«ՀՀ կառավարության ղեկավարն Ադրբեջանի դեմ գանգատներից հրաժարվելու իրավասություն չունի»․ Արման Թաթոյան
100
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 14:24
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն առաջացնում է իրավական կարևոր հարց: ՀՀ կառավարության ղեկավարն այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ՝ ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը և սխալ մեկնաբանելով Կառավարության լիազորությունները: Նա չունի այդ գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրավասություն: Դա հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին, ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները: Այդ գանգատներից հրաժարվելը Հայաստանի Հանրապետությունը դնում է պատասխանատվության տակ սեփական քաղաքացիներին իրենց իրավունքների զանգվածային խախտումների համար պաշտպանությունից զրկելու, այդ պաշտպանությունից հրաժարվելու և հետագայում պաշտպանության խոչընդոտներ ստեղծելու համար, մաքրում է ադրբեջանական հանցանքները: Ուստի, գանգատներից հրաժարվելը չի կարելի «հիմնավորել»՝ Կառավարության ինչ-որ առանձին, «մեկուսացած» լիազորության վրա հղում անելով: Սա այդ դեպքը չէ: Ընդ որում, միջազգային դատարանում միջպետական գանգատ ներկայացնելն ինքնին չի ենթադրում դրանցից հրաժարվելու Վարչապետի կամ Կառավարության բացարձակ հայեցողություն: Հրաժարվելն ունի բոլորովին այլ իրավական ռեժիմ արդեն իսկ նախաձեռնված կամ ընթացող միջագային դատական գործընթացի պայմաններում: Այն, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ՀՀ վարչապետի աշխակազմի կառուցվածքային միավոր է, ոչինչ չի նշանակում: Կոպիտ սխալ էր այդ միավորը Վարչապետի աշխատակազմի մաս դարձնելը հատկապես գործող Կառավարության պարագայում, որի համար քաղաքական շահերը գերակա են պետական շահերի նկատմամբ: Նշվածից բացի, ՔՊ ղեկավարն իր հայտարարություններով ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ այլ գործերով նման բաներ տեղի են ունեցել: Օրինակ՝ ինքը կամ իր քաղաքական թիմակիցների մի մասը մինչև իշխանության գալը Եվրոպական դատարան են ներկայացրել գանգատներ ու հիմա քաղաքական ճնշում օգտագործելով՝ ստիպել են հրաժարվել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներից հանուն իրենց «հաղթանակի»»: