Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ.

«Նիկոլը Ադրբեջանի պահանջը կատարելու համար պատրաստ է նաև կեղծիքի»․ Արա Պողոսյան

85
Երեկ, 21:48
«Նիկոլը Ադրբեջանի պահանջը կատարելու համար պատրաստ է նաև կեղծիքի»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի ու Էրդողանի Սահմանադրությունը պետք չէ փաթաթել հայ ժողովրդի վզին․
Փաշինյանը հերթական անգամ մանիպուալցնելով Սահմանադրության փոփոխության հարցը, անուղղակի խոստովանեց, որ կատարում է Բաքվի և Անկարայի պահանջը։ Նա իր խոսքում նշեց, որ Սահմանադրության փոփոխությունը ունի նաև տարածաշրջանային ենթատեքստ...
Տարածաշրջանային ենթատեքստը նշանակում է, որ այն բավարարում է տարածաշրջանի դերակատարների պահանջները, իսկ տարածաշրջանում միայն երկու պետություն կա, որ նման պահանջ են ներկայացրել՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Եթե փաշինյանական մանիպուլյացիոն լեզվից թարգմանենք, կստացվի, որ «նոր սահմանադրությունը» բավարարելու է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները։
Իսկ հիշեցնեմ՝ այդ դեպքում, Հայաստան, որպես անկախ պետություն, ինքնիշխան պետություն կդադարի գոյություն ունենալ, կամ լավագույն դեպքում կմնա մասնակի անկախ միավոր, որի ներքին ակտերը, արտաքին հարաբերությունները պայմանավորվելու են Սահմանադրության պատվիրատուի կողմից։
Անկախ երկրում Սահմանադրության պատվիրատուն ժողովուրդն է, իսկ գաղութային երկրում՝ արտաքին դերակատարը կա՝ մետրոպոլիան։
Ես պատրաստ չեմ ապրել Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրած սահմանադրությամբ երկրում։
Իսկ կարծիքը, թե իբր ժողովուրդն է քվեարկելու, չի կարող դիմանալ չնչին իսկ քննադատության, որովհետև Սահմանադրության փոփոխության ժողովրդական պահանջ ուղղակի գոյություն չունի։ Մյուս կողմից, նույն Նիկոլի թեզը, թե իբր ժողովուրդն այս Սահմանադրությունը իրենը չի համարում, նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ Նիկոլը Ադրբեջանի պահանջը կատարելու համար ոչ միայն պատրաստ է ահաբեկել մարդկանց, այլև կեղծիքի»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան