««Թելսել»-ի սարքը կախեց. վարորդն ասաց` իջնում ես, իջի». Կարեն Վրթանեսյան
90
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 19:12
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ երեկոյան ժամը յոթի կողմերը մի կերպ խցկվեցի ավտոբուսի մեջ։ Հաջորդ կանգառում նույն ավտոբուսը նստել ուզեցողների կեսից շատն արդեն չկարողացան խցկվել։ Վարորդի տեղի կողքն էի, առաջ գնալու տեղ ֆիզիկապես չկար։ Մեկ էլ մի սիմպատիչնի երիտասարդ աղջիկ ձեռքը պարզեց ու իր հեռախոսն է տալիս ինձ... Մի պահ, ինչ մեղքս թաքցնեմ, ինձ լավ զգացի, «Յաա, փաստորեն ջահել աղջկեքը դեռ ինձ նկատում են, հաաա՞» զգացողությունը մոտս առաջացավ, էն էլ հաջորդ վայրկյանին լսեցի. «Կվճարե՞ք»։ Հասկացա, որ ուզում է, որ «Թելսել»-ի սարքով վճարեմ իր համար։ Հեռախոսը վերցրի, պահեցի սարքի տակից։ Էկրանին գրեց, որ մի րոպե սպասեմ... Մի րոպեն անցավ, հետո էլի րոպեներ անցան, սարքն այդպես էլ լռված մնաց։ Հեռախոսը վերադարձրի աղջկան, ասացի, որ լռվել է սարքը։ Մի քանի կանգառ անցանք։ Ընթացքում մեջտեղի դռան մոտ ինչ-որ մեկը ուշագնաց եղավ (չէր երևում, թե ով է)։ Ուղևորները գոռգռացին, վարորդը, ով ամբողջ ճանապարհին հեռախոսազրույցի մեջ էր, դժգոհությամբ կտրվեց զրույցից ու ավտոբուսը կանգնեցրեց, դռները բացեց։ Մի րոպե սպասեց, հարցրեց հը՞, ինչ եղավ, էլի կրկնեցին, որ մարդ է վատացել։ Մի րոպե էլ սպասեց, հետո ասաց, որ չի կարող այս տեղում մնալ (իսկապես շատ անհարմար տեղ էր, ամբողջ երթևեկությունը կանգնեցրել էր), դուռը փակեց, քշեց։ Չիմացանք էլ, թե ինչ եղավ վատացած մարդուն, իջեցրին, չիջեցրին, մնաց դուրսը, թե ավտոբուսում... Հեռախոսը տված աղջիկը բարձրաձայն ասաց վարորդին. — Ձեր սարքը չի աշխատում։ — Կապի խնդիր է, — պատասխանեց վարորդը, չնայած աղջիկը չէր հարցրել, թե ինչ պատճառով չի աշխատում սարքը։ — Բա ո՞նց վճարեմ, ես արդեն պետք է իջնեմ այս կանգառում, — մի քիչ ջղայնացած ասաց աղջիկը։ Մտածեցի, որ դպրոցում երևի գերազանցիկ է եղել ու կյանքում դասից չի փախել։ — Իջնում ես՝ իջիր, — նեղացած տոնով ասաց վարորդը։ Ինձ էլ մի կանգառ էր մնում, համենայն դեպս ես էլ իջա, մտածեցի, որ ոտքով ավելի ապահով ու արագ տեղ կհասնեմ։ (Ի դեպ, չսխալվեցի)։ * * * Ոչ մի բառ գեղարվեստական չէ։ Եվ այս տրանսպորտային համակարգը ներկայացնում են՝ որպես բարեփոխած, և դրա համար հունվարի 1-ից մեզնից 2–3 անգամ ավելի փող են քերելու»։