Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ.

«Թող արդարությունը հաղթանակի, արցախցին վերադառնա իր բնօրրանը»․ Արցախի թեմի առաջնորդ

112
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 22:36
«Թող արդարությունը հաղթանակի, արցախցին վերադառնա իր բնօրրանը»․ Արցախի թեմի առաջնորդ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանք է հղել․ «Սիրեցյա՛լ հավատավոր զավակներ, ահա կյանքի ևս մի շրջափուլ իր օրինաչափ ավարտին է մոտենում՝ լի տարաբնույթ իրադարձություններով ու մարտահրավերներով։

Հիրավի, Ամանորի տոնակատարումը զրկված կլիներ իր պայծառությունից և կդառնար լոկ օրացույցի փոփոխություն, եթե մեկտեղված չլիներ Սուրբ Ծննդի սրբազան խորհրդի հետ։ Միածին Աստվածորդու ծնունդն է, որ խավարի մեջ լույս և ձմռան ցրտի մեջ հոգևոր ջերմություն է պարգևում քրիստոնյաներիս վայրիվերումներով լի աշխարհում։

Արցախցի մեր ժողովրդի համար անցնող մի քանի տարիները փորձությունների ու դառնությունների ժամանակաշրջան եղան, սակայն ամեն նոր սկզբի, ժամանակի անիվի նոր շրջապտույտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նորորգել մեր հույսն ու հավատն առ գալիքը՝ հանուն զորացման և ինքնավերագտնումի։

Ինչպես Սուրբծննդյան շարականն է փոխանցում, «Այսօր արևն արդարության երևաց մարդկանց մեջ»։ Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը։ Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները։ Թող արդարությունը հաղթանակի, և մենք փրկենք մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը»։