Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ.

25 պատգամ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի քսանհինգ տարիների ամանորյա ուղերձներից

371
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ., 22:42
25 պատգամ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի քսանհինգ տարիների ամանորյա ուղերձներից

«Հավատում եմ մեր ժողովրդի ստեղծարար ուժին, հանճարեղ մտքին ու կառուցող բազկին, հպարտ եմ նրա կենսահաստատ ոգով, զոհաբերելու, համբերելու, հաղթահարելու և հաղթելու կամքով, լի եմ մխիթարությամբ, քանզի նեղությունների ու հոգսերի մեջ լցված ենք հույսով, և ամուր է գալիքի հանդեպ մեր հավատը՝ խարսխված աստվածային սիրույն, որ ոչ երբեք անկանի»։
(1999թ. դեկտեմբերի 31):
______________________
«Շաղախենք մեր կյանքը սիրով: Սերը իշխանավորի՝ բարիք ու շինություն է երկրին, սերը եկեղեցականի՝ հավատ, ապրելու բերկրանք ու արարելու կամք է ժոդովրդին, համընդհանուր սերը՝ համազգային առաջընթացի ու ապահովության, վաղվա երջանիկ օրվա պայման: «Սէր ոչ երբեք անկանի»:
(2000թ. դեկտեմբերի 31):
______________________
«Չերկնչենք և չտկարանանք: Հավատարիմ լինենք ինքներս մեզ: Պահենք մեր ընթացքը հավատարիմ Աստվածասեր մեր հայրերի, հավատարիմ՝ քրիստոնեական մեր արժեքներին ու հայրենյաց սրբություններին: Պահենք 88-յան ազատատենչ, միաբան, արի ոգին, 2001 թվականի աղոթախոս հոգին, հույսով, հավատով, սիրով զորացյալ՝ արարող ու աշխատասեր հոգին: Սա է հայոց նկարագիրը»:
(2001թ. դեկտեմբերի 31):
______________________
«Առանձնակի խորհուրդ ունի տարեմուտի գիշերը՝ ավարտ և սկիզբ, վախճան և ծնունդ։ Հանգուցակետում այս խտանում է կյանքը և ավելի զգալի դառնում նրա ընթացքը։ Ավելի ամբողջական ենք տեսնում մեր ապրած տարին, անդրադառնում հաջողություններին, ափսոսում կորուստների ու բացթողումների առիթով և մեր եզրահանգումները ելակետ դարձնում նոր տարվա անելիքների համար»:
(2002թ. դեկտեմբերի 31):
______________________
«Տարեմուտը միշտ խորհրդաշատ է, միշտ հուսառատ: Տարեմուտը՝ քրիստոնյաներիս համար նաև հոգեշաղախ է ու հոգենորոգ, քանզի ամեն նոր տարի սկիզբ է առնում Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության խորհրդով, որ պարզում է մեր հոգիներին Աստծո սերը մեր հանդեպ և անընդմիջելի մերձավորությունը մեզ»:
(2003թ. դեկտեմբերի 31):
______________________
«Նորի ակնկալությունը միշտ մաքուրն է, ավելի լավը: Եկող նոր տարվա հետ կապում ենք այն ամենը, ինչ կուզենայինք բարեփոխված տեսնել, ավելի լավն ու կատարյալը տեսնել: Մեզանով է, որ պիտի գա այդ նոր ժամանակը»:
(2004թ. դեկտեմբերի 31):
______________________
«Խաղաղությամբ շենացնենք մեր երկիրը, դարձնենք բարգավաճ, զարգացող։ Կառուցենք հավատով պայծառ, տեսիլքով հզոր, գիտությամբ, կրթությամբ ու մշակույթով ծաղկուն Հայրենիք՝ համայն հայության Հայրենիք: Կառուցենք մեր սիրով, միմյանց հանդեպ հոգածությամբ, վստահությամբ, արդարությամբ»:
(2005թ. դեկտեմբերի 31):
______________________
«Նոր տարի է սկիզբ առնում, «ուրեմն,- ինչպես առաքյալն է ասում,- քննեք լավը, և թե ինչ է Աստծո կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմ. ԺԲ 2), և քայլենք Աստծո Կամքով, բարին ընտրելով՝ կատարյալին ձգտելով, և Աստված պիտի օրհնի մեր ջանքերը՝ ստեղծելու և կառուցելու, բարօր ու շեն դարձնելու հայրենի մեր երկիրը, մեր հայրերի ժառանգությամբ, գիտությամբ ու մշակույթով պայծառ ազգ մնալու և հարատևելու»:
(2006թ. դեկտեմբերի 31):
______________________
«Տարեմուտի այս պահին մեր աղոթքով ու մաղթանքով լինենք նաև նեղյալների ու կարոտյալների, պատերազմների պատճառած վիշտն ու դժվարությունները կրողների հետ, մեր Հայրենիքի սահմանները պաշտպանող Հայոց բանակի քաջարի մարտիկների հետ, և բոլորի, ովքեր այս պահին տարեմուտը դիմավորում են իրենց ծառայության մեջ»:
(2007թ. դեկտեմբերի 31):
______________________
«Աստծուն առավել լսելի է մեր խնդրանքը, երբ մեր աղոթքները միավորված են խաղաղության և մարդկանց մեջ բարի կամեցողության ոգով։ Խաղաղությամբ և միմյանց հանդեպ բարի կամեցողությամբ է ծնունդ առնում հույսը նոր աշխարհի, որը մենք՝ մարդկությունը, այսօր էլ ձգտում է կառուցել։ Ձգտում ենք ստեղծել առավել կատարելագործվածը, վերափոխել կյանքը դեպի ավելի ապահովը, բարօրն ու բարեկեցիկը։ Ձգտում ենք կառուցել աշխարհ, որ լեցուն լինի մարդասիրությամբ, ազնվությամբ, արդարությամբ, մխիթարությամբ ու երջանկությամբ»։
(2008թ. դեկտեմբերի 31):
______________________
«Սկիզբը հույս է՝ նորը ստեղծելու, մեր մտածումները, մեր ձգտումները մարմնավորելու, մեր կյանքի ընթացքը բարեփոխելու: Բարօր եւ բարգավաճ կյանքի կառուցման, ինչպես եւ ազգային իղձերի իրագործման համար անհրաժեշտ է մեր ջանքերի միավորումը, առ հայրենին անմնացորդ սերն ու նվիրումը»։
(2009թ. դեկտեմբերի 31):
______________________
«Մեր հույսն ու հավատքը պիտի լուսավորեն նոր ուղիներն ու հորիզոնները մեր կյանքի: Չտարակուսենք փոխել, ինչ որ անհրաժեշտ ենք համարում փոխելու ի նպաստ մեր նպատակների մարմնավորման: Չվարանենք պաշտպանել, զորակից ու սատար լինել այն ամենին, ինչը բարիք ու առաջընթաց կբերի մեր պետական ու հասարակական, ազգային ու հոգեւոր կյանքին: Ամուր պահենք հայ ինքնությունը, որը արտահայտվում է ոչ միայն ազգային պատկանելությամբ, այլեւ՝ Հայրենիքի հանդեպ նվիրումով, մեր նախնյաց ժառանգության արժեւորումով, մեր ժողովրդի նկարագրի անբաժանելի մասը դարձած քրիստոնեական արժեքների հանդեպ հավատարմությամբ ու նախանձախնդրությամբ»։
(2010թ. դեկտեմբերի 31):
______________________
«Մեր ամեն քայլում, խոսքում եւ գործում լինենք միասնական, լինենք արդարամիտ, բարեխիղճ ու գթասիրտ, որպեսզի կարողանանք վերափոխել մեր կյանքը եւ մեզ ընձեռնված ժամանակը պանծալի ձեռքբերումներով դարձնել գրո արժանի հայոց տարեգրության մեջ»։
(2011թ. դեկտեմբերի 31):
______________________
«Բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ այսօր ավելի մոտ ենք տեսնում այդ լուսավոր օրը, երբ մեր ջանք ու աշխատանքով պիտի կյանքի կոչենք, յուրաքանչյուրս մեր տեղում, որպես ճշմարիտ հավատացյալներ, որպես արժանավոր քաղաքացիներ եւ ազնիվ զավակներ մեր երկրի: Այս հուսաբեր ժամանակում չունենք նահանջի իրավունք»։
(2012թ. դեկտեմբերի 31):
______________________
«Մեր կյանքի հիմը դարձնենք ազնիվն ու արդարը, բարձր պահենք քրիստոնեական մեր արժեքները, ուղղենք մեր սխալներն ու բացթողումները՝ մերժենք եւ մեզանից հեռու վանենք մեր առաջընթացը կասեցնող երեւույթները, որպեսզի ի զորու լինենք շենացնել ու ծաղկեցնել մեր կյանքը Հայրենիքում եւ ի Սփյուռս աշխարհի»։
(2013թ. դեկտեմբերի 31):
______________________
«Աստծո հետ, տերունապատվեր եղբայրսիրությամբ, միմյանց աջակից ու զորակից, հաշտության ու խաղաղության ոգով, միասնական ջանքերով ի զորու ենք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, ձեռքբերումներն ու հաջողություններն ամրագրելու եւ իրական դարձնելու մեր սրտերում փայփայած բոլոր բարի իղձերը»։
(2014թ. դեկտեմբերի 31):
______________________
«Ազգի եւ մեր պետության հզորության նախանձախնդրությամբ Հայրենիքում եւ Սփյուռ- քում միմյանց աջակից՝ ամեն կարելիություն ներդնենք՝ շենացնելու մեր երկիրը, բարօր դարձնելու մեր կյանքը եւ լուսավոր՝ մեր ապագան: Հիշենք կարոտյալներին, նեղյալներին, հիվանդներին»։
(2015թ. դեկտեմբերի 31):
______________________
«Ծառայենք միմյանց, ծառայենք մեր հայրենիքին, որի օրհնյալ կյանքը պիտի կերտենք, ծառայենք մեր ազգին, որ բազում հույսեր ունի իրագործելու։ Օգնական լինենք նեղյալներին և կարոտյալներին։ Միմյանց հանդեպ սերը, բարի նպատակն ու գործը Աստված անտես չի անում»։
(2016թ. դեկտեմբերի 31):
______________________
«Որպես Քրիստոսի հավատարիմ ժողովուրդ, որպես պետություն ունեցող ազգ՝ պատասխանատվությամբ, միմյանց հանդեպ սիրով և Աստծո օրհնությունը հայցելով մեր գործերին՝ շարունակենք ծառայել պետական, ազգային ու հոգևոր մեր կյանքի առաջընթացին: Տարեմուտի այս պահին նորովի է հնչում առաքյալի պատվերը. «Իմաստությամբ վարվեցեք… օգտագործելով ժամանակը» (Կող. Դ 5): Մեր կյանքի ժամանակը արժևորենք իրականացնելով մեր հոգու երազները՝ մեր հայրենիքի փառքի և մեր ժողովրդի երջանկության համար»։
(2017թ. դեկտեմբերի 31):
______________________
«Որտեղ սերն է, այնտեղ հավատն է զորանում, այնտեղ հույսն է առատանում, համերաշխությունը արդարությամբ ու բարի գործերով պտղաբերում: «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. ԺԳ ?,– ասում է առաքյալը: Այո, այն թթխմորի նման աճում է, դառնում կորով, անդուլ ջանք, հանձնառություն, որոնցով պիտի ապահովվի մեր կյանքի վերընթացը»։
(2018թ. դեկտեմբերի 31):
______________________
«Յուրաքանչյուրիս ծառայանվիրումի ոգին, պատասխանատվությունն ու դավանած արժեքներն են, որ պիտի իրական դարձնեն հզոր հայրենիքի, պայծառ ապագայի մեր տեսիլքները: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր ապրած յուրաքանչյուր օրվա համար: Պատասխանատու ենք Աստծո, մեր պատմության, մեր նախնյաց և սերունդների առջև»։
(2019թ. դեկտեմբերի 31):
______________________
«Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր» (Սաղմ. Թ 11)։ Սաղմոսերգուի այս խոսքերը հոգում ծրարած՝ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում իր հուսավառ հայացքը ուղղել է դեպի գալիքը։ Հայոց անկախ պետականության նվիրական տեսիլքն ու անհատնում ձգտումն իր սրտում ազգս հայոց զորությունն է ունեցել հառնելու ամենածանր փորձություններից, անգամ հայրենազրկումի և ցեղասպանության արհավիրքներից, և այսօր էլ, հավատում ենք, ներուժն ունի վերակազմակերպելու իր կյանքը, զորացնելու հայրենի պետությունը»։
(2020թ. դեկտեմբերի 31):
______________________
«Մենք Քրիստոսի հարությանը հավատացող ժողովուրդ ենք, դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել, վեր ենք հառնել Տիրոջ պարգեւած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ։ Ամենուր, ի սեր հայրենիքի, վերատեսության ենթարկենք մեր ընթացքը, թոթափենք անհանդուրժողության եւ ատելության չարիքը, հրաժարվենք անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինենք բարի, լինենք սիրով, լինենք միասնական, որպեսզի վերստին զգանք Աստծու շնորհաբեր ներկայությունը մեր կյանքում»։
(2021թ. դեկտեմբերի 31):
______________________
«Պետությունները կործանվում են, ժողովուրդները անհետանում ոչ թե փորձությունների ծանրությունից, այլ հույսի սպառումից, ապագայի հանդեպ տեսլականի եւ այն կյանքի կոչելու վճռականության բացակայությունից: Մեր ժողովրդի հարագնա երթը եղել է ու պիտի շարունակի մնալ Քրիստոսախարիսխ հավատքի, հույսի ու լավատեսության պատմություն: Այս վստահությամբ ապրենք ու գործենք՝ ամրորեն կառչած մեր ինքնությանը, մեր լինելիության անփոխարինելի գրավականներին՝ հայրենիքին, մեր լեզվին ու մեր հավատքին: Հեռու վանենք մեզանից վհատությունը, ապազգայնությունն ու անտարբերությունը եւ հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ»։
(2022թ. դեկտեմբերի 31):
______________________
«Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել: Արդարեւ, չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որի տարեգրությունը զարդարված է աստվածպաշտության եւ հայրենասիրության հրաշալի վկայություններով, ապրելու եւ արարելու անընդմիջելի տենչանքով»։
(2023թ. դեկտեմբերի 31):
______________________
Շնորհավոր Նոր Տարի