Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը դեռ ուժի մեջ է. «Ժողովուրդ»

103
Երեկ, 08:54
Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը դեռ ուժի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում դեռ շարունակում է քննարկվել ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը:
Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Իջևանում խոզ խանձելու օրը՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը հանգրվանել է Սևանի ափին գտնվող կառավարական առանձնատանը, որտեղ ՔՊ-ական կարկառուն մի քանի ներկայացուցիչների հետ «մինի» ժողով է արել:
Նախ, ներկուսակցական մի քանի հարցեր քննարկելուց հետո, շոշափել են Անդրանիկ Քոչարյանին անվնաս չեզոքացնելու հարցը:

Իշխանականների մի խումբ պնդել է, որ Քոչարյանի հարցը բարձրացվեց, թեժ քննարկվեց, բայց հետևանքներ չեղան նրա համար․ այդպես էլ անպատիժ մնաց, ինչը ՔՊ վարկանիշի վրա վատ ազդեցություն է ունեցել:

Անդրանիկ Քոչարյանի հետ լարված ՔՊ-ականների այդ խումբը պնդել է, որ Քոչարյանը ոչ միայն պետք է պաշտոնանկ արվի, այլև առհասարակ վռնդվի ՔՊ-ից:

Ավելին՝ նրանք պնդել են, որ Քոչարյանի հետ պետք է պատժվեն նաև նրա մտերիմ ՔՊ-ականները՝ Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, որոնց մեղադրում են Անդրանիկ Քոչարյանի համախոհները լինելու համար:

Սևանի առանձնատանը տեղի ունեցած նեղ կազմով քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքը՝ պատգամավոր Վահե Ղալումյանը և եղբայրը՝ մարզպետ Հայկ Ղալումյանը, որոնք խոսքի ընթացքում փորձել են պաշտպանել Քոչարյանին՝ ասելով, թե արդեն դասեր է քաղել, խելոքացել է, պետք չէ խիստ պատժել նրան:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ոչ մեկի կողմը «չի բռնել», լսել է բոլորին, բայց կարծիք չի հայտնել․ հավանաբար դեռ երկմտում է»:

Մանրամասները՝ թերթի համարում: