Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանի համար շատ կարևոր է ցույց տալ, որ չկա միանձնյա անվերապահ ազդեցություն»․ Հակոբ Բադալյան

65
Այսօր, 13:36
«Փաշինյանի համար շատ կարևոր է ցույց տալ, որ չկա միանձնյա անվերապահ ազդեցություն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՔՊ վարչության դռնփակ նիստը չի ընտրել արդարադատության նախարար: Ըստ տեղեկության, որ հայտնվել է մամուլում, ոչ մի թեկնածու չի ստացել անհրաժեշտ հավանություն: Նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ավելի վաղ խոսել եմ արդարադատության նախարարի հրաժարականի առիթով, և ընդհանրապես այս պատմության ծագման առիթով, կասկած չունեմ, որ այն ոչ թե ՔՊ պատգամավորների ինչ որ խմբի նախաձեռնություն է, որին տեղի է տալիս Նիկոլ Փաշինյանը, այլ հենց Փաշինյանի նախաձեռնությունը: Այսինքն, կոճակը սեղմել է Փաշինյանը, իսկ դրանից հետո ով ինչ գործողություն է արել՝ երկրորդական է:

Ու նաև, ուշադրության եմ արժանացրել հանգամանքը, որ իրադարձությունների կուլմինացիան բաժին ընկավ այն օրերին, երբ Հայաստանի վարչապետը Նյու Յորքում էր՝ ՄԱԿ ԳԱ առիթով:

Նյու Յորքում գտնվող Փաշինյանին ըստ ամենայնի անհրաժեշտ էր ցույց տալ, որ կառավարող մեծամասնության ներսում ինքը չունի միանձնյա և անբեկանելի դիրք և իր առաջ կարող են դնել պայմաններ կամ պահանջներ, որոնք ինքը չի կարող հաշվի չառնել, եթե անգամ արդարադատության նախարարի հետ չունի որևէ խնդիր:

Ի դեպ, լայն իմաստով, երբ կառավարող համակարգում չկա աներկբա հորիզոնական մոնոլիտ, դա կարող է լինել օգտակար հանգամանք նաև Հայաստանի արտաքին ճկունության հարցում: Սակայն, ամենից էական հարցը տվյալ պարագայում այն է, որ այդ «ոչ մոնոլիտային» իրողությունը չի կարող ունենալ միայն ձև, այն պետք է ունենա քաղաքական լրջմտություն և բովանդակություն, այլապես շատ բարդ է որևէ մեկին համոզել, որ տեղի ունեցածն ընդամենը թատրոն չէ: Իսկ քաղաքական լրջմտության ռեսուրս, ինչպես նկատել եմ տարբեր առիթներով, այս մեծամասնությունը՝ չունի:

Հետևաբար մեղմ ասած բարդ է ասել, թե Հայաստանից դուրս ո՞վ կարող է իրապես հավատալ ՔՊ ներսում կարող է լինել որևէ թև կամ բեվեռ, որը ի վիճակի է պայման թելադրել Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ցույց տալ, որ չկա միանձնյա անվերապահ ազդեցություն, Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է այն «փափուկ ուժի» ճնշման առումով, որի բավականին շոշափելի ծավալի մասին խոսում եմ սկսած դեռևս Երևանի քաղաքապետի ընտրությունից, որ տեղի ունեցավ նախորդ տարի սեպտեմբերին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան