Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր դոլարների վնասի համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել»․ Ոսկան Սարգսյան

167
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 11:12
«Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր դոլարների վնասի համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի Ֆեյսբուքյան գրառումը․ «Սուպերկոռուպցիան Նիկոլի թվին, Աղստևի հունին, Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր դոլարների վնասի համար 3 տարում ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, վնասի չափերը չեն ճշտվել․
2020 թվականից Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստև գետի հունը փոխելու, գետի հունում երկար, մեծ բետոնե պատ կառուցելու հետևանքով դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, ծառայգում չորացել են շուրջ 25 000 տնկիներ, 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնցից մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ Հայտնի չէ, թե դրանից հետո ինչ տրամաբանությամբ բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող Իջևանի դենդրոպարկից 5,7 հեկտար տրվել է բնությանը միլիոնավոր դոլարների վնաս տված Իջևանի գինու, կոնյակի գործարանին։ 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լևոն Գաբրիելյանի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Սակայն գործարանը դրանից հետո շարունակել է կառուցապատումը, և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է բնությանը պատճառված վնասի չափերը պարզելու համար փորձաքննություն, որը, սակայն, անցած 3 տարում չի անցկացվել։
Սեպտեմբերի 24-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, նրան ուղղելով հետևյալ հարցերը․
1․ Աղստև գետի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջևանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու և գետի հունում ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել: Անցել է գրեթե 3 տարի, այդ քրեական գործով որև մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է:
2․ Հիշյալ քրեական վարույթով քննչական մարմնի կողմից փորձաքննություն է նշանակվել, ըստ այդ փորձաքննության որքա՞ն է կազմում շրջակա միջավայրին, Աղստև գետին, Իջևանի դենդրոպարկին պատճառված վնասը։

3․ Ըստ գործող օրենսդրության՝ որքա՞ն ժամանակ կարող է շարունակվել նշված քրեական գործի քննությունը։
4․ Նշված քրեական վարույթով չի՞ խախտվել ողջամիտ ժամկետում քննություն անցկացնելու ժամկետը։ Սեպտեմբերի 26-ին ստացել եմ ՀՀ քնչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կ․ Շառոյանի ստորագրությամբ պատասխան, ուր նշված է․ «Ի պատասխան սույն թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված հարցման, հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված քրեական վարույթը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն՝ նախաքննության հետագա կատարումն ըստ քննչական ենթակայության փոխանցելու հարցը քննարկելու նպատակով»։
3 տարի քննում են քրեական վարույթը, «Իջևան քաղաքի մարգարիտին»՝ դենդրոպարկին միլիոնավոր դոլարների վնաս է պատճառվել, սակայն քրեական վարույթով ոչ մեղադրյալ կա, ոչ էլ պատճառված վնասի չափն է որոշվել, հիմա էլ քրեական վարույթը ըստ քննչական ենթակայության փոխանցելու հարցն են քննարկելու։ Սա նիկոլի թվի սուպերկառուպցիան է, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևանում։
Լուսանկարում Նիկոլ Փաշինյանի կողքին քայլող բարձրահասակը Իջևանի գինու, կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Էմին Եղիազարյանն է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան