Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ»

66
Այսօր, 09:30
ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արգիշտի Քյարամյանի դեմ իշխանության որոշ ներկայացուցիչների անբարյացակամ վերաբերմունքն արդեն բացահայտ դրսևորումներ է ստանում։ Վերջին օրերին Քննչական կոմիտեն տոնում է իր կազմավորման 10-ամյա հոբելյանը, բայց միջոցառումներին «դրսից» գրեթե մարդ չի մասնակցում, մեծարանքի խոսքեր, շնորհավորական ուղերձներ չեն տարածվում։ Նիկոլ Փաշինյանը, որն ամեն տարի հոկտեմբերի 8-ին այցելում էր ՔԿ և ծեքծեքուն ելույթ ունենում կոմիտեի առաքելության վերաբերյալ, այս տարի անգամ ձևական ուղերձ չհղեց: Այդ օրը նա Մոսկվայում էր, չէր կարող այցելել, բայց ուղերձ կարող էր հղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում դժգոհ են Քյարամյանից և հնարավոր է առաջիկայում մի ստորագրահավաք էլ նրան պաշտոնանկ անելու համար նախաձեռնեն, ինչպես արեցին Գրիգոր Մինասյանի հետ կապված։

Իրականում, Փաշինյանի մասնակցությամբ կուսակցական նիստերին ՔՊ-ում եկել են «իտոգի», որ մինչև ընտրությունները պետք է ազատվել ոչ յուրային և իրենց արշինով անվստահելի պաշտոնյաներից, այդ թվում՝ նաև Քյարամյանից, որը, նորմալ մարդկանց գնահատմամբ, այս տարիներին անգնահատելի ծառայություններ է մատուցել Փաշինյանին և նրա թիմին։ Նկատենք, որ ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է, նա էլ, ուսապարկերին հակառակ, պարգևատրեց ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, որը Գրիգոր Մինասյանի կադրերից է, և, ըստ լուրերի, նրա օրերն էլ են հաշված: Ի դեպ, Քյարամյանին հեռացնելու ուղղությամբ ամենաակտիվ աշխատողը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը Փաշինյանի ականջին շարունակ «կաթացնում» է Քյարամյանի դեմ»: