Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ.

Կալանավորվել են ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիներն, ովքեր խուլիգանություն էին կատարել Երևանի մետրոյում

89
Երեկ, 23:24
Կալանավորվել են ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիներն, ովքեր խուլիգանություն էին կատարել Երևանի մետրոյում

Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասի, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Րադգինի, 20-ամյա Սավելիյ Բիրյուկովի, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովի, 19-ամյա Ստեփան Սայի նկատմամբ, ովքեր բռնվել էին Հայաստանի սահմանում՝ Բագատաշենի անցակետից, երբ փորձել էին լքել ՀՀ տարածքը: Նրանք կասկածվում են խուլիգանություն կատարելու համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նշած 5 անձինք կալանավորվել և դատարանից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Մետոպոլիտենում: Անհայտ անձինք «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառի կոճակով կանգնեցրել էին: Մինչ գնացքավարը դիսպետչերին հայտնել էր տեղի ունեցածի մասին, այդ ընթաքում բաց տարածքում 4-5 դիմակավորված անձինք անցել էին պատն ու սկսել գնացքի վրա գունավոր ներկերով ինչ-որ գործողություններ անել, քարեր են նետել մետրոյի ուղղությամբ, խոչընդոտ առաջացնելով մետրոյի գնացքի տեղաշարժի համար:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալներից Լուկաս Ռևինսկասը «Պոպիս» ճարտարապետական ստուդիայի տնօրենն է, Գեորգի Րադգինը սովորում է Մոսկվայի «МХПИ» քոլեջի 2-րդ կուրսում, Սավելիյ Բիրյուկովը սովորում է Սամարայի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ Ստեփան Սայը սովորում է Մոսկվայի ճարտարապետական և ինժեներական քոլեջում: