Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանական պրոպագանդան այսօր հիշատակում է «Դարի գործարքի» 30-ամյակը»․ Հակոբ Բադալյան

61
Այսօր, 13:06
«Ադրբեջանական պրոպագանդան այսօր հիշատակում է «Դարի գործարքի» 30-ամյակը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական պրոպագանդան այսօր հիշատակում է «Դարի գործարքի» երեսնամյակը: 1994 թվականի սեպտեմբերի 20-ին կնքվել է Ադրբեջանի նավթագազային ռեսուրսների շահագործման վերաբերյալ մեծ պայմանագիրը, որին մասնակցել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք՝ Բրիթիշ Պետրոլիումը, Ամոկոն, Ստատոյլը, Լուկոյլը, Դելտան, և այլք՝ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից:

Իհարկե բաժնեմասերը եղել են տարբեր և Ադրբեջանի խոշորագույն գործընկերը այդ առումով եղել են բրիտանացիները, բայց տեսնում ենք, որ տարբեր աշխպարհաքաղաքական կենտրոններ ունեցել են իրենց փայը: Ժամանակի ընթացքում Ադրբեջանի տնտեսության մեջ իր փայով մտել է նաև Ֆրանսիան:

Ի դեպ, Արցախի էթնիկ զտման եզրափակկիչ գրոհից մոտ քսան օր առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Ալիեւը Բաքվում ընդունել էր ֆրանսիական նավթագազային հսկայի՝ Տոտալի գործադիր տնօրենին եւ քննարկել ընթացիկ ու նախանշվող ներդրումային ծրագրեր:

Այսօր, ի դեպ, նորվեգական ընկերության բաժնեմասն Ադրբեջանի նավթագազային սեկտորում, ձեռք է բերել Հնդկաստանի գազային խոշորագույն կորպորացիան:

Սա է աշխարհը, ոչ թե այն երեւակայությունները, որոնցով մենք կերակրում ենք ինքներս մեզ՝ բարեկամների ու թշնամիների վերաբերյալ քարեդարյան կամ «դասագրքային» պատկերացումներով, նաեւ միջազգային քաղաքականության վերաբերյալ՝ ծայրահեղությունից ծայրահեղություն կաղապարներով:

Հայաստանն անշուշտ իր տնտեսական գրավչությամբ չէր կարող համարժեք մրցակցել Ադրբեջանի նավթագազային ռեսուրսի հետ, բայց Հայաստանն ամբողջապես ռեսուրսազուրկ պետություն չէր, ուներ գրավչության կամ հետաքրքրության իր տրամաչափը, որի հանդեպ ամբողջական համարժեքության քաղաքականության պարագայում Հայաստանն էլ կարող էր միահյուսել տարբեր խոշոր ներդրումային ծրագրեր եւ տնտեսական շահեր, որոնք մի կողմից կբարձրացնեին Հայաստանի տնտեսության արտադրողական-արտահանելի ներուժը, մյուս կողմից թույլ կտային այդ շահերի բազմազանեցման եւ համադրման միջոցով բարձրացնել Հայաստանի քաղաքական ճկունությունը:

Դա է միջազգային հարաբերություններ ասվածը, դուր ագ մեզ, թե ոչ՝ պայքար ռեսուրսների համար եւ պայմանավորվածություններ դրանց տնօրինմեն և օգտագործման շուրջ: Մնացյալը, ընդամենը այդ պայքարի գեղեցիկ փաթեթավորումներ են, որոնք միամիտ հանրությունների ու պետությունների համար են միայն դառնում «կրեդո»:

Ըստ այդմ, ուզո՞ւմ եք չափել Հայաստանի հեռանկարները, ուրեմն չափեք տնտեսության հետ տեղի ունեցողը, տնտեսության մասշտաբը, կառուցվածքը, արտաքին ներդրումների մասշտաբը, դրանց տրամաբանությունը, դրանց աշխարհագրությունը: Ներդրումների, այլ ոչ թե զանազան օգնությունների՝ լինի վարկ, թե դրամաշնորհ, որոնք ընդամենը քաղաքական «պատանդառության» գործիքներ են»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան