Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

«Հետաքրքիր է, որ Վրաստանի եվրոինտեգրման գործընթացի կասեցումը նոր չի տեղի ունեցել». Վահե Սարգսյան

207
Երեկ, 19:30
«Հետաքրքիր է, որ Վրաստանի եվրոինտեգրման գործընթացի կասեցումը նոր չի տեղի ունեցել». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետաքրքիր է, որ Վրաստանի եվրոինտեգրման գործընթացի կասեցումը նոր չի տեղի ունեցել:
2024թ. հունիսի 27-ին, երբ ամենաբարձր մակարդակում՝ Եվրոպական խորհրդում, քննարկվում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, կառույցը կոչ արեց Վրաստանի իշխանություններին պարզաբանել իրենց մտադրությունները և փոխել գործողությունների ներկայիս ընթացքը, որը վտանգում է Վրաստանի ԵՄ ուղին՝ դե ֆակտո հանգեցնելով անդամակցության գործընթացի դադարեցմանը:
Վրաստանին աջակցող ԵՄ միակ երկիրը Հունգարիան էր, որի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ լրագրողների հայտնել էր. «Վրաստանում գործերը լավ են ընթանում, ես նկատի ունեմ, որ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը լավ է, կառավարությունը լավ է աշխատում, տնտեսությունը բարելավվում է, կարծում եմ՝ դուք ճիշտ ուղու վրա եք»:
Հուլիսի 9-ին, անդրադառնալով այս շրջադարձային քննարկմանն ու ԵՄ շրջանակներում կայացրած որոշումներին՝ Վրաստանում Եվրոմիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարեց, որ Վրաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը կասեցված է։
Ի դեպ....
Վրաստանի ծայրահեղ ընդդիմադիր շրջանակներն ու անձինք, այդ թվում՝ նախագահ Ս. Սուրաբիշվիլին, իշխանությունների հետ իրենց հակադրման ողջ թեզը կառուցել են Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է եվրոպական և եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ինտեգրմանը: Տպավորություն է, թե հենց ընդդիմությունն է ծնել այդ հոդվածը, իսկ իշխանությունը ջնջում է այն:
Այնինչ, հենց ներկայիս իշխանության ժամանակ ու ջանքերով էր, որ Սահմանադրության մեջ հայտնվեց Վրաստանի՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման մասին դրույթը (տե՛ս 2017-2018 թթ. Վրաստանի խորհրդարանի համատասխան Սահմանադրական օրենքները՝ საქართველოს 2017 წლის 13 ოქტომბრის კონსტიტუციური კანონი, საქართველოს 2018 წლის 23 მარტის კონსტიტუციური კანონი):
Իրենք՝ Վրաստանի իշխանությունները, բազմիցս հայտարարում էին, որ, չնայած Արևմուտքի երկակի ու չափազանց վտանգավոր խաղերին, երկիրը շարունակելու է եվրաինտեգրման ուղին ու Վրաստանը ԵՄ անդամ կդառնա 2030 թ.: Այդուհանդերձ, ըստ իշխանությունների, դա չպետք է լինի ստորացուցիչ պարտադրանքների, շանտաժների, այլասերման տանող օրենքների պարտադրման, երկիրը գործակալական ցանցի պլացդարմի ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ դարձնելու միջոցով:
Այս և այլ իրողությունների բերումով է, որ վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Իրակլի Կոբախիձեն հայտարարեց՝ Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի, քանի որ Թբիլիսիի համար «բացարձակապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն»: Վրաստանը մինչ 2028թ. ավարտը հրաժարվում է նաև ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից, քանի որ «...եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրվող դրամաշնորհները և վարկերը օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով» (վարչապետ Ի. Կոբախիձե):
Վրաստանի իշխանությունները անցնող նախընտրական տարում նաև բացահայտ աջակցել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դ. Թրամփին՝ հույս հայտնելով, որ վերջինիս ընտրվելուց հետո տարածաշրջանը կխաղաղվի ու կհանդարտվի, իսկ Վրաստանը կվերականգնի վերջին 3-4 տարիներին չափազանց վատթարացած հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:
Հետևաբար, մինչ 2025թ. հունվար՝ ԱՄՆ նախագահի երդմնակալություն, ժամանակը սպառվում է, իսկ ԿՈՂՄԵՐԸ ՄՂՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. Վրաստանը՝ անկախության ու սուվերենության վերականգնման ու հզորացման, Արևմուտքը՝ Վրաստանի ուկրաինացման և կործանման համար ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ...
Հ.գ. Լուսանկարում՝ Վրաստանի իշխող կուսակցության նախընտրական պաստառներն են՝ «Ո՛չ պատերազմին, ընտրի՛ր խաղաղություն» կարգախոսով»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան