Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար

74
Երեկ, 21:54
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար

Բյուզանդական ճարտարապետության գոհարներից մեկի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները և դամբարանները մեծամասշտաբ մաքրումից հետո կբացվեն այցելուների համար:
Այա Սոֆիայի գիտական հանձնաժողովի անդամ Հասան Դիրատ Դիկերը նշել է, որ այս աշխատանքներն առաջին անգամ հնարավորություն կտան հանրությանը ցույց տալ տաճարի տակից հայտնաբերված բացառիկ հնագիտական գտածոներն ու բազմադարյա գաղտնիքները:
Սուրբ Սոֆիայի շուրջ գտնվում է մոտ մեկ կիլոմետրանոց ստորգետնյա ցանց, որոնց մեջ կան թունելներ, պահոցներ և դամբարաններ: Պրոֆեսոր Դիկերը հայտնել է, որ մաքրման աշխատանքները կտևեն մոտ մեկ տարի, որից հետո արդյունքները մեծ հետաքրքրություն կներկայացնեն Թուրքիայի և աշխարհի համար:
«Այս գտածոները ոչ միայն թույլ կտան այցելուներին տեսնել ստորգետնյա շինությունների համակարգը, այլ նաև կօգնեն հասկանալ Ստամբուլի պատմությունը»,- ընդգծել է Դիկերը:
Մասնագետի խոսքով, ստորգետնյա որոշ հատվածներ մոտ 1500 տարեկան են, իսկ թաղումների հատվածները հավանաբար Այա Սոֆիայից էլ ավելի հին են:
Մաքրումն ու վերականգնումը նաև կբարելավի շինության կլիմայական պայմանները:
«Այս աշխատանքը կարևոր քայլ է Այա Սոֆիայի ժառանգության պահպանության ուղղությամբ, ինչը թույլ կտա ընդգծել նրա պատմական արժեքն ու ավելի շատ հետաքրքրություն առաջացնել տաճարի նկատմամբ այցելուների շրջանակներում»,- ավելացրել է Դիկերը: