Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ.

«Կառավարությունում տեղյա՞կ են, որ հայաստանյան շատ գրահրատարակիչներ իրենց գրքերը տպագրում են Վրաստանում»․ Հովսեփ Խուրշուդյան

148
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ., 05:12
«Կառավարությունում տեղյա՞կ են, որ հայաստանյան շատ գրահրատարակիչներ իրենց գրքերը տպագրում են Վրաստանում»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ողջունելի է Աննա Հակոբյանի նախաձեռնությունը 2025թ․-ը կրթվելու տարի հայտարարելու վերաբերյալ։ Ցանկալի կլիներ տեսնել այդ հարցում ՀՀ կառավարության համախոհությունը ու դրան համահունչ քայլեր ձեռնարկելը։
Օրինակ, վերջապես, գրքերի տպագրությունը Հայաստանում ԱԱՀ-ի 0 դրույքաչափով հարկելը, ինչպես որ վաղուց արել են մեր ԲՈԼՈՐ հարևանները՝ Վրաստանը Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը։ ՀՀ կառավարությունում տեղյա՞կ են, որ հայաստանյան շատ գրահրատարակիչներ իրենց գրքերը տանում տպագրում են Վրաստանում, ապա ներկրում Հայաստան, քանի որ այդպես ավելի էժան է ստացվում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր Վրաստանում, հարկեր գեներացնելով Վրաստանի բյուջեի համար։ Հայերեն լեզվով աշխարհի նորագույն գրականությունը որակյալ թարգմանելը շահութաբեր դարձնելու միակ ձևը զրոյական ԱԱՀ-ն ու շահութահարկն են։ Այլապես մեր փոքր շուկայի պայմաններում այն հայերենով գրքեր տպելու խաչընդոտ է մնալու։ Բայց Արհեստական ինտելեկտի հայերեն լեզվով մեքենայական կրթության խթանման միակ ձևն էլ համացանցում մաքսիմալ ծավալներով հայերեն տեքստեր, հատկապես՝ որակյալ թարգմանություններ զետեղելն է, որով էլ ԱԻ-ն պետք է ինքնաուսուցանվի։
Թե չէ ՀՀ կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել ամեն բան՝ շինարարությունից մինչև գոմեր և այգիներ, բայց գրքերի տպագրությունը, որը սուբսիդավորում չի էլ ուզում, այլ ընդամենը հարկային բեռի թեթևացում՝ այն չի ազատում անգամ մի հարկատեսակից։ ՏՏ ոլորտը 1 տոկոսանոց հարկով հարկելը շատ ողջունելի է, քանի որ խթանում է ոլորտի զարգացումը, անկախ այն բանից, որ դա հարյուր միլիոնավոր դոլարներով նվազեցնում է հարկային մուտքերը։ Բայց գրահրատարակչությունը ևս ՏՏ ոլորտ է, բոլոր, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների մայրերի մայրն է։ Բայց չգիտես ինչու ՀՀ կառավարության համար գիրքը որպես ապրանք դիտարկվում է ոչ թե տեղեկատվական տեխնոլոգիաների շարքում, այլ, օրինակ, զուգարանի թղթի կամ անձեռոցիկների։ Մինչդեռ գրահրատարակչությունը անգամ ԱԱՀ-ից եւ շահութահարկից միասին վերցրած ազատելը աննշան ֆիսկլա էֆեկտ էր գործելու բյուջեի վրա։
Նախկին իշխանություններից գրքի եւ կրթության, կրթված մարդու հանդեպ ատելության հիմքով ձևավորված հարկային դաշտը անմտորեն ու մեխանիկորեն ժառանգություն ընդունած նոր իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց անհեռատես մոտեցումը գրքի և նրա արտադրության հանդեպ»։