրվագներում առանձին ոստիկաններ զանց են առել իրենց օրինական լիազորությունների սահմանները:
Տեսագրությունները փաստում են, որ նռնակների կիրառման ընթացքում «կարմիր բերետավորները» շարունակել են ծեծել ցուցարարների։ Նրանցից մեկին ծեծելով տեղափոխել են ոստիկանական շարքերի խորքը, որի ընթացքում այլ ոստիկաններ ևս հարվածներ են նրան հասցրել, այդ թվում՝ մահակով։ Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները մազերից քաշել և ծեծել պատառոտված հագուստով ցուցարարին։
Ի սկզբանե խաղաղ հավաքի հարեւանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր: Հիշեցնենք, ոստիկանության մասին օրենքի համաձայն, նաեւ ոստիկանական զորքերի մասին նախատեսված օրենքով, խաղաղ հավաքի հարեւանությամբ ոստիկանական զորքերի ներկայությունը արգելվում է։ Ոստիկանական զորքերը կարող են ներգրավվել միայն զանգվածային անկարգությունների առաջացման դեպքում, այն էլ, եթե ոստիկանության այլ ուժերը եւ ԱԱԾ-ն սեփական ուժերով ի վիճակի չեն կանխել եւ դադարեցնել այդ զանգվածային անկարգությունները:
Փաշինյան Նիկոլը այդ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, հանդարտության եւ ողջախոհության կոչերով հանդես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի է լարել իրավիճակը՝ հրահրելով բռնությունների գործադրում խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների հանդեպ եւ ապօրինի գործողություններ՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։
Նիկոլ Փաշինյանը՝ բախումներից կարճ ժամանակ անց, գնահատականներ է տվել տեղի ունեցածի վերաբերյալ՝ որակավորելով ոստիկանության գործողություններն իրավաչափ, համաչափ եւ պրոֆեսիոնալ: Այսպիսի կանխակալ դիրքորոշումն ակնհայտորեն կաշկանդել է վերոհիշյալ դեպքերի եւ իրադարձությունների անկողմնակալ, լիարժեք, համապարփակ եւ մանրակրկիտ քննությանը:
Ոստիկանությունը չի ձեռնարկել քաղաքացիների հետ բախումից խուսափելու համար նախատեսված բոլոր պատշաճ քայլերը, իսկ բախումից հետո ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը եւ լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները, որի հետեւանքով հարյուրավոր անձանց հիմնարար իրավունքներ խախտվել են:
Առ այսօր պատկան կառույցների կողմից չեն անցկացվել թափանցիկ ծառայողական քննություն՝ ոստիկանության կողմից թույլ տրված բռնարարքների և այլ իրավախախտումների, ներառյալ հավաքի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոց չհանդիսացող տարբեր առարկաներ նետելու և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։
Քննության պետք է առնել և իրավական գնահատական տալ ոստիկանության ծառայողների գործողություններին, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների ընտրության հիմնավորվածությանը, կիրառված հատուկ միջոցների քանակի հիմնավորվածությանը, բերման ենթարկված չդիմադրող ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման դեպքերին և այլ խախտումներին:
Չի նախաձեռնվել քրեական վարույթ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ՝ առանց օրենքով նախանշված հիմքերից որևէ մեկի առկայության հատուկ միջոցներ կիրառելով լիազորությունները չարաշահելու հանցակազմի հատկանիշներով։
Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, դեպքերից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չեն արտահայտել տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։
Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում հաստատելով ոստիկանապետություն։
Նիկոլ Փաշինյանը պետական համակարգը դարձրել է մասնակից իր բռնությանն ու հակաօրինական գործունեությանը: Ոստիկանությունն ու ոստիկանության առանձին ստորաբաժանումներ նույնպես դարձել են մասնակից այդ հակաօրինական գործունեությանը: Նիկոլ Փաշինյանը իր հակաօրինական գործունեությանը մասնակից է դարձրել նաեւ Քննչական կոմիտեն՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու իմաստով։
Հունիսի 12-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է երկու քրեական վարույթ․ մեկը՝ քաղաքացիների կողմից ենթադրյալ զանգվածային անկարգությունների փաստով, իսկ մյուսը՝ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնական լիազորությունների ենթադրյալ վերազանցման փաստով։ Առաջին գործը քննվել է ավելի քան 100 քննիչներից կազմված քննչական խմբի կողմից, կատարվել են ձերբակալումներ եւ շուրջ երեք ամիս հետո գործը փոխանցվել է դատարան, 16 անձանց առաջադրելով մեղադրանք՝ մեկը զանգվածային անկարգության մեղադրանքով, մնացածները՝ խուլիգանության։ Ներկայումս դատաքննությունը շարունակվում է։ Մինչդեռ ոստիկանությա'ն գործողությունների մասով նախաքննությունն ընթանում է դանդաղ՝ նախաքննական գաղտնիքի խստագույն ռեժիմով: Մինչ օրս որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։
Ուստի, բնական է, որ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը իր տարածած հաղորդագրության մեջ ոստիկանության գործողությունները, այն է՝ ոչ համաչափ եւ ոչ իրավաչափ գործողություններ, բռնություններ եւ խոշտանգումներ իրականացրած ՀՀ ոստիկանության եւ ոստիկանական զորքերի զինծառայողների կողմից կատարած արարքները որակում է որպես իրավաչափ եւ խրախուսում է այն: Միաժամանակ, հունիսի 12-ին Երեւանում, Ազգային Ժողովի հարակից տարածքում, սահմանադրությամբ արտոնված ցույց անցկացնելու իրավունքը իրականացնող ՀՀ քաղաքացիներին հորդորում է հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսեւորումներից:
ԱՄՆ ժողովրդին և պետությանը ներկայացնող ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նման արարքով վարկաբեկում է ԱՄՆ 47-րդ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող իրապես ժողովրդավար քաղաքականությունը, քանզի կիրառում է երկակի ստանդարտներ, անուղղակի խրախուսելով և պաշտպանելով ՀՀ ռեժիմի, մասնավորապես ՀՀ վարչապետի պարտականությունը կատարող Փաշինյան Նիկոլի ձեռքի գործիք հանդիսացող Ոստիկանությանը, Քննչական մարմիններին և վերջիններիս կողմից անօրինական, հակաիրավական, հակամարդկային գործողությունները։
Հավաքի մասնակիցները ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին դիտում են որպես անցանկալի անձ և հետամուտ են լինելու, որպեսզի վերջինս օր առաջ լքի Հայաստանի Հանրապետությունը։
Հավաքի մասնակիցները այսօրվանից Հայաստանի ամբողջ տարածքում սկսում են կազմակերպել ստորագրահավաք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին persona non grata ճանաչելու նպատակով և լիահույս են , որ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նոր վարչակազմի կողմից արդարացի, իրապես ժողովրդավար և քրիստոնեական արժեքների հենքի վրա իրականացվող քաղաքականությունը իր դրական արտացոլումը կգտնի նաև Հայաստանում»։

«Հայաստանի ամբողջ տարածքում սկսվում է ստորագրահավաք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին persona non grata ճանաչելու նպատակով»․ Հայկ Նահապետյան
«Հայաստանի ամբողջ տարածքում սկսվում է ստորագրահավաք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին persona non grata ճանաչելու նպատակով»․ Հայկ Նահապետյան