Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

«Համակարգերը պետք է գործեն, որ հնարավոր լինի իրականության ու չափի զգացումը կորցրած մարդու ձեռքը բռնել». Արմինե Օհանյան

134
Կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ., 02:12
«Համակարգերը պետք է գործեն, որ հնարավոր լինի իրականության ու չափի զգացումը կորցրած մարդու ձեռքը բռնել». Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ են նորմալ երկրներում ամեն ինչ անում, որ համակարգերը, ինստիտուտները կայանան, որ հակակշռումների մեխանիզմներ գործեն, իշխանության թևերի տարանջատում լինի: Նրա համար, որ երկրի ղեկին հայտնված մարդը չկարողանա ավերածություններ անել, իր տրամադրությամբ, ճաշակով, քմահաճույքներով կառավարել երկիրը: Որ ինքը չդառնա երկրում արդարադատություն իրականացնողն ու մարդկանց ճակատագրեր որոշողը: Որ պատգամավորը մանդատից զրկվի օրենքով սահմանված կարգով, այլ ոչ թե մեկը, ով հրապարակավ մարդու ականջ ու լեզու կտրելու սպառնալիք է հնչեցրել՝ ներվի, իսկ խորհրդարանում չափն անցած չինովնիկին կարգի հրավիրողը՝ պատժվի: Որ դատավորները պաշտոնից չզրկվեն երկրի ղեկավարի թիրախը դարձած մարդուն չպատժելու համար, այլ պատժվեն անմեղ մարդկանց պատժելու, անհիմն կալանավորելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, կոռումպացվածության համար: Որ ոլորտի կառավարումը ձախողած պաշտոնյան հեռացվի կոնկրետ զանցանքի կամ հանցանքի համար, այլ ոչ թե նախընտրական շոուների շրջանակում կամ՝ թիվ 1 պաշտոնյայի անօրինական հրահանգը չկատարելու պատճառով: Որ բարձր պաշտոններ ստանան ոչ թե կամակատարներն ու քծնողները, անողնաշարներն ու ստորաքարշները, այլ գիտելիք, փորձ, սեփական կարծիք ունեցող մարդիկ, որոնք նաեւ երբեմն կամովին հրաժարական կտան, որովհետեւ պաշտոնից հետո էլ կկարողանան հաց վաստակել ու արժանի աշխատանք գտնել: Վերջապես՝ համակարգերը պետք է գործեն, որ հնարավոր լինի իրականության ու չափի զգացումը կորցրած մարդու ձեռքը բռնել՝ երբ նա վտանգավոր դառնա իր երկրի ու ժողովրդի համար, երբ փորձի ինքնուրույն որոշել մի ողջ պետության ճակատագիր»։

Աղբյուրը`   Արմինե Օհանյան