«Միջազգային դատարաններից հայցերի հետկանչմամբ ՀՀ-ն ինքնաճանաչվում է ագրեսոր և նվաճող». Դավիթ Կարապետյան
117
Այսօր, 17:36
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բոլոլան, Երևանի շորորան… Ալիևի հավակնությունների, ամբիցիաների ու քմահաճույք-կապրիզների մասին բազմիցս եմ բարձրաձայնել: Գիտենք նրա թե՛ անսահման հայատյացության, թե՛ ծավալապաշտական, թե´ առավելապաշտական ծրագրերի և թե´ պարտադրած անթիվ, անսահման ու անավարտ պայման-պահանջների մասին: Մարդը դեռ «հաղթանակի» էյֆորիայի տակ է, ժամանակ առ ժամանակ ցայտնոտ ու «աբիժնիկություն» է դրսևորում, ամենօրյա ռեժիմով մի նոր բան մոգոնում: Նրան երկնքից իջեցնող առայժմ չկա, նա իր կյանքի օլիմպոսում է, բայց և ներքուստ գիտակցում է, որ ֆոբիաները տեղին են, որ ընկնելը ցավոտ է լինելու, մանավանդ, որ հաջողությունները հավիտյան չեն: Իսկ մինչ այդ՝ քանի դեռ նախագահ է, Հայաստանում էլ կա Փաշինյան, թուրն ինչպես ուզում կտրում է, լեզուն էլ՝ շաղ տալիս, հոխորտում: Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարություններից առավելագույնս քաղելով՝ վերջինս վերաթարմացրեց 44-օրյա պատերազմից հետո հնչեցրած պահանջը, որի մասին մինչ վերջերս ակնարկ չկար: Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հանձնել «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին», ովքեր «թաքնվում» են ՀՀ-ում»։ Ասել կուզի՝ հանուն խաղաղության հաստատման, պահանջում է ՀՀ իշխանություններին հանձնել ՀՀ և ԱՀ նախկին նախագահներին, բարձրաստիճան զինվորականներին, միջին և ցածր սպայական անձնակազմին, արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում դերակատարում ունեցած գործիչներին, ինչպես նաև Արցախի ՊԲ-ի հետ երբևէ կապ ունեցած անձանց: Վերջինս անկեղծորեն հաստատում է, որ Բաքվին հանձնելով այս մարդկանց, Հայաստանն այդկերպ ցույց կտա, որ իսկապես խաղաղության է ձգտում: Այս հայտարարությանը հաջորդեց առաջին հայացքից աբսուրդ ու ֆանտաստիկ թվացող մի ակնարկ, ըստ որի յուրաքանչյուր հայ, ով նույնիսկ մեկ անգամ հատել է ՀՀ սահմանն անցնելով ԼՂՀ տարածք՝ մեղադրվելու է առնվազն մեկ հոդվածով, այն է՝ Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում։ Իհարկե՛ հիմա կծիղաղեք, կասեք զավեշտ է, ֆանտաստիկայի ու մարազմի ժանրից է, որ չի կարող պատահել , «ղալաթ» են արել, որ նման բան են ասել… Դե, իհարկե: Մեր առաջին արձագանքը դա է լինելու, մինչ այն պահը, երբ ինչպես նախորդ պարադոքսալ թվացող պահանջները, սրանք ևս որպես հերթական նախապայման սևը սպիտակի վրա գրված կդրվեն սեղանին: Մի զավեշտ էլ այն է, որ ՀՀ իշխանություններին մնա՝ առանց նախապայման, առանց ոչ մի բանի դիմաց էլ մեծ սիրով ու ջոմարդությամբ վերը թվարկված մարդկանց օր առաջ կհանձնեն Բաքվին: Մանավանդ, որ այդ մարդիկ իրենց համար գլխացավանք-ջառմա են, իսկ «տանք պրծնենք, հանգիստ ապրենք»-ը՝ միշտ ակտուալ: Համ էլ, ինչպես ասում են՝ Աստված տվողին է տալիս: Տեսնում ենք՝ հայաստանյան բոլոր ճանապարհներով անխոչընդոտ ու անարգել երթևեկ տրամադրելու պատրաստակամություն հայտնել են (ասել է թե՝ միջանցք, ուղղակի անունն է այլ կերպ փաթեթավորվում), միջազգային դատական ատյաններից հայցապահանջները հետ կանչելու որոշում կայացրել են, որի պատճառով միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմումները գրել են: Ընդ որում՝ իրենց կամքով, ոչ թե՝ «ազատման դիմում գրի՛ր sms—ով»: Հերթական պահանջները բավարարելու ֆոնին, տեսնում ենք, թե ինչպես Ալիևն Անկարայում կրկին խոսում է Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին: Վերջինս խոսում է իբր «պատմական անարդարությունից» որ, թե «Արևմտյան Զանգեզուրն ապօրինաբար պոկվել է Ադրբեջանից ու անարդարացիորեն հանձնվել Հայաստանին: Որ խորհրդային վարչակազմի կողմից այն Ադրբեջանից անջատելու և Հայաստանին փոխանցելու պատճառով Նախիջևանը էսկլավի է վերածվել ու Ադրբեջանի հիմնական մասի հետ չունի ցամաքային կապ» ակնարկելով, որ չի հաշտվելու նման ստատուս քվոյի հետ: Հասկանալի է, որ այսկերպ նա սպառնում օկուպացնել Սյունիքը: Իսկ դա իրականացնելու և ոչ մեկից հակազդեցություն չստանալու համար անհրաժեշտ է լեգիտիմացնել Հայաստանի ագրեսոր լինելու հանգամանքը: Գաղտնիք չէ, որ Ալիևը առիթ է ստեղծում ու հող է նախապատրաստում հարձակման համար: Հենց այնպես չեն Ադրբեջանական ԶԼՄ-ները վայնասուն կապել, թե Հայաստանն իբր ծրագրում է ապրիլին պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ: Դժվար չէ կռահել, որ նման քարոզչությունը մեսիջ է մեզ՝ հասկանալու հենց Ադրբեջանի օրակարգն ու ծրագրերը։ Նմանատիպ հայտարարությունները տրամադրություններ շոշափելու ու Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար են, որպեսզի պատերազմի սպառնալիքով կրկին միակողմանի զիջումներ կորզեն: Մանավանդ՝ նրանք քաջատեղյակ են, որ ՀՀ գործող իշխանությունները՝ «Եթե չտանք՝ պատերազմ կլինի» մերկապարանոց թեզով սեփական ժողովրդին ահաբեկող են, հլու-հնազանդ, կոլաբորանտ կամակատար են, նոն-ստոպ ու all inclusive ռեժիմով քմահաճույք ու ցանկություն բավարարող են: Դրա համար էլ համարժեք պատասխան տալու կամ գործելու փոխարեն լսում ենք՝ «Հայաստանում կլինի օդանավերի ու տիեզերանավերի արտադրություն» մեգամուտիտ տաֆտալոգիան: Այս տեմպերով վաղը կլսենք՝ սուզանավ ու թռչող ափսեներ արտադրելու մասին համահայկական աչքալուսանքը… Ու սա ասում են մարդիկ որոնք գումարներ փոշիացնելով ու մսխելով հայկական արբանյակ իբր տիեզերք ուղարկեցին, Սնուփ Դոգ բերեցին, Սաշիկի 50-50-ն ապացուցեցին, «Անիֆով» հարցեր լուծեցին: Մարդիկ, որոնք առ այսօր մետրոյի ընդամենը մի կայարան են սարքում, բայց իրականում ուղեղաշինությամբ են զբաղվում: Դե իսկ Գյումրիում գլխավոր շոումենի՝ «մեր Սարիկը» օպերացիայի շրջանակներում, «նախկին-ներկա», «գող-ավազակ-թալանչի, ապօրինի գույք» հանապազոր դիսկուրսի ու «վերջին ճակատամարտի» համատեքստում, գարնանային սրացումների ֆոնին, թավշե խամաճիկների բուռն հիացական ծափահարությունների ու բրավո-բիսերի ներքո հնչում են 5-րդ պալատից փախածի հերթական փսիխոմարազմատիկ «պոպուլիզմապաթոսահաթաթան», շաղախված՝ խաբված ժողովրդից գողացած, այս անգամ՝ «ռենջ ռովեր առ ռենջ ռովեր, բռաբուս առ բռաբուս, յաշիկ առ յաշիկ» վերադարձնելու ու առնետներին իրենց առնետային նկուղներն ուղարկելու մասին 7 տարվա նույն հոգեցունց երգը: Կարևորը՝ 7 տարվա մեջ 2010 թիվ մեկ «Ռենջ ռովեր» իրոք «վազվրատ» արել է: Իհարկե՝ զուտ մեքենայի տիրոջ ցանկությամբ: Ընտրություններից առաջ՝ թալանի հետ վերադարձնելու, պատժի չենթարկված հանցագործներին, սրան-նրան պատժելու մասին պաթոսախոսությունն էլ չուշացավ: Առավել ևս, որ շանտաժի ու գործ կարելու համար, այս օրերի համար ունի «զապաս պահած» հազար ու մի շինծու կոմպրոմատ: Մի ողջ երկիր կործանողը, հող հայրենիք տվողը, տասնյակ հազարավոր մարդկանց տներից ու ապրուստից զրկողը, այդքան մարդու գերեզման պարկեցնողը, ջահելներին հաշմանդամ դարձնողն ու կյանքեր ու ճակատագրեր խեղողը խոսում է առնետներից, թալանից ու պատժելուց… Դե իսկ Գյումրիի էյֆորիայով չբավարարվելով՝ գերագույն ֆեյսբուքմենն իր մելամաղձոտ ու սրտաճմլիկ խոսքը պետք է ասի՝ արդարանալով, որ «իրեն ոչ մեկ չի բերել իշխանության և որ նա ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն է, որին ժողովուրդն ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»: Ընտրակեղծարար-ուզուրպատորներին էլ հորդորեց ասել, թե իրենց իշխանության ովքեր և ինչու են բերել, բայց չդիմացավ ու ինքն ասեց, որ նրանց բերել են, որ Հայաստանն երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն ընդհանրապես չլինի: Դրան էլ հետևեց Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր դատերի, քրեական գործերի ու քաղաքական հետապնդումների շարանը: Հետո ավետեց արդեն իսկ ավանդական դարձած՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի առաջին քննարկման խիստ արդյունավետ ու բովանդակային լինելը: Այդ համատեքստում կրկին հասկացրեց, որ մենք շրջափակված ենք Թուրքիայով և Ադրբեջանով և այս «իրողությունը» չենք կարող փոխել, որ մեր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել են, որ մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերն իրենց իմպերիալիատական նպատակների համար, որ դրա համար մենք պետք է կատարենք բոլոր պահանջները, այդ թվում՝ մոռանանք Հայոց ցեղասպանությունը, Մասիս սարը, վերջնականապես հրաժարվենք Արցախից, փոխենք մշակույթը, պատմության դասագրքերը, ջնջենք անցյալի գրականությունը, որոնք պարունակում են ազգայնականություն ու պահանջատիրություն, Հայաստանի տարածքով միջանցքներ տանք, որ այն էքսպանսիայով չվերձնեն, պատրաստ լինենք դիմավորել ադրբեջանցիներին Հայաստանում, նրանց հետ ապրենք ու համագոյակցենք: Եվ եթե այս ամենն անենք, թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու, կոտորելու և մենք ներկա Հայաստանի որոշ հատվածից կստանանք «Իրական Հայաստան» ու կկարողանանք էքզիստենցիալ գոյություն պահպանել։ Նա նաև վերահաստատեց, որ նոր սահմանադրությունը կունենա «տարածաշրջանային նշանակություն»՝ փաստացի ասելով, որ Բաքվի պահանջով պատրաստվում է փոխել մեր երկրի մայր օրենքը։ Այսպիսով՝ չկա մի պահանջ, որ նա չի կատարել ու չի պատրաստվում կատարել՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Փաստացի, Էրդողանն ու Ալիևը դարձել են նրա իշխանության միակ հենասյուները։ Այս ամենի փաթեթավորումն էլ «քաղաքակիրթ» կապիտուլյացիայի տեսքով, որքան էլ որ աբսուրդ է, հրամցվում է հայ հասարակությանն իբրև ինքնիշխանության ամրապնդում։ Իսկ այս ամենի կուլմինացիան՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին թnւրք լրագրողներին Հայաստան հրավիրելն ու նրանց հարցազրույց տալն էր: Ընդ որում, երբեք չեք տեսնի, որ Էրդողանը Թուրքիայի բյուջեի հաշվին հայ լրագրողների հրավիրի Անկարա ու նրանց հարցազրույց տա: Արդյո՞ք նման քծնանքը գնահատվելու է Էրդողանի կողմից: Մասամբ՝ այո: Ընդ որում՝ հայցերի հետկանչումը Հայաստանի լիկվիդացիայի փուլերից մեկն է: Դատարաններից հայցերի հետ կանչելը՝ լրջագույն սպառնալիք է ՀՀ֊ի համար։ Հայցերը հետ կանչելուց հետո ադրբեջանական ՀԿ֊ները, պետական և ոչ պետական մարմիններն առանց որևէ խոչնդոտի կդիմեն միջազգային դատարաններ՝ ՀՀ֊ից փոխհատուցում պահանջելու համար: Այն ինչ անում է այսօր ՀՀ կառավարությունը «խաղաղության պայմանագրի» անվան ներքո՝ ուղակի ինքնասպանություն է։ Հայցերի հետկանչումը միջազգային դատարաններից նշանակում է, որ Հայաստանը համարում է Ադրբեջանի բոլոր գործողությունները օրինաչափ և արդար և որ Ադրբեջանը ոչ մի հանցագործություն կամ անարդարություն չի գործել: Դրանով Հայաստանը ինքնաճանաչվում է որպես ագրեսոր և նվաճող: Սա Ադրբեջանի բոլոր գործողությունների լեգիտիմացիա է և Հայաստանի վերջին 30 տարիների բոլոր գործողությունների ապալեգիտմացիա: Այսպիսով՝ ինչպես միշտ, այսօր ևս Հայաստանը քանդվում է ներսից: Սեփական ձեռքերով ավիրելուց հետո են դրսի նվաճողները հանգիստ վերցրել երկիրը: Հիմա էլ բացառություն չէ: Պարզապես սա վերջին կտորն է երկրի և հետևաբար՝ վերջին նման հանձնումը: Ոչ մի արտասովոր բան չկա սրանում: Հազարամյա ավանդույթն այսօր կրկին կիրառվում է: Շարունակենք լուռ հետևել պետականակործան գործընթացներին: Մանավանդ, որ այն ջանք չի պահանջում…»: