Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

ՔՊ-ն որոշել է ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»

84
Այսօր, 09:06
ՔՊ-ն որոշել է ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+ բառապաշարով հայտնի ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ:
«Երեկ նրա թեկնածության քննարկման ժամանակ պարզվեց, որ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Սիրունյանի բարեվարքությանը, Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ էլ հանդես եկան հայտարարությամբ՝ ԱԺ-ին կոչ անելով չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը:
Մեր տեղեկություններով՝ իշխող ֆրակցիան, չնայած դժգոհությունների մեծ ալիքին ու կոչերին, դեռ նախորդ տարվա ՔՊ խմբակցության նիստում որոշել էր ՔՊ-ի «սրտի փաստաբան» Ալեքսանդր Սիրունյանին, ով ատելության խոսքի «գուրու» է, հայտնի է արցախցիների ու ընդդիմադիրների վերաբերյալ խայտառակ գրառումներով, ընտրել ԲԴԽ անդամ:

Վերջինս ՔՊ կուսակցության անդամ էր, բայց հանուն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու՝ դուրս է եկել ՔՊ-ից:

Ալեքսանդր Սիրունյանը նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նախկին փոխնախագահ, պատգամավոր Լենա Նազարյանի փաստաբանն է եղել:
Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով է Սիրունյանը Ալեն Սիմոնյանի շահերը ներկայացրել. խոսքը նախկին ոստիկանապետի՝ նռնակ նետելու գործի մասին է:

Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրգործի նյութերի՝ նա 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևանում բողոքի ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Սիմոնյանն այդ ժամանակ Երևանի ավագանու անդամ էր:

Իսկ Լենա Նազարյանի շահերը Սիրունյանը ներկայացնում էր այլ գործով. պատգամավոր Թագուհի Թովմասյանը երբ դատարան էր դիմել՝ պարտադրելու Լենա Նազարյանին ներողություն խնդրել վիրավորանքի համար, փաստաբանը դարձյալ Սիրունյանն էր: Նա 3 աստիճանի բոլոր դատարաններում պարտվեց Լենա Նազարյանի հետ և Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրեց. սակայն Սիրունյանն ու իր վստահորդ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը դեռ չեն տվել փոխհատուցումը»:

Մանրամասները՝ թերթի համարում: