Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է». Նիկոլ Փաշինյան

93
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ., 15:06
«Մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը: «Արդեն ասվեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոշորացման շատ մասշտաբային բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ մեր ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված: Մասնավորապես, կարծում եմ, որ դեռևս քննարկման հարց է համայնքների խոշորացումը շարունակելու, որոշակի բանաձևով ի լրումն հասցնելու հարցը, որն իհարկե որոշակի քննարկումների փուլով պիտի անցնի:

Բայց ուզում եմ նաև կիսվել ձեզ հետ, որ վերջին շրջանում մի շարք աշխատանքային քննարկումների և այցերի արդյունքում ես որոշակի լարվածություն ունեմ՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների իրադրության հետ, որովհետև չխոշորացվելու և սուբվենցիոն ծրագրերի մասշտաբի պակասության բերումով, ակնհայտորեն, մենք ճեղք ենք ստանում չխոշորացված և խոշորացված համայնքների միջև: Չնայած՝ սուբվենցիայի համակարգում որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները մեծացնենք, նաև որոշակի այլ դոտացիոն բանաձևերով ենք աջակցություն ցուցաբերում, բայց իմ մտավախությունը հետևյալն է, որ միևնույն է՝ այս միջոցներով մենք այս ճեղքը չենք կարողանալու ոչ միայն լրացնել, այդ ճեղքը շատ մեծ տեմպերով է աճում: Նրանք, ովքեր եղել են համայնքներում, սա ակնհայտ, առաջին հայացքից երևացող հանգամանք է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ կարևոր է, որ լիազորությունների հետ նաև պարտականությունների և պատասխանատվության ապակենտրոնացում տեղի ունենա, ինչը վերաբերում է ոչ միայն ավագանուն և համայնքին, այլ նաև բնակչին և քաղաքացուն: «Պետք է արձանագրեմ, որ շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև, և այդ ճեղքը երևում է Հայաստանի շատ քաղաքացիների շեմքից դուրս և շեմքից ներս իրավիճակներում, որովհետև շատ քննարկված հարց է մեզնում հատկապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, որ շեմից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շեմքից դուրս բոլորովին ուրիշ: Այստեղ է, որ այս ճեղքն առաջանում է, որովհետև սկսած շքամուտքից, բակից՝ քաղաքացին, մարդն այլևս չունի այն վերաբերմունքը, ինչ վերաբերմունք որ ունի դռնից ներս, որովհետև այդտեղ մեր սոցիալ հոգեբանությունը ձևակերպված է «իմ տունն իմ ամրոցն է» խոսույթի և ասացվածքի ներքո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարական հասարակությունում կառավարման մասով առնվազն պետք է մի փոքր հրաժարվել «իմ տունը իմ ամրոցն է» բանաձևից կամ մի փոքր այն վերաձևակերպել: «Մենք պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք՝ արձանագրելով, որ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է, որի շեմքից ներս մենք, իհարկե, ունենք անձեռնմխելի իրավունքներ, բայց շեմքից դուրս նաև՝ որոշակի պատասխանատվություն ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած պետություն նույնպես համայնքային կազմակերպման ավելի լայն մի կառույց է:

«Շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև». Նիկոլ Փաշինյան