«Համընդհանուր հայտարարագրի համակարգը չի կանխարգելում կոռուպցիան». Հակոբ Բադալյան
90
Այսօր, 12:42
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համընդհանուր հայտարարագրի համակարգը չի կանխարգելում կոռուպցիա, և դրա պարզ վկայությունն այն է, որ կոռուպցիա գոյություն ունի նաև այն երկրներում, որտեղ տասնամյակներով գործում է համընդհանուր հայտարարագրի համակարգը: Ըստ այդմ, այդ փաստարկը կարող է «մարսել» միայն հանրության այն հատվածը, որն ունի իմացության, խոշոր հաշվով՝ կրթվածության խնդիր: Նաև դրա համար է, որ մի քանի անգամ ասել եմ՝ չնայած կրթվածության «հանրահռչակման» տեղեկատվա-քարոզչական արշավին, կառավարող ուժի առաջնորդի խոսույթն ու հանրությանը մատուցող բովանդակությունը սպառման ենթակա է առավելապես հանրային այն շերտում, որը չունի կրթական բարձր ցենզ և ինչպես ասում են՝ քննական մտածողություն, կամ, այդ ամենն ունենալով, այդուհանդերձ ունի հարմարվողականության բարձր ցենզ: Վերադառնալով հայտարարագիր-կոռուպցիա «սխեմային»: Համընդհանուր հայտարարագրման համակարգ ունեցող երկրներից շատերում կոռուպցիոն ծավալները ոչ միայն նվազ չեն, ի տարբերություն «չունեցող» երկրներից շատերի, այլ գուցե նույնիսկ ավելին: Այլ հարց է, որ դրանք պարզապես «աշխատում» են այսպես ասած՝ բյուջեով, այլ կերպ ասած՝ «թղթերով» ամեն ինչ լինում է կարգին: Ամբողջ հարցը թերևս այն է, որ մեր հանրության մի մասի պատկերացմամբ, և՝ վերը նշածս մասի պատկերացմամբ, կոռուպցիան դա «սև փողն» է, հետևաբար բավարար է, որ չլինի չհայտարարագրված փող, և չի լինի կոռուպցիա: Իսկ գործնականում, կոռուպցիան իշխանության լծակի չարաշահումն է, հովանավորչությունը: Երբ, օրինակ, կարող են իրականացվել պետական գնումներ մեկ անձից՝ զանազան պատճառաբանություններով: Կամ՝ պետական գնումների համակարգում կարող են հայտնվել միջնորդ կառույցներ, որոնք պատկանում են ինչ որ մեկի քեռուն, եղբորը, ընկերոջը, քրոջը, մորաքրոջը, և այլն: Կամ, պետական լծակները գործադրվում են անցանկալի անձանց դեմ, իսկ ցանկալիների համար ապահովում «ազատ մրցակցային» դաշտ: Ավելին, պետական իշխանության լծակները թույլ են տալիս կամ աչք փակել, կամ նույնիսկ ապահովել՝ «սև փողի» օրինական, «հայտարարագրվող» այնպիսի պտույտներ, որ կարող են լինել երևակայությունից դուրս: Հայտարարագրման համընդհանուր համակարգն, իհարկե, պետական իշխանությանը թույլ է տալիս բարձրացնել հանրության հանդեպ վերահսկողությունը, «մրցակիցների» հանդեպ վերահսկողությունը»: