Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

«Հասարակությանը պետք է պատրաստել Բաքվում կայանալիք դատերին»․ Վահե Հովհաննիսյան

70
Այսօր, 10:36
«Հասարակությանը պետք է պատրաստել Բաքվում կայանալիք դատերին»․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին
Շուտով սկսվելու են Բաքվի բանտերում պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատերը։ Մենք չգիտենք՝ այդ մարդիկ ինչ անմարդկային պայմաններում են պահվել, ինչ և ինչպես է նրանց պարտադրվել ասել։
Մենք չգիտենք, թե Բաքուն ի´նչ սցենարներ է նախապատրաստել՝ անհատական և ազգային ստորացման պատկեր ստանալու համար։ Մենք պատմական այլանդակության ենք ականատես լինելու։ Մենք չգիտենք նույնիսկ, թե իրականում ինչու է Բաքուն պահում այդ մարդկանց։
Իսկ արդյոք մենք ունե՞նք որևէ մշակված ստրատեգիա, թե ինչպես ենք արձագանքելու այդ դատավարությանը, ինչպես ենք մեր հասարակությանը պատրաստելու դրան։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե ինչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրված մեր հասարակությունը։ Հասկանո՞ւմ ենք, թե մեզ ինչեր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտված ու քանդված մեր հանրային համակարգը։ Ես չեմ հարցնում՝ պատրա՞ստ են արդյոք իշխանությունները. նրանք որևէ բանի պատրաստ չեն և այլևս վաղուց հաշվետու չեն մեր հասարակությանն ու ժողովրդին։
Խոսքս մյուս քաղաքական-հասարակական շրջանակների մասին է՝ լիդերության ինքնազգացողությամբ։
Մենք առերեսվելու ենք ծանրագույն տեսարանների ու երևույթի հետ. մենք ունե՞նք ծրագիր՝ դրան պատասխանելու և մեր հասարակությանը ճիշտ նախապատրաստելու համար։ Թե՞ ինչպես միշտ՝ մենք ոչնչի պատրաստ չենք։ Մենք հասկանո՞ւմ ենք, որ միայն նրանց չեն դատում, այլ բոլորիս՝ բոլոր նախկիններին ու գալիքներին, ու որ սրանով ուզում են կոտրել մեր ապագան։ Աջակցության լոկալ կոչերը և ակցիաները ամենևին այն չեն, ինչ պահաջվում է։ Պետք է ճիշտ մարտավարություն և երկար աշխատելու մեխանիզմներ։ Պետք է կայացվեն սառը որոշումներ։
Ցանկացած որոշում պետք է հենվի հետևյալ սկզբունքների վրա.
1. Անվերապահ սատարում՝ գերության մեջ պահվողներին
2. «Դատավարության» ընթացքում ինչ էլ ասեն այդ մարդիկ, դրանք խոսքեր են, որոնք ասվել են անմարդկային ճնշումների պայմաններում, և հետևաբար՝ զրոյական նշանակություն ունեն
3. Հայաստանում և հայկական աշխարհում պետք է լինի այնպիսի սատարում, որ միջազգային հանրությունը հասկանա, թե ինչ է կատարվում, և չկարողանա թաքնվել իր կոմֆորտում։
4. Քաղաքական-հանրային դաշտում պետք է լինի այնպիսի սատարում-համախմբում, որ դաշտը բերի առողջացման, ջրերը պարզի։
Շատ կարևոր է այս ամենի կազմակերպչական կողմը։ Ու ռեսուրս ունեցողները պետք է հիշեն, որ նաև այդ մարդկանց կամ այդ մարդկանց հաղթանակների շնորհիվ է, որ իրենք այսօր այդ ռեսուրսներն ունեն։
Շատ կարևոր է այս ամենի գաղափարական կողմը։ Մեկը պետք է մոդերացիա անի։ Դա կարող է անել Սրբազանը, ու դա կլինի շատ կարևոր գործ ու առաքելություն, կարող է անել մեկ ուրիշը, բայց պետք է լինի մի ազդեցիկ շրջանակ, որը կանի ավելին, քան կոչերը՝ կմշակի բարդ խնդրի դիմակայման մարտավարություն»։